29 07 2020

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել․ Նիկոլ Փաշինյան

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պարետատան նիստից հետո անցկացրել է հերթական ճեպազրույցը:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով` կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի սկզբի մակարդակին։ Իհարկե, այս համեմատությունը հարաբերական է, որովհետև, ցավոք, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների վիճակագրությունը նվազել է ոչ միայն բուժումների, այլ նաև մահվան դեպքերի պատճառով։ Այսօրվա դրությամբ` Հայաստանում 723 մահ է գրանցվել կորոնավիրուսից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է՝ ակնհայտ է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարման փուլ է սկսվել և հակահամաճարակային միջոցառումների անկյունաքարը դիմակների պարտադիր կրումն է փակ ու բաց տարածքներում։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ ճեպազրույցի նպատակը ոչ այնքան համաճարակային իրավիճակի բարելավման մասին հայտնելն է, այլ ահազանգելն է, որ թվերի նվազման և համաճարակային իրավիճակի բարելավման ֆոնին քաղաքացիները չթուլացնեն զգոնությունը, որովհետև հնարավոր է շատ արագ վերադառնալ նախկին իրավիճակին և թվերի շատ լրջագույն ավելացում ունենալ։

«Ուզում եմ հիշեցնել, որ նման նախազգուշական ահազանգերով հանդես էինք գալիս հունիս-հուլիսին արձանագրված պիկի ժամանակ և, հույս ունենք, որ այս անգամ մեր ահազանգին հանրության վերաբերմունքը կլինի մի փոքր այլ։ Այսինքն՝ անկախ բոլոր հանգամանքներից, անկախ լավատեսական լուրերից, հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն, մանավանդ, որ տեսել ենք երկրներ, որոնք որոշակի բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և այնտեղ իրավիճակը շատ արագ վերադարձել է նախկին մակարդակին կամ ավելի է վատթարացել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ինքը տեղյակ է, որ մեր շատ քաղաքացիներ այս թվերի ֆոնին ակնկալում են սահմանափակումների թուլացումներ: «Սահմանափակումների թուլացումը մեր ամենօրյա օրակարգի հարց է և բոլոր այն դեպքերում, երբ տեսնում ենք, որ կա այդպիսի օբյեկտիվ հնարավորություն, մենք դա օգտագործում ենք»,- նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ դժվար թե օգոստոսին օդային փոխադրումները բացվեն: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին արձակուրդն անցկացնել Հայաստանում՝ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ