Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, սակայն այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ են նախադրյալներ:
«Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն»,-նշել է նա Ինտերֆաքսին տված հարցազրույցում՝ հավելելով, որ այդ հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում:
Հարցին՝ ինչ պայմաններում եւ Երեւանի տեսանկյունից ինչ են նշանակում բովանդակային բանակցություններ՝ Փաշինյանն ասել է. «Դա նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում»: Պատասխանի պարզաբանմանը՝ դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը՝ վարչապետը հայտարարել է. «Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է և իրավունքի պաշտպանությունը»:
«Արդեն նվազագույնը երկու անգամ հրադադարի վերաբերյալ համաձայնությունը տապալվել է: Իհարկե, Ադրբեջանը դրանում մեղադրում է հայկական կողմին, որ այդ մենք ենք խախտել պայմանավորվածությունը: Բայց մենք գիտենք, թե որն է ճշմարտությունը: Դիվանագիտական լուծում նշանակում է փոխզիջում: Եվ խնդիրը նրանում է, որ ընդհանրապես բանակցային ամբողջ գործընթացի և մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերջին տարիների պատմությունը ցույց է տվել, որ եթե Հայաստանը հայտարարում է կամ ասում է, որ այս կամ այն փոխզիջումն իր համար ընդունելի է, որը, թվում էր, մինչ այդ պահն ընդունելի է նաև Ադրբեջանի համար, բայց այն պահին, երբ Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանը պատրաստ է ինչ-որ փոխզիջման, իր համար այդ փոխզիջումը դառնում է անընդունելի: Այսինքն՝ ամեն անգամ այն պահին, երբ Հայաստանը փոխզիջման պատրաստակամություն է հայտնում, Ադրբեջանն ավելին է պահանջում: Եվ սա շարունակվում է արդեն 9 տարի կամ նույնիսկ՝ ավելի երկար ժամանակ: Ահա սա ես նկատի ունեմ՝ ասելով, որ քանի դեռ Ադրբեջանի այս դիրքորոշումը չփոխվի, ռեալ չէ խոսել դիվանագիտական լուծման մասին: Բայց Ադրբեջանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ դիվանագիտական աշխատանք կատարելն անհրաժեշտ է: Դա դիվանագիտական աշխատանք է, և ես շատ բարձր եմ գնահատում այն ջանքերը, որ ներդնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունը:
Կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Բայց, իհարկե, դիվանագիտական աշխատանք տարվում է, դիվանագիտական աշխատանքը կշարունակվի: Հայաստանը պատրաստ է եղել և պատրաստ կլինի փոխզիջումային որոշումներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը