15 10 2020

Երևանի համար կարմիր գիծը LՂ բնակչության ինքնորոշման իրավունքն է․Փաշինյան

Երևանի համար կարմիր գիծը LՂ բնակչության ինքնորոշման իրավունքն է․Փաշինյան

Հայաստանը Ղարաբաղի հարցում մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների, բայց կան կարմիր գծեր, որոնք Հայաստանը երբեք չի անցնի։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զուգահեռ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, փոխանցում է «Սպուտնիկ»-ը։

Նրա խոսքով` Երևանի համար կարմիր գիծը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է։

«Միշտ, բոլոր ժամանակներում Հայաստանը պատրաս է եղել փոխզիջումների։ Եվ ամենահայտնին Կազանյան նախաձեռնությունն է, երբ Հայաստանը պատրաստ էր կոնկրետ փոխզիջման։ Բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը, քանի որ Ադրբեջանը չէր ուզում ու չի ուզում ընդունել Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը»,– հայտարարել է նա։

ՀՀ վարչապետը նաև մեկնաբանել է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնված հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար զինադադարի համաձայնագիրը։ Դրանք, նրա խոսքով, հանրահայտ սկզբունքներ են` ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառում, ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն։

«Հարցը նրանում է, թե ինչպես են այս սկզբունքները մեկնաբանում կողմերից յուրաքանչյուրը։ Բանն այն է, որ բանակցային պրոցեսի ընթացքում պարզվեց, որ կողմերը դրանք տարբեր կերպ են մեկնաբանում։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ ղարաբաղյան հարցի լուծման համար ամենաառանցքային սկզբունքն արդեն խախտված է։ Դա ուժի չկիրառման ու ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքն է»,– ասել է Փաշինյանը։

Պատասխանելով հարցին, թե կոնկրետ ինչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը, Փաշինյանն ասել է, որ մոսկովյան համաձայնագրում հստակ քննարկվել ու արձանագրվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են բանակցային գործընթացի վերականգնման համար։ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է իրականացնել ադ քայլերը` ԼՂ խնդրի լուծման համար։

«Մենք պատրաստ են այնպիսի համարժեք փոխզիջումների, որոնց պատրաստ է Ադրբեջանը»,– ընդգծել է Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ