23 09 2020

Ինչու՞ է Փաշինյանը վախենում պատասխանել Ալիևին և Էրդողանին․ գործա՞րք Հայաստանի թիկունքում․ Politik.am

Ինչու՞ է Փաշինյանը վախենում պատասխանել Ալիևին և Էրդողանին․ գործա՞րք Հայաստանի թիկունքում․ Politik.am

Politik.am-գրում է․

«ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովներում, ընդունված ընթացակարգի համաձայն, պետությունների առաջնորդները ելույթ են ունենում, իրենց համար առաջնահերթ խնդիրների մասին։ Ի վերջո, կարելի է հասկանալ, մոլորակի թիվ մեկ հարթակն է, ամենաբարձր ամբիոնը, որտեղ այսպես ասած՝ հավաքված է ազգերի ընտանիքը եւ էլ որտեղ չխոսես քո առաջնահերթ կարեւորություն ունեցող խնդիրների, մարտահրավերների մասին, եթե ոչ ՄԱԿ ամբիոնից։

Հայաստանի ղեկավարները նույնպես ելույթներ են ունեցել այդ հարթակից եւ իրենց ելույթներում բազմակի անգամներ շեշտել են Արցախյան հիմնահարցի եւ Հայոց Ցեղասպանության մասին, պաշտպանելով Հայաստանի դիրքորոշումներն ու շահերը։ Ռոբերտ Քոչարյանն օրինակ 1998 թվականի իր ելույթում 8 անգամ հիշատակել է Ղարաբաղյան կարգավորման մասին, չորս անգամ՝ Հայոց Ցեղասպանության մասին։

«Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունում հայերի 1915 թվականի ցեղասպանությունը իր ժամանակին պատշաճ կերպով չդատապարտվեց համաշխարհային հանրության կողմից, ինչը որոշ վարչակարգերի խրախուսեց նոր հանցագործություններ կատարել»։

«Մյուս գործոնը, որը մտահոգություն է հարուցում տարածաշրջանի ռազմաքաղական կայունության համար, Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի լուրջ խախտումն է: Սպառազինությունների ցամաքային երեք տեսակների գծով մեզ հարեւան երկիրն զգալիորեն գերազանցում է պայմանագրով նախատեսված ազգային առավելասահմանը»։

«Մեր տարածաշրջանում` Անդրկովկասում, կայունության եւ անվտանգության կարեւորագույն երաշխիքներից մեկը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Հայաստանը մնում է 1994 թվականի մայիսին ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի ռեժիմի կողմնակիցը եւ կնպաստի նրա անշեղ պահպանմանը: Մենք ընդգծում ենք Մինսկի խմբի եւ նրա առանձին երկրների ներդրումը ինչպես հրադադարի ռեժիմի պահպանման, այնպես էլ միջնորդության գործում: Ցավոք, ներկայումս բանակցությունների գործընթացը հայտնվել է փակուղում: Մենք այն կարծիքին ենք, որ ստեղծված փակուղու հիմնական պատճառներն են բանակցությունների գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության հստակորեն չորոշված կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի ընտրված ղեկավարության հետ անմիջական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը, ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է պնդել իր նախապայմանները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, ինչը պետք է ընդունվի բուն բանակցությունների ընթացքում: Միջազգային հանրությունը պետք է շարունակի առավելագույն ջանքեր գործադրել այդ խոչընդոտները վերացնելու համար: Մեր կարծիքով, հակամարտության խորությունն ու առանձնահատկությունները ենթադրում են դրա կարգավորման ոչ ստանդարտ մոտեցումներ, որի հիմքում պետք է ընկած լինեն հակամարտության կողմերի իրավահավասարության սկզբունքները, Լեռնային Ղարաբաղի անկլավայնության բացառումը եւ նրա բնակչության անվտանգության միջազգային երաշխիքը: Հայաստանը պատրաստ է առաջ ընթանալ: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում առանց նախապայմանների վերսկսել ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման բանակցությունները»։

Մեջբերված հատվածները ՀՀ երկրորդ նախագահի՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ունեցած ելույթից են։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ 15 անգամ է շեշտել Արցախը եւ 9 անգամ՝ Հայոց Ցեղասպանության հարցը։

«Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից և կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Կգերադասեի խոսել խաղաղության, առաջընթացի և համագործակցության մասին, սակայն, ցավոք, մենք այդ փուլից դեռ շատ հեռու ենք: Ուստի, պարտքս եմ համարում բացատրել, թե ինչու ենք այդքան հեռու այդ բաղձալի հանգրվանից: Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարի նոր փուլը մեկնարկեց գրեթե 30 տարի առաջ: Ի պատասխան Արցախի հայության ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման խաղաղ կոչերի և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի՝ Ադրբեջանը դիմեց ուժի կիրառման: Պաշտոնական Բաքվի այդ քաղաքականության գագաթնակետն էին Ադրբեջանի հայ բնակչության ջարդերը, էթնիկ զտումներն ու զանգվածային տեղահանումները: Երբեմնի հայաբնակ ամբողջ շրջաններ հայաթափվեցին, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ շարունակում է հետևողականորեն ոչնչացնել իր վերահսկողության ներքո գտնվող հայկական հսկայական մշակութային և հոգևոր ժառանգությունը: Ակնհայտ է, որ այդ պայմաններում Արցախի ժողովուրդն այլ ընտրություն չուներ, քան ինքնապաշտպանության դիմելը.....Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են...»։

Մեջբերված հատվածը Սերժ Սարգսյանի վերոնշյալ ելույթից է։ Որեւէ ընթերցող կարող է ինքնուրույն պարզ համեմատական վերլուծություն կատարել, ու փորձել հասկանալ այս երկու պետական գործիչների մտածողությունը, այն կատեգորիաները եւ արժեքները, որոնցով առաջնորդվում են նրանք։

Զուգահեռ, անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ որպես Հայաստանի ղեկավար ունեցած երկու ելույթներից՝ Պատվո եւ Պատասխանատվության ՄԱԿ բարձր ամբիոնից։ Որքան էլ զարմանալի կարող է հնչել, սակայն այդ ամբիոնից Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական, հակա-հայաստանյան ելույթներին ոչ մի արձագանք կամ հակազդեցություն չեղավ Հայաստանի վարչապետի կողմից։ Սա այն դեպքում, երբ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը ՄԱԿ բարձր ամբիոնն օգտագործեցին, որպեսզի Հայաստանի դեմ արշավ իրականացնեն, ներկայանան որպես անմեղ զոհ եւ Հայաստանին ներկայացնեն որպես միջազգային իրավունքի նորմերը խախտող ագրեսոր երկիր, որպես «Հարավային Կովկասում խաղաղությանը խոչընդոտող հիմնական գործոն» եւ «Ղարաբաղյան բանակցություններին լուրջ հարված հասցնող»։

Սա տեխնիկական հարց չէ այլեւս, այլ հստակ իրողություն, որը տպավորություն է ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ բաներով կաշկանդված է, կամ գուցե իր տեսակետները հենց այնպիսին են, ինչպես ինքն իրեն դրսեւորում է՝ «քիրվայասեր» եւ չհակազդող»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ