09 09 2020

«Պետություն՝ պետության մեջ». ինչպես Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն

«Պետություն՝ պետության մեջ». ինչպես Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն

Եթե ​​1815-ի հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը անձրև չլիներ, ապա Եվրոպայի ապագան այլ կլիներ: Անձրևի մի քանի լրացուցիչ կաթիլ կտրուկ փոխեցին Նապոլեոնի ծրագրերը: Որպեսզի Վաթեռլոն Աուստերլիցի վերջը լիներ, ճակատագրին պետք էր մի փոքր անձրև։ Բավական էր, որ, չնայած տարվա այս եղանակին, ամպը սավառնի երկնքում, որ դա լինի մի ամբողջ աշխարհի փլուզման պատճառ:

Այսօր ավելի ու ավելի շատ ձայներ են լսվում այն մասին, որ «հայկական հեղափոխական էքսպերիմենտը» ձախողվել է: Իրականում «հայկական հեղափոխական էքսպերիմենտը» ձախողվեց Հայաստանի և սփյուռքի շատ քաղաքական ու տնտեսական շրջանակների, բայց ոչ հեղափոխականների մտքում:

2018-ի իրադարձությունները շատերին թույլ տվեցին կտրուկ բարձրացնել իրենց կյանքի որակը: Բայց հիմա կարևոր է հասկանալ 2018-ի հեղափոխության հիմք հանդիսացած պատճառները, քանի որ առանց այդ պատճառները գիտակցելու, ապագայում հնարավոր չի լինի խուսափել նմանատիպ սխալներից:

2018-ի հեղափոխությունը մեզ պարտադրված էր: Բայց այն պարտադրված չէր «մեդիա տեխնոլոգիաներով» և ոչ էլ նույնիսկ Սորոսի հիմնադրամի կողմից, այլ պարտադրվել էր մեր անցյալով, անցյալի սխալներով:

Մինչև 2018 թվականը Հայաստանում չէր ստեղծվել և չէր կայացել քաղաքական դպրոցը (խոսքը կուսակցական դպրոցների մասին չէ), որը կադրեր կպատրաստեր պետական ​​կառավարման համակարգում հետագայում աշխատելու համար և կօգներ իրականացնել սահուն սերնդափոխություն: Ոչինչ չէր ձեռնարկվել ազգային-պետական​​էլիտա ձևավորելու համար, որը, գիտակցելով իր ազգային շահերն ու ժամանակակից մարտահրավերները մեր պետության անվտանգության համար, պետք է հետագայում ստեղծեր ռազմավարական զարգացման մոդելներ, ինտեգրման մոդելներ և աստիճանաբար «իջեցներ» այդ գաղափարները հասարակության` քաղաքական գիտակցության մակարդակի վրա: Այդ մոդելները պիտի պարունակեին «ծրագիր», որն ի վիճակի կլիներ համախմբել ժողովրդին, որպեսզի նա իր ջանքերն ուղղեր Հայաստանը տարածաշրջանային կարևոր պետություն դարձնելու համար:

Քանի որ իշխանությունները (նաև ընդդիմությունը) չեն ձևավորել այս դպրոցը, փողը դարձել էր «քաղաքական սոցիալական «լիֆտի» աշխատանքի շարժիչը»: Իսկ եթե դու հիմնում ես համակարգ, որտեղ «փողն ամեն ինչ է», ապա պետք է հասկանաս, որ Թուրքիան, Ադրբեջանը, Սորոսը և նրա «Բաց հասարակության հիմնադրամը» շատ ավելի շատ փող ունեն, և որ վաղ թե ուշ այդ «փողի գործոնը կրակելու է»: Այս փաստի գիտակցության պակասը դարձել էր 2018-ի հեղափոխության հիմնարար պատճառներից մեկը:

Հասարակությունն ավելի շատ խոսում էր այն մասին, որ «ձայն կարելի է գնել 10 հազար դրամով», այն ժամանակ, երբ «X կամ Y հազար դրամ»-ով տեղ էր գնվում խորհրդարանում, պետական ​​կառավարման համակարգում: Երբ «X կամ Y հազար դրամով էին գնում» ակտիվ երիտասարդների «միտքն ու ոգին», ովքեր չէին ցանկանում անցնել կուսակցական դպրոցների և նախորդ իշխանության երիտասարդական ուսանողական միությունների «թրի տակով», բայց ուզում էին զարգանալ և իրենց հավակնությունների ու կարիքների բավարարման հնարավորություն ստանալ:

Իշխանափոխությանը հանգեցրած սխալներից էին թե՛ «սիրախաղերը» «քաղաքացիական հասարակության» հետ, և թե՛ այն կարծիքը, որ այն կարող է օգտագործվել ներիշխանական պայքարում:

Նախորդ իշխանություններին թվում էր, որ հնարավոր է «քաղաքացիական հասարակության» ակտիվիստների օգտագործումը, ճիշտ այնպես, ինչպես իրենք օգտագործում էին մի շարք քաղաքական գործիչների, ովքեր նախորդ իշխանությունների օրոք անգամ ստացան պատգամավորական մանդատներ ՝ Նիկոլ Փաշինյանը, Արամ Զավենի Սարգսյանը և այլն: Բայց այն «ակտիվիստները», որոնց նախկին իշխանությունները կարծում էին, որ «օգտագործում են», 2018-ին տապալեցին նախորդ ռեժիմը:

Անցյալի թերություններից էր էլ նաև այն, որ իշխանություններն իրենք էին գործընթացներն ինստիտուցիոնալ դաշտից դուրս բերում այլ տրամաբանության մեջ: Երբ քաղաքական դաշտը «դատարկվում է», երբ ինստիտուցիոնալ մեթոդներով փոփոխությունների իրականացումն անհնար է դառնում, իսկ զանգվածների արդարացված դժգոհությունն աճում է, այս ամենը դուրս է գալու «ամենաանսպասելի տեղից և ամենաանսպասելի տեսքով»… Առանց պետության ցնցումների՝ անվտանգ իշխանափոխության մեխանիզմների ստեղծումը քաղաքական համակարգի արդյունավետ գործունեության նշաններից մեկն է: Բայց երբ այն չի գործում, հասարակությունը հեղափոխություն է անում:

Ի՞նչ է, այնուամենայնիվ, հեղափոխությունը

Վաթեռլոյի ճակատամարտը կարող էր սկսվել միայն տասնմեկ անց կեսինև դա հնարավորություն տվեց Բլյուխերին ժամանակին հասնել դեպքերի վայրԻնչո՞ւՈրովհետև հողը խոնավացել էր ու դարձել փուխրիսկ հրետանին տեղակայելու համար անհրաժեշտ էր սպասել, մինչև ճանապարհները չորանան:

Հեղափոխությո՞ւն: Իշխանության զավթո՞ւմ: Իշխանափոխությո՞ւն: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում 2018-ին: Այս հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են:

«Հեղափոխություն» հասկացության տարբեր սահմանումներ կան, բայց 2018-ի հայկական գարնան իրադարձությունների հետ կապված կարելի է օգտագործել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի պատմության ինստիտուտի առաջատար հետազոտող Բորիս Կոլոնիցկիի այն սահմանումը, ըստ որի՝ հեղափոխությունը «իշխանության յուրահատուկ վիճակ» է, որը տարբերվում է այսպես կոչված «նորմալ ժամանակների» վիճակից:

Հղում անելով Մաքս Վեբերին՝ Կոլոնիցկին նշում է, որ իշխանությունը բնորոշվում է նրանով, որ կարողանում է սեփական որոշումները պարտադրել բռնության, օրենքի և իր հեղինակության միջոցով: Բայց ահա հեղափոխության ընթացքում իշխանությունը կորցնում է բռնության կիրառման իր մենաշնորհը: Այն կորցնում է նաև իր որոշումները օրենքի ուժով և հեղինակությամբ պարտադրելու կարողությունը:

«Սովորական ժամանակներում» պետությունն ունի օրենսդիր գործունեության մենաշնորհ, իսկ հեղափոխության ընթացքում այդ մենաշնորհը վիճարկվում է: Հայտնվում են «օրենսդիր այլ կենտրոններ», որոնք իրենց որոշումները համարում են ամբողջովին օրինական, իսկ մարդիկ իրենք են որոշում, թե որ «իրավական տարածքում են գտնվում», իրենք են որոշում` ում լսել կամ ում համարել օրենք:

Այսպիսով, եթե օգտագործենք վեբերական մոտեցումները, ապա հեղափոխության և «սովորական ժամանակների» միջև հիմնական տարբերությունը «հեղինակության» հատուկ դերի մեջ է, և երբ խոսում ենք հեղինակության և հեղափոխության մասին, ապա այստեղ շատ կարևոր է իշխանության անձնավորման փաստը: Հենց անձնական հեղինակության գործոնն է լինում հեղափոխությունների ժամանակ որոշիչներից մեկը:

Սա առհասարակ շատ զգայուն խնդիր է բոլոր հեղափոխությունների համար: Ենթադրվում է, որ ճգնաժամի պայմաններում մարդիկ հատկապես հակված են լինում նույնականացնել իրենք իրենց քաղաքական առաջնորդի հետ:

Այլ կերպ ասած, հեղափոխության ընթացքում շատ առումներով քաղաքական գործընթացները դուրս են գալիս ընդունված ինստիտուցիոնալ ձևերից, և իշխանությունները երբեմն պատրաստ չեն արձագանքել կտրուկ փոփոխված քաղաքական իրականությանը:

Սակայն «իշխանության յուրահատուկ վիճակը», քաղաքական գործընթացների չափազանց անձնավորվածությունը չի հայտնվել մեզանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, այս ամենին բերած խնդիրները ՀՀ-ում կային մի ամբողջ տասնամյակ, և միայն «հեղափոխական գարնանը» մեր հասարակության, քաղաքական համակարգի և պետության բոլոր հիվանդությունները «հանկարծ գլուխ բարձրացրեցին»:

Իշխանությունների ցածր լեգիտիմությունը և ընդդիմության պատասխանատվության ցածր մակարդակը

Նապոլեոնը հրետանու սպա էր, նա ինքը զգում էր, որ հողը պիտի չորանա: Նրա բոլոր ռազմական ծրագրերը հիմնված էին հրետանու վրա: Ամբողջ հրետանին նշանակված վայր բերել՝ դա նրա համար հաղթանակի բանալին էր: Նա թշնամու գեներալի մարտավարությունը դիտում էր որպես ամրոց և ռմբահարում էր այդ ամրոցը: Թույլ կետերը ճնշվում էին փամփուշտներով, հրահրվում էր մարտ և Նապոլեոնը թնդանոթներով հաղթում էր: Նրա հանճարը ճշգրիտ թիրախավորման հանճարն էր:

Նախորդ իշխանության առանձնահատկությունն այն էր, որ այն ուներ ցածր լեգիտիմություն և երկար տարիներ գոյություն ունենալով նման պայմաններում՝ մշակել էր գործելու որոշակի մեխանիզմներ՝ համակարգի ստեղծում, որը թույլ էր տալիս հաղթել ընտրություններում, «քաղաքական կուսակցությունների և գործիչների հետ աշխատելու» սպեցիֆիկ համակարգ, «քաղաքացիական հասարակության» հետ աշխատանքի համակարգ և այլն: Այլ կերպ ասած, ցածր լեգիտիմություն ունեցող իշխանությունը «քաղաքացիական պայմանագիր» կնքեց մի շարք ուժերի ու դերակատարների հետ, բայց ոչ հասարակության հետ: Հասարակության շահերն ու կարիքները հաճախ անտեսվում էին, և սա էր հիմնական սխալը: Միշտ, երբ «քաղաքացիական պայմանագիրը» շրջանցում է հասարակությանը, քաղաքական գործընթացները սկսում են ստանալ ոչ համակարգային դրսևորումներ, ինչի ականատեսը եղանք 2018 թ.։

2018-ի գարնան ամիսներից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակն իրականում ոչ այլ ինչ էր, քան այսպես կոչված «իշխանության յուրահատուկ վիճակի» շարունակություն, և Փաշինյանի իշխանությունն իր կազմավորման առաջին իսկ օրվանից սովորել էր գոյություն ունենալ «բարձր լեգիտիմության պայմաններում»: Հենց այդ բարձր լեգիտիմությունը հնարավորություն տվեց բիրտ մեթոդներով լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ (ռազմավարական խնդիրներ, որոնք բխում էին Փաշինյանի անձնական իշխանության ամրապնդման տրամաբանությունից, բայց չէին բխում ՀՀ-ի շահերից). Երևանի քաղաքապետարանի «գրավումը», խորհրդարանի «գրավումը» և հաղթանակն արտահերթ ընտրություններում, դատարանների շենքերի մուտքերի արգելափակումը և գործնականում գործադիր իշխանությունից կախված դատական​​իշխանության համակարգի հաստատումը:

Հիմա արդեն ակնհայտ է, որ իշխանությունների վարկանիշն այսօր դեռ բարձր է, բայց այլևս հնարավոր չէ խոսել այն մակարդակի աջակցության մասին, որն եղել է 2018 թ.: Գործնական քաղաքական դաշտում սա նշանակում է, որ այն խնդիրները, որոնք նախկինում կարող էին «լուծվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում», այժմ իշխանությունների համար դարձել են գործնականում անլուծելի: Այդ պատճառով, 2018-ի գարնանը «չլուծելով Սահմանադրական դատարանի հարցը», վարչապետը ստիպված էր 2020-ին նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, որոնցով, ի թիվս այլնի, նախատեսում է վերացնել Սահմանադրական դատարանի ինստիտուտը և 2021 թ. գնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի:

Բայց իշխանությունների լեգիտիմությունը նվազում է, և շուտով կրկին կվերադառնան իրենց «բնականոն վիճակին»՝ ցածր լեգիտիմությամբ գոյության պայմաններին: Եվ կարևոր է, որ այդ «X-ժամին» արդեն ձևավորված լինի այն բևեռը, որն այդ դժվար պահին պատրաստ կլինի ստանձնել պետության կառավարման ծանր պատասխանատվությունը

Այս համատեքստում կարևոր է նաև ասել, որ նախորդ իշխանության ցածր լեգիտիմությունը «հարմարավետ պայմաններ» էր ստեղծում նաև ընդդիմության համար:
Երբ իշխանությունը ցածր լեգիտիմություն ունի, դա «ընդդիմությունից վերացնում է պատասխանատվության մեծ բեռը», և ընդդիմությունն առաջադեմ գաղափարներ գեներացնելու, իր կառույցները ինստիտուցիոնալացնելու, նոր կադրեր ներգրավելու փոխարեն՝ կարող է կեղծ օրակարգեր սպասարկել, իշխանությունների մասին միֆեր «մտցնել» մարդկանց գիտակցության մեջ:

Նման կեղծ գաղափարների շարքին կարելի է դասել այն, որ «իշխանության մեջ վատ մարդիկ են», իսկ ահա «ընդդիմության մեջ լավ մարդիկ են»: Որ «Հայաստանին անհրաժեշտ է ընդամենը մեկ արդար ընտրություն, և ամեն ինչ իր տեղը կընկնի», որ «կոռուպցիայի, սոցիալական անարդարության, տնտեսական զարգացման խնդիրները լուծելու համար ոչ թե ծրագրեր ու գաղափարներ են պետք, այլ միայն քաղաքական կամք»: Նման պայմաններում ընդդիմությունը կարիք չուներ հստակ ծրագրավորել իր գործողությունների մարտավարությունը և ռազմավարությունը, բավական էր միայն ասել, որ «իշխանությունները կոռումպացված են, մոնղոլ-թաթարներ են», և ատելության այդ ալիքի վրա մարդկանց հավաքել հրապարակում և փորձել իրականացնել քաղաքական գործընթաց:

Նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել ընդդիմության նախաձեռնությունները, որոնք գործողությունների հստակ ծրագիր ունեին և միտված էին համախմբման (պետք է ընդգծել, որ 2018-ի իրադարձությունները այդ շարքին չեն դասվում):

Հետհեղափոխական Հայաստանի քաղաքական գործընթացների խնդիրն այն է, որ քաղաքական ուժերի մի մասը մնացել է «անցյալի գործընթացների տրամաբանության» մեջ: Այս ուժերը կարծում են, որ իշխանափոխություն իրականացնելու կամ գոնե քաղաքական ուժերի դասավորվածությունը փոխելու համար անհրաժեշտ է միայն հայտարարել, որ «կառավարությունն անարդյունավետ է աշխատում», «իշխանության մեջ գտնվողները կոռումպացված են»… Նրանք հավատում են, որ սա ինքնաբերաբար կհանգեցնի փոփոխությունների կամ թույլ կտա փողոցը հակադրել իշխանությանը: Սա հիմնարար սխալ է, որն արդեն 2 տարի է, ինչ խանգարում է Հայաստանում քաղաքական գործընթացները բերել նոր փուլի: Այս իմաստով «հին Հայաստան» այլևս գոյություն չունի, և անցյալի քաղաքական «կաղապարներն» այլևս չեն գործում:

Ի՞նչ անել

1815 թ. հունիսի 18-ին նա առավելապես հույսը դնում էր հրետանու վրա, քանի որ դրա թվային գերազանցությունը Նապոլեոնի կողմն էր: Վելինգտոնն ուներ ընդամենը 150 հրետանի, իսկ Նապոլեոնը` 240: Պատկերացրեք, եթե հողը չոր լիներ, հրետանին ժամանակին հասներ, իսկ մարտը սկսվեր առավոտյան վեցին… Այն կավարտվեր ցերեկը՝ երկուսին, այսինքն՝ վերմանացիների ժամանումից երեք ժամ առաջ:

Իշխանությունների լեգիտիմության մակարդակի անկմամբ նվազում է նաև հասարակական համաձայնության մակարդակը, ինչը նոր իրողություն է ստեղծում ընդդիմության համար: Ըստ քաղաքագիտական կանոնների՝ համաձայնության ցածր մակարդակ ունեցող հասարակության մեջ ընդդիմությունը կատարում է մի քանի գործառույթ՝ ձևավորելով և սահմանելով նոր կիրառական և նորմատիվ պրակտիկա քաղաքական դաշտում՝ ձգտելով փոխել քաղաքական համակարգը:

Առհասարակ, նման պայմաններում ընդդիմությունը պիտի իրականացնի հիմնարար մի քանի գործառույթ` իշխանությունների գաղափարների և քաղաքականության վերլուծություն, հասարակության զարգացման այլընտրանքային ծրագրերի մշակում և խթանում, որոնք տարբերվում են քաղաքական իշխանությունների մոտեցումներից, սոցիալական, մշակութային կամ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մոտեցումներից: Ընդդիմության գործառույթն է նաև նախապատրաստել ապագա իշխանական էլիտայի նոր կադրեր:

Կարևոր է նաև, որ այդ գործառույթների իրականացման գործում դրական դեր կարող է ունենալ ոչ միայն խորհրդարանում և տեղական իշխանություններում ներկայացված համակարգային ընդդիմությունը, այլ նաև ոչ համակարգային ընդդիմությունը, որի նպատակն է արմատապես փոխել առկա սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգը: Այսօր հայկական ընդդիմությունը նույնպես պետք է կատարի 2 հիմնական գործառույթ՝ վերահսկողություն և այլընտրանքի ներկայացում:

Այն, որ ընդդիմությունը դեռևս ի վիճակի չէ վերահսկել իշխանությունների գործունեությունը և առաջարկել ու կյանքի կոչել իր օրակարգը, թույլ է տալիս իշխանություններին կատարել սխալը սխալի ետեւից (քաղաքական դաշտում անհետեւանք մնացած կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը միայն ապացուցում է դա):

Դրա համար կարևոր է, որ ընդդիմությունը կատարի իր երկրորդ հիմնական գործառույթը` հասարակությանն այլընտրանք ներկայացնի: Ավելին, մենք խոսում ենք ինչպես պետության ղակավարման համար այլընտրանքային թիմի, այնպես էլ պետության զարգացման և հասարակության կյանքի բոլոր ոլորտների արդիականացման այլընտրանքային ծրագրի մասին:

Ընդդիմությունը պետք է անցնի ձևավորման և ինստիտուցիոնալացման երկար ճանապարհ: Չի կարելի իշխանության հավակնել առանց կուսակցական կառույցների լայն ցանց ունենալու, որը տեղական մակարդակում կունենա հրատապ խնդիրների ամբողջական պատկերացում և դրանց լուծման ուղին: Պատկերավոր ասած, պետության մեջ պետք է ձևավորվի այլ պետություն: Այսօր սակայն ընդդիմությունը չունի ոչ ձևավորված կառույցներ, և ոչ էլ հասարակությանը ներկայացրել է իր այլընտրանքային թիմը և ծրագիրը:

Եթե ​​մոտակա ապագայում ֆորս-մաժորները շրջանցեն երկիրը, ապա քաղաքական գործընթացների ամենակարևոր փուլերը կլինեն 2021 թվականին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2023 թվականին խորհրդարանական ընտրությունները:

Եթե ​​ընդդիմությունը հավակնում է իշխանության գալ, ապա այն պետք է ինստիտուցիոնալացվի մինչև 2021-ի հանրաքվեն, իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պիտի վերածի գործող իշխանության նկատմամբ անվստահություն արտահայտելու համազգային միջոցառման: Եթե ​​այդ «միջանկյալ նպատակը» իրականացվի 2021 թ., ապա 2023 թ. ԱԺ ընտրությունների ընթացքում շատ ավելի դյուրին կդառնա իշխանության «փափուկ» փոփոխություն իրականացնելը:

Էլիտան և առաքելության գիտակցումը

Արդյոք Նապոլեոնի մեղքի բաժինը մե՞ծ էր այն բանում, որ ճակատամարտը պարտությամբ ավարտվեց…. Իր հանճարն այն ժամանակ դեռ չէ՞ր մարել, ինչպես հավատում են շատ ականավոր պատմաբաններ: Արդյոք նա կատաղության չէ՞ր մատնվում միայն իր անզորությունը թաքցնելու համար:

Իսկ ինչո՞ւ է այդքան կարևոր ունենալ գրասենյակների լայն ցանց, ինչո՞ւ է հարկավոր պատկերացումներ ունենալ տեղական խնդիրների մասին, ամեն մի առանձին ոլորտի խնդիրների մասին: Պատասխանը կարող է տալ վերջին 2 տարվա իրականությունը, երբ իշխանության են գալիս առանց հստակ ձևավորված թիմի, խնդիրների մասին պատկերացումներ չունեցող մարդիկ, ովքեր չգիտեն` ինչպես արդիականացնել տնտեսությունը: Մարդիկ առանց «իզմերի» են, ինչը բերում է կառավարման ճգնաժամի: Պետությունը կարող է նաև չդիմանալ այն բանին, որ «լավ մարդկանց» փոխարեն գան այլ «լավ ու բարի մարդիկ»: Պետությանն անհրաժեշտ է կոմպետենտ ղեկավարություն: Ղեկավարություն, որը գիտակցում է իր պատմական առաքելությունը:

Միայն պատմական առաքելության գիտակցումը կարող է ստիպել իշխանություններին հրաժարվել «սուպերվարչապետական կոստյումից», դարձնել ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հաշվետու խորհրդարանի առջև, իրականացնել կուսակցական համակարգի բարեփոխում` կուսակցությունների մասին նոր օրենք ընդունելով, որն արդեն այս քաղաքական սկզբնային կառույցներում կձևավորի ժողովրդավարական սկզբունքներ:

Միայն իր պատմական առաքելությունը գիտակցող ու գիտելիքներով ու ունակություններով օժտված իշխանությունը կարող է լուծել սեփականության լեգիտիմության հարցը ոչ թե «կուլակաթափության» ճանապարհով, այլ օլիգարխների ու պետության միջև ձեռք բերված կոմպրոմիսի: Այս ամենը, սակայն, հնարավոր չի լինելու իրականացնել, եթե սկզբնական փուլում (ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալելու շրջանում) գործող կոնտրէլիտայի մոտ չլինեն հստակ պատկերացումներ նշված խնդիրների լուծման վերաբերյալ:

Ապագա էլիտայի համակարգի «ճարտարապետական ​​տեսքը»

Մի՞թե նա այնքան հեռու գնաց, որ «չնկատեց ստորջրյա ժայռերը», չխուսափեց թակարդներից, չտեսավ անդունդի փլուզվող եզրերը … Արդյոք նա, ում մի ժամանակ հասու էին փառքին հասնելու բոլոր ուղիները և ով իր շողշողացող կառքի բարձրությունից ցույց էր տալիս դա նրանց բոլորին, հիմա վտանգը չէ՞ր տեսնում, ու իր հետ խորտակում էր իր լեգեոնները….

Իրականում, այն հարցի շուրջ, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանի նոր իշխող քաղաքական էլիտան, կան մի քանի հիմնարար կոնֆիգուրացիաներ: Դրանք կարելի է բաժանել մի քանի մասի:

  • Իշխանության է գալիս լիովին նոր թիմ: Թիմ, որը բաղկացած է երբեք որևէ իշխող քաղաքական էլիտային չպատկանող մարդկանցից:
  • Իշխանության է գալիս թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած թիմ:
  • Ւշխանության է գալիս է’լ ավելի խառը թիմ, որի մեջ մտնում են ինչպես ներկա ու նախկին իշխանությունների ներկայացուցիչները, այնպես էլ նրանք, ովքեր երբեք որևէ իշխանության մաս չեն կազմել:

Ավելի իրատեսական և ընդունելի տարբերակը երրորդն է, քանի որ այն հնարավորություն կտա ոչ միայն համադրել երիտասարդությունն ու փորձը, այլ նաև կօգնի լուծել հասարակությունը արհեստականորեն «նորերին ու հներին», «սևերին ու սպիտակներին» բաժանելու խնդիրը: Իսկ պառակտված հասարակությունն առաջին հերթին խոցելի է արտաքին թշնամու համար, և այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որպեսզի իշխող էլիտան օժտված լինի քաղաքական կամքով և քաղաքական ու պետական ինքնագիտակցության բարձր մակարդակով: Թեև դժար, բայց իրագործելի խնդիր է:

Վերջաբան

Կարդալով հոդվածը` դուք նաև կարդացիք հատվածներ Վիկտոր Հյուգոյի անմահ «Մերժվածները» վեպից, իսկ ավելի կոնկրետ՝ վեպի երրորդ գլխի մի մասից, որի հեղինակը վերնագրել էր «1815 թվականի հունիսի 18»-ը, որը ներկայացնում է Վաթեռլոյի ճակատամարտի պատմության մի մասը: Ճակատամարտ, որն ավարտվելով այլ կերպ՝ ըստ Նապոլեոնի ծրագրերի, կարող էր փոխել պատմության «անիվի պտույտների ուղղությունը» ոչ միայն Ֆրանսիայում, այլև հնարավոր է՝ Եվրոպայում: Բայց, ինչպես տեսնում ենք, խոնավ ու փուխր հողը փոխեց ամեն ինչ: Շատ հաճախ պատահականությունները խառնվում են պատմության ընթացքին և արմատապես փոխում այն, և Վաթեռլոյի ճակատամարտի պատմությունը կարող է ուսանելի լինել մեր այսօրվա իրականության համար:

Հայկական քաղաքական մշակույթի ավանդույթներից մեկի համաձայն` ընտրական դաշինքների ձևավորումը, կուսակցությունների գրանցումը տեղի է ունենում ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ: Նման պայմաններում գրեթե անհնար է բացառել պատահականությունների գործոնը, և «խոնավ ու փուխր հողը» հաճախ խանգարում է շատերին: Հետևաբար, «դժբախտ պատահականությունների» միջամտությունը քաղաքական գործընթացներին կանխելու համար անհրաժեշտ է «արդեն երեկ» սկսել նախապատրաստվել 2021 և 2023 թվականների իրադարձություններին: Հակառակ դեպքում, պատահականության գործոնը կարող է նորից միջամտել քաղաքականությանը…

Եթե սրան հավելենք նաև հնարավոր ֆորսմաժորային գործոնը, ապա կարող ենք ասել, որ նաև իշխանությունների համար կարող է առաջ գալ «պատահականություն», և այս պայմաններում կոնտրէլիտան պետք է պատրաստ լինի օգտագործել «խոնավ և փուխր հողը», և ունենալով ձևավորված բոլոր կառույցները՝ ցանկացած պահի ունակ լինի ստանձնելու կառավարման ամբողջ բեռը:

Մենք ունենք մեկ երկիր, և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ գործարարները, և՛ մտավորականությունը, և՛ շարքային քաղաքացիները, և՛ հասարակական գործիչները հավասարապես պատասխանատու են երկրի ճակատագրի համար: Այս փաստը մեզ պարտավորեցնում է գիտակցել, որ անհրաժեշտ է հիմա մոդելավորել քաղաքական գործընթացները պատահարներից խուսափելու համար, որոնք կարող են ազդել մեր ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության վրա:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ