Aysor.am-ը գրում է․ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գնահատմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունն անթույլատրելի, նեղ կուսակցական և կլանային շահերի սպասարկման բավական տգեղ դրսևորում է։
«Դա անթույլատրելի է, որովհետև Հայաստանի ու Արցախի մեջ երբեք տարբերություն չի եղել, և Արցախի նախագահը Հայաստանի քաղաքական ուժերին իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ընկալել է որպես գործընկեր՝ անկախ նրանից, կլինի ընդդիմություն, թե՝ իշխանություն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Ղազինյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետոթյան նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ Արցախի նախագահի և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հանդիպումը չի կայացել, «քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։
Արթուր Ղազինյանի խոսքով՝ Հայաստանի ցանկացած իշխանություն, Արցախ գնալիս, միշտ եղել է շատ զգուշավոր և հաշվետու՝ իմանալով, որ Արցախն ունի բարձր սուբյեկտայնություն և բարձր սուվերենություն։
«Եվ ցանկացած գործընթաց, որն այս կամ այն կերպ առնչվել է Արցախին, կլինի անվտանգություն, տնտեսություն, քաղաքական, միշտ եղել է ամուր դիրքերի վրա։ Սա եզակի դեպք է, ինչը պետք է այսուհետ բացառվի, որ Արցախի իշխանություններն ինչ-որ կերպ կարողանան խտրականություն դնել Հայաստանի քաղաքական ուժերի միջև։ Արցախը Հայաստանի իշխանության սեփականությունը չի, չի եղել և երբեք չի էլ կարող լինել։ Դա Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, բոլորիս հայրենիքն է, որտեղ իշխանություններն ունեն պարտավորություն, հանդիպել, լսել և քննարկել խնդիրները բոլոր քաղաքական ուժերի հետ», - նշեց Արթուր Ղազինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը