05 01 2021

Ո՞վ ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց արցախյան աղետի հետևանքով. «Դրօշակ»

Ո՞վ ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց արցախյան աղետի հետևանքով. «Դրօշակ»

Հրադադարի վերաբերյալ հոկտեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը դարձավ վերջնագիր ՀՀ-ի համար և ռազմական առաջին հաղթանակը 1918 թ. քեմալա-բոլշևիկյան դավադիր ծրագրի հետևանքով ծնված Ադրբեջան արհեստածին պետության և ադրբեջանցի կոչված ցեղախմբի համար: Թուրքերի ռազմուժի աջակցությամբ, Ն. Փաշինյանի դավաճանության հետևանքով ազերիների տարած հաղթանակը, տասնամյակների հայատյացության գաղափարախոսությունը հենք կդառնան ազերիների մոտ ազգային ինքնագիտակցության ձևավորման համար: Հաղթանակ է տոնում նաև Թուրքիան, որը 100 տարվա բացակայությունից հետո վերահաստատեց իր ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում: Ռազմավարական տեսանկյունից Թուրքիան մանրակրկտորեն էր ծրագրել պատերազմը: Մեկ տասնամյակ առաջ սկսելով` վերջին 2-3 տարիներին նա ինտենսիվորեն վարժեցնում և զինում էր ադրբեջանական բանակը, օր օրի գրանցում էր նրա դիրքային հաջողությունները սահմանների երկայնքով, ապահովում էր ապագա հարձակման դիվանագիտական քողարկումը: Սա նաև Ռ. Էրդողանի դիվանագիտական հերթական հաղթանակն է թե՛ Արևմուտքի և թե՛ Ռուսաստանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Իրանին, որի գլխին կախված է իսրայելա-ամերիկյան ռազմական հարվածի սպառնալիքը, ապա նա ստիպված է համակերպվել կատարվածի հետ և հուսալ, որ ռուսների հետ կկարողանա կանխել Թուրքիայի ազդեցության շեշտակի աճը տարածաշրջանում: Ունենալով Ռուսաստանի և Թուրքիայի հետ համագործակցության փորձ Սիրիայում` Իրանը փորձում է այս դեպքում էլ լինել երրորդ կողմ և, հիմնվելով Արևմուտքի ու երկու գործակիցների հակասությունների վրա, թույլ չտալ Ադրբեջանը դարձնել ռազմավարական պլացդարմ` իր վրա հարձակվելու համար:

Արցախյան պատերազմի հետևանքները բավարարեցին նաև ԱՄՆ-ին: Վերջին հաշվով` տարածաշրջանում նրա աշխարհաքաղաքական ծրագրերի մի մասն իրականացավ: Օրինակ` ՆԱՏՕ-ն` ի դեմս Թուրքիայի, գրանցեց իր ներկայությունը Ադրբեջանում, ապահովվեց Իսրայելի ռազմական մասնագետների և հետախույզների «դիտորդական» ներկայությունը Իրանի հյուսիսում:

Մնում է օգտագործել ստեղծված իրադրությունը և, քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական ճնշում գործադրելով, պարտադրել Ադրբեջանին կատարել հաջորդ քայլերը. Վրաստանի օրինակով ինտեգրվել ՆԱՏՕ-ին և դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, ավարտին հասցնել Իրանի շրջափակումը և մասնակցել այդ պետության հնազանդեցմանը և այլն: Նրանք բավարարված են նաև Հայաստանում գունավոր հեղափոխության միջոցով իշխանության եկած դրածոյի կողմից իրենց հանձնարարականների` հաջողությամբ կատարված լինելու առումով:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթն անակնկալի բերեց եվրոպացիներին: ՄԽ համանախագահող երկիր Ֆրանսիային չէին էլ տեղեկացրել այդ փաստաթղթի ստորագրման մասին: Փաստորեն, Ռուսաստանը և Թուրքիան խաղից դուրս թողեցին Ֆրանսիային և, ի դեմս այդ երկրի, Եվրամիությանը: Իհարկե, վերջիններիս համար դա դիվանագիտական ակնհայտ պարտություն էր: Եվ այդ պարտությանը նրանց հասցրեց Էրդողանը` վրեժխնդիր լինելով Էմանուել Մակրոնից իր հասցեին ասված քննադատական արտահայտությունների համար: Էրդողանը հայտնի է իր քինախնդրությամբ: Վստահաբար նա է համոզել ռուսներին նախօրոք չտեղեկացնել եվրոպացիներին փաստաթղթի ստորագրման մասին, իսկ Փաշինյանին պետք էլ չէր համոզել, որ նա իր դավաճանության մասին աշխարհով մեկ չհայտարարի:

Եվ վերջապես անդրադառնանք Ռուսաստանին, որը երկու դար իշխել է Հարավային Կովկասում և այսօր էլ բացառիկ դերակատարություն ունի տարածաշրջանում: Ինչի՞ հասավ և ի՞նչ ձեռք բերեց այս պետությունը Արցախյան պատերազմի հետևանքով:

Ռուսական պաշտոնական ԶԼՄ-ները, քաղաքագետներն ու վերլուծաբանները հրադադարի ստորագրումը համարում են Ռուսաստանի դիվանագիտական հաղթանակը: Նրանք նշում են, որ այն ժամանակ, երբ ՄԽ համանախագահող երկիր ԱՄՆ-ն զբաղված էր ընտրություններով և Թրամփ-Բայդեն մենամարտով, իսկ նախագահ Է. Մակրոնը՝ Ռ. Էրդողանի հետ լեզվակռիվ տալով կամ բելառուսցի ընդդիմադիր Տիխոնովսկայային ոգևորելով` շարունակելու իշխանության համար պայքարը, ռուս դիվանագետները հետևողական աշխատանք էին տանում պատերազմը կանգնեցնելու և կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու ուղղությամբ: Եվ նրանց դա հաջողվեց:

Նշվում է նաև, որ Ռուսաստանը ռազմաքաղաքական հաղթանակ տարավ` տեղակայելով իր զինվորական կոնտինգենտը զինադադարի պահին ձևավորված շփման գծի ողջ երկայնքով: Իհարկե, սա ևս հաղթանակ էր: Մինչ Արևմուտքում քննարկում էին հայ-ադրբեջանական բախման գծում ՄԱԿ-ի դրոշի ներքո տեղակայվելիք խաղաղապահների կոնտինգենտի ազգային կազմի հարցը, ՌԴ զորախումբը նոյեմբերի 10-ին մտավ Արցախ: Ըստ համաձայնագրի` նորագույն տեխնիկայով զինված 2 հազարանոց զորախումբը կտեղակայվի Արցախի սահմաններին 5 տարով, հետագայում անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 5 տարով և այդպես շարունակ: Այսպիսով` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմաններն ամբողջությամբ կլինեն ռուսական բանակի հսկողության ներքո, որը կերաշխավորի հայ ժողովրդի անվտանգությունը: Հայկական տարածքներում ՌԴ-ն, բացի Գյումրիի ռազմաբազայից, կստեղծի ևս մեկը և, օգտագործելով նաև Ստեփանակերտի օդանավակայանը, կունենա երկրորդ հզոր զորախումբը Հարավային Կովկասում: Ռուսները հպարտությամբ են նշում, որ ՌԴ-ն կատարեց խաղաղարարի իր առաքելությունը և դադարեցրեց արյունալի պատերազմը: Մի՞թե սա հաղթանակ չէ: Իհարկե, սա Ռուսաստանի և անձամբ Պուտինի հերթական հաղթանակն է: Այդ շարքում նշենք միայն Հարավային Օսեթիան, Աբխազիան, Ղրիմը և Սիրիան: Բայց կա մի հանգամանք, որը ռուս քաղաքագետները չեն կարող անտեսել. դա նշված հաղթանակների ոչ լիարժեք լինելն է: Այս հանգամանքը անլիարժեքության բարդույթ է առաջացնում նրանց մոտ և դառնացնում է այդ հաղթանակի քաղցր զգացումը: Օրինակ` 2008 թ. պատերազմում ռուսները հաղթեցին վրացիներին, հռչակեցին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, բայց կորցրին Վրաստանը: 2015 թ. վերադարձրին Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը հռչակեցին իրենց անկախությունը: Բայց դրա հետ մեկտեղ, ի դեմս Վրաստանի և Ուկրաինայի, ձեռք բերեցին ՆԱՏՕ-ի կամակատար, գրեթե թշնամի հարևաններ: Հիշեցնենք նաև տնտեսական պատժամիջոցների տարեցտարի ընդլայնվող ցանկը:

Արցախյան հակամարտության կարգավորման այս փուլում լիարժեք չէ նաև ռուսական քաղաքականության հաղթանակը: Դա հասկանալու համար անդրադառնանք այն մաքսիմում ծրագրին, որ ՌԴ-ն նպատակ ուներ իրականացնելու Հարավային Կովկասում: Ինչպես նշեցինք, ձեռքից բաց թողնելով Վրաստանը, Ռուսաստանը պետք է աներ ամեն ինչ` իր ազդեցության ոլորտում պահելու Ադրբեջանն ու Հայաստանը: Դրա համար մեծ հնարավորություն էր ընձեռում ղարաբաղյան հակամարտությունը` քաղաքական և դիվանագիտական միջոցներով շահարկելով այդ հակամարտությունը, հավասարակշռելով կողմերի ռազմական, քաղաքական և դիվանագիտական կախվածությունը Ռուսաստանից` պահելու նրանց իր շահերի դաշտում:

Մինչև 2016-17 թթ. այդ քաղաքականությունն ընդհանուր առմամբ արդյունավետ էր: Սակայն աննախադեպ ճնշման ենթարկվելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Ղրիմի վերամիավորման և Սիրիայում ռազմական ներգրավվածության պատճառով` Ռուսաստանը թուլացրեց իր վերահսկողությունը այն գործընթացների նկատմամբ, որոնք արդեն ընթանում էին Հարավային Կովկասում: ԱՄՆ-ն և ԵՄ-ը քաջատեղյակ էին, թե ինչպես է Թուրքիան, օգտագործելով իր հեղինակությունը, որպես ՆԱՏՕ-ի ավանգարդ երկիր, բոլոր ուղղություններով իր ազդեցության տակ վերցնում Վրաստանը, ինչպես է ներքաշում իր ռազմավարական ծրագրերի մեջ` դարձնելով այն միջանցք դեպի Կասպից ծով: Գաղտնիք չէր նաև, որ Թուրքիան իր ձեռքն էր վերցրել Ադրբեջանի բանակի վերազինման, վերապատրաստման և վարժեցման գործը, հաճախակի զորավարժություններ էր անցկացնում Արցախի ու Հայաստանի սահմանների մոտ, օժանդակում էր Ադրբեջանին դիվանագիտական ճակատում:

Ստիպված լինելով հաշվի նստել և համագործակցել Թուրքիայի հետ սիրիական հարցում` այդ գնով հեռու պահելու նրան հակամարտության կարգավորման գործընթացը խաթարելու սպառնալիքներից` Ռուսաստանն արդեն ստիպված էր հաշվի նստել Էրդողանի համառ նպատակասլացության հետ նաև հարավկովկասյան հարցերում: Ստիպված էր, որովհետև ավելին անելու համար ուժերը չէին բավարարում: Որքան էլ ցավալի է Ռուսաստանի համար, և որքան էլ այդ դառնությունը քաղաքագետները քողարկեն «հաղթանակ» բառով, փաստն այն է, որ Թուրքիան այլևս Ադրբեջանում է և գնալով խորացնելու ու ընդլայնելու է իր ներկայությունը այնտեղ: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը քայլ առ քայլ դուրս է գալու Ռուսաստանի ազդեցության ոլորտից` դրանից բխող բոլոր հետևանքներով: Ռուսաստանում նաև տեղյակ էին, թե ինչ է կատարվում Հայաստանում: Չնայած ռուսական քաղաքական էլիտայի շրջանում ամրագրված ստերիոտիպին, թե «հայերը փախչելու տեղ չունեն»` նկատի ունենալով թուրքական վտանգը, ՌԴ քաղաքական ղեկավարությունը տեսնում էր, որ հայ-ռուսական հարաբերություններին սպառնացող վտանգը աստիճանաբար մեծանում է: Արդեն 2010-ական թվականների սկզբներից Հայաստանի զարգացումը դանդաղում է, տնտեսությունը լճանում է, պետական պարտքը սրընթաց ավելանում է, կրճատվում են ապրանքափոխանակության ծավալները, բանակը չի ապահովվում ժամանակակից տեխնիկայով, աճում է սոցիալական լարվածությունը հասարակության մեջ և այլն:

Ռուսաստանում տեսնում էին, որ այս պայմաններում խորանում էին արևմտամետ տրամադրությունները, ՀՀ-ն պատրաստվում էր ստորագրելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը ԵՄ-ի հետ, ներքաղաքական կյանքում գնալով ակտիվանում էին արևմտամետ ուժերը, արևմտյան տարբեր դրամաշնորհներից օգտվող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, սկսում էր թափ հավաքել հակառուսական քարոզչությունը և այլն: Նրանք տեսնում էին, որ Վրաստանից և Ուկրաինայից հետո Արևմուտքը գունավոր հեղափոխություն է նախապատրաստում Հայաստանում: Այդ հեղափոխությունը կատարվեց 2018 թ. մայիսին և իշխանության բերեց արևմտյան դրածոյին ու նրա հետ հայտնի կենտրոններում պատրաստված թիմակիցներին: Կասկած չկար, որ Ն. Փաշինյանի կառավարության հենց առաջին քայլերը՝ ռուսամետ քաղաքական գործիչների ու զինվորականների վարկաբեկումը, նեոլիբերալ բարեփոխումների իրականացումը և այդ գործում Եվրամիության ֆինանսա-տեխնիկական օժանդակությունը, արտաքին քաղաքականության միանշանակ կողմնորոշումը դեպի Եվրոպա և ԱՄՆ, ուղղված են Ռուսաստանի հետ հարաբերությունների նսեմացմանը:

ՌԴ ղեկավարությունը շատ լավ էր հասկանում, որ Ղարաբաղի հարցում Փաշինյանի վարած քաղաքականությունը նպատակ ուներ ի կատար ածելով Ջ. Բոլթոնի կողմից տրված հրահանգը նաև նսեմացնելու ռուսական կողմի դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Եվ վերջապես` նրանց համար պարզ էր, որ, չնայած ռուսական կողմի և մասնավորապես Ս. Լավրովի հաճախակի և համառ նախազգուշացումներին ու կոչերին` բաց չթողնելու բանակցությունների միջոցով հարցի կարգավորման հնարավորությունները, Ն. Փաշինյանն իր անպատասխանատու հայտարարություններով քանդում է բանակցային դաշտը և տանում է պատերազմի: Ի՞նչ կարող էին անել ռուսները այս պարագայում: Թերևս միայն այն, ինչ որ արեցին: Մեր բանակի «փայլուն վերակազմավորման, խորհրդային հնացած տեխնիկայի կատարելագործման և նոր, հզոր ու ժամանակակից զենքերի ձեռքբերման» մասին ճոռոմախոսությամբ իր ժողովրդին խաբող Ն. Փաշինյանի փոխարեն Վ. Պուտինն էր ջանքեր գործադրում, որպեսզի հնարավորինս սահմանափակի Թուրքիայի մասնակցությունն այդ պատերազմում, հստակ հայտարարում էր, որ ՌԴ-ն պատրաստ է իր դաշնակցային պարտքը կատարելու Հայաստանի հանդեպ, եթե վերջինս դիմի իր օգնությանը:

Միջազգային հարթակներում իրեն եվրոպացիներից ավելի եվրոպացի ու անմնացորդ ժողովրդավար ներկայացնող ՀՀ ԱԳ նախարարի փոխարեն Ս. Լավրովն էր բանակցություններ վարում և դիվանագիտական ուղիներ փնտրում իր եվրոպացի գործընկերների հետ պատերազմը կանխելու, իսկ հետո արդեն դադարեցնելու համար: Բայց նրանք արեցին այնքան, որքան կարողացան: Ավելին կանեին, եթե դա ցանկանար դաշնակից Հայաստանը:

Արդար լինելու համար նշենք, որ արցախյան այս պատերազմում ռուսական կողմի ռազմաքաղաքական հաղթանակի անլիարժեքությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան հակադիր ուժային կենտրոնների կողմից կաշկանդված լինելու հանգամանքով: Պատճառներից էր նաև այն, որ դաշնակից Հայաստանի ղեկավարը, չնայած իրավական, քաղաքական պայմանագրային առկա հիմքերին, հնարավորություն չէր ընձեռում Ռուսաստանին օգտվելու դրանցից: Մինչև պատերազմի վերջին օրերը խաղից դուրս թողնելով Ռուսաստանին` նա հասցրեց Արցախը աղետի: Մի՞թե կարելի է չհամաձայնել ռուս քաղաքագետների այն գնահատականի հետ, որ Ն. Փաշինյանը ոչ միայն դավաճանեց իր ժողովրդին, այլև դավաճանաբար վարվեց իր միակ դաշնակցի հետ:

Վարդան Հակոբյան

«Դրօշակ», թիվ 12 (1646), դեկտեմբեր, 2020 թ.  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ