24 08 2020

Կդառնա՞ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հանձնարարված առաջադրանքները կատարողներից մեկը  

Կդառնա՞ Արայիկ Հարությունյանը Փաշինյանին հանձնարարված առաջադրանքները կատարողներից մեկը   

 

Ինչպես Փաշինյանն իր անձիշխանությունը պահելու համար ժողովրդին բաժանեց սպիտակների ու սևերի և քաղաքացիների սեգրեգացիա կատարեց, ճիշտ այդպես էլ Արայիկ Հարությունյանն է Փաշինյանից ստացած իշխանությունը չկորցնելու համար պառակտում Արցախի ժողովրդին և հայությանը զանազանում փաշինյանականների ու փաշինյանամերժների։

Արցախի նախագահ ընտրված Փաշինյանի «սրտի թեկնածուն» իրեն թելադրվող քայլերով Արցախ է ներմուծում վաղուց մերժված հայաստանցի-արցախցի տարանջատումը և պառակտում է հայությանը։ Այսինքն. անում է հենց այն, ինչը տարիներ շարունակ ՀՀՇ-ի միջոցավ ոչ անարդյունք արել է ադրբեջանաթուրքական քարոզչամեքենան։ Այս իրողությունն օրերս բացահայտեց հենց իր մամլո քարտուղարը, երբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ շեֆի հանդիպումը վիժեցնելու համար հայտարարեց. «Արայիկ Հարությունյանը հարգում է Արթուր Վանեցյանին, և չհանդիպելու պատճառը միայն հագեցած գրաֆիկն է»։ Իսկ երբ Երևանից ահարկու սպառնալիքների տարափ եկավ, թե` «այդ ինչպե՞ս եք համարձակվում հարգել ի՛մ քաղաքական հակառակորդին», նույն այդ խոսնակը շեփորեց. «նախագահ Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»:

Այսինքն. Արցախի նախագահի խոսնակը փաստացի հայտարարել է, որ իր շեֆը չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու կամք, սեփական հայեցողությամբ հանդիպումներ ունենալու ազատությունից զրկված է, իր քայլերը պայմանավորում է Փաշինյանի քմահաճույքով և անվերապահորեն, առանց որևէ կասկածի ընդունում է Փաշինյանի վարած քաղաքականությունը։ Իսկ երբ նրան հասկացրել են, որ շեֆին է հիմար դրության մեջ դրել, նա հերթական սխալն է կատարել` հայտարարելով թե. «նախագահը դրա հետ կապ չունի, դա իմ անձնական կարծիքն է»։

Այլ եզրակացություն դժվար է անել, երբ Արցախի նախագահի խոսնակն «ինքնագլուխ» հայտարարություն է անում։ Եվ սա այն դեպքում, երբ նա պարտավոր է իմանալ, որ ինքնիշխան պետություններում` որի իշխանությունը քաղաքակիրթ է ու իրազեկ, պետության անունից հայտարարություններ անելու իրավունք ունեն միայն 2 պաշտոնյա` պետության ղեկավարն ու արտաքին գերատեսչության ղեկավարը։ Իսկ նրանց մամլո քարտուղարները սեփական կարծիք հայտնելու որևէ լիազորություն ու իրավունք չունեն և չեն կարող ունենալ։ Հակառակը պարզ ինքնիրավչություն է` հղի ամենասոսկալի հետևանքներով։

Տեղեկություններ եղան սակայն, որ Արայիկ Հարությունյանն, այնուամենայնիվ, Արթուր Վանեցյանի հետ հանդիպել է` ծածուկ, Փաշինյանից գաղտնի։ Արցախի նախագահը հետո հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի հետ, իսկ նրա խոսնակը հայտնել է, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը կասկածի տակ դնողների իր «ցանկում» չեն նաև ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը, քանի որ նրանք «ատելություն չեն սերմանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»։ Ըստ օդում կախված լուրերի էլ` Արցախի նախագահը նեղ շրջանակում սրտնեղել է, որ եթե ինքը հակադրվի Փաշինյանին, ապա նա Արցախը կզրկի ֆինանսական օգնությունից։ Իսկ սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը ևս իրականում դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությունից, բայց սխալներ է գործում` Արցախին վնասներ տալու վախից։ Ստացվում է որ Փաշինյանը պատրաստ է վնաս հասցնել Արցախի ժողովրդին, եթե այդ երկրորդ հայկական պետության ղեկավարը իրեն խելոք չպահի։

Եթե նա չհասկանար, որ երբ Փաշինյանն է ասում «Արցախը Հայաստան է և վերջ», նկատի ունի, որ իր համար Արցախը Հայաստանի մարզերից մեկն է, իսկ ինքը` նրան ենթակա մարզպետ, ապա Վանեցյանի հետ չէր հանդիպի ու դա չէր անի ծածուկ։ Եթե նա վախենում է, որ Փաշինյանն իրեն պատժելու համար օրենքով սահմանված պետական աջակցությունը չի տրամադրի Արցախին, ուրեմն այս կերպ հաստատում է, որ սորոսական թավշյա ռեժիմի օրոք պետությունը Փաշինյանն է, որ մենք ինքնիշխան պետություն չունենք։ Իսկ սա ո՛չ միայն քրեական մեղադրանքի բավարար հիմք է, այլ նաև պետական դավաճանության անհերքելի փաստ։ Մինչդեռ նա նախ և առաջ Արայիկ Հարությունյանը, եթե վախկոտ է, ապա պետք է վախենա Արցախի ժողովրդի արգահատանքից ու ցասումից։

Այլապես ժողովրդի պառակտումը, սևի ու սպիտակի բաժանումը նոր ձևեր կստանա, ազգի արհեստականորեն, մեթոդաբար, թրքամտորեն մասնատումը կհասնի ստորագույն մակարդակի։ Մինչդեռ Արցախը 1988-ից առաջ էլ եղել է հայոց այն օրրանը, որտեղ բոլոր հայերը մոռացել են իրենց բոլոր անհամաձայնությունները և միավորվել են մեկ-միասնական ազգային գաղափարի շուրջ։ Իսկ հիմա` թավշյա իշխանափոխության բացիլի տարածման հետևանքով, հայտնվել են օտարածին ուժեր, որոնք իրենց ներքաղաքական մրցակցին ատում են, առաջնորդվում են նենգ, ակնհայտ, դարավոր թշնամու հանձնարարականերով։

Այլևս բախտորոշ անհրաժեշտություն է գիտակցել. երբ Գետաշենում, Շահումյանում, Մարտակերտում 27 բնակավայրեր ազատագրած «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանն է ասում «Արցախը Հայաստան է և վերջ», դա նշանակում է, որ նա հայ ժողովրդի միասնության գաղափարակիրն է ու ազգային-ազատագրական պայքարի մարտիկ։ Իսկ երբ նույն բառերը կրկնում է դասալիքը և դա անում է անտեղի, բայց որպես երկրի ղեկավար, դա նշանակում է, որ նա Հայաստանն ու հայությանը դարձնում է թիրախ, աշխարհաքաղաքական կեղտոտ խաղի պարտվողական, թույլ, մեղավոր, պասիվ մասնակից։

Սա՛ հաստատեց BBC-ի զրուցավարը օրերս, երբ Փաշինյանին վերագրեց ադրբեջանաթուրքական ռազմատենչության մեղքը. «Ձեր հայտարարություններով Դուք էապես նպաստեցիք լարվածության մեծացմանը. ինչո՞ւ Ստեփանակերտում հայտարարեցիք «Արցախը Հայաստան է և վերջ» և վանկարկեցիք ազգայնական կոչեր, ինչը կարելի է դիտել Ադրբեջանի նկատմամբ ուղղակի սադրանք»։ Հիշեցրեց նաև, որ Փաշինյանը չի կատարել «բոլոր հայկական օկուպացիոն զորքերը գրավյալ տարածքներից անհապաղ և անվերապահորեն դուրս բերելու» և «տարածքներ` խաղաղության դիմաց», ըստ էության իրեն տրված առաջադրանքները։

Հուսանք, որ Արայիկ Հարությունյանն, այնուամենայիվ, չի դառնա Փաշինյանին հանձնարարված առաջադրանքները կատարողներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ