16 07 2020

100 հոգանոց «Յաշմա» ջոկատի մոտ 40%-ը զոհվել է գիշերը. Արծրուն Հովհաննիսյան

100 հոգանոց «Յաշմա» ջոկատի մոտ 40%-ը զոհվել է գիշերը. Արծրուն Հովհաննիսյան

Սա կոնկրետ հանցագործություն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը այն մասին, որ կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին։

«Օրվա ընթացքում ադրբեջանական քարոզչությունը փայլեց հերթական գլուխգործոցով, պաշտոնապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից հայտարարվեց Մեծքամորի ատոմակայանին հարվածելու մասին: Որեւէ պաշտոնական հաղորդագրություն, հայտարարություն Հայաստանի ԶՈւ մարմինների կողմից չի եղել որեւէ նման քաղաքացիական կամ ռազմավարական, կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին: Ավելին, ես հայտարարեցի, որ նույնիսկ ադրբեջանական գյուղերում որեւէ տուն չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր քաղաքական  գործիչները, մեր դիվանագիտական կորպուսը այս հարցը բարձրացնում են համապատասխան մարմիններում, որովհետեւ սա շատ կարեւոր եզրակացության տեղիք պիտի տա` սա կոնկրետ հանցագործություն է»,-ասաց նա:

Հայկական ԶՈւ վերահսկողության տակ էլի կան տարածքներ, որտեղ կան ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ:

«Օրվա ընթացքում հայկական ԶՈւ-ն թույլ է տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերը իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, եւ մի հետաքրքիր բան պիտի ասեմ, որ սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան ադրբեջանական զինված ուժերի  զինծառայողների դիակներ: Ադրբեջանական մամուլը այս մասով կեղծիքներ տարածեց  եւ այստեղ առաջացել  է զավեշտալի հակասություն: Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ոնց էին մեր վերահսկողության տակ, եւ ինչու էին թույլատրություն կամ կրակի դադարեցում խնդրում, որեսզի այդ դիակները հանվեն: Հետեւությունները թողնում եմ բոլորին։

Մենք փաստացի, ֆոտոապացույցներով այս պահին ունենք 10 դիակի դուրսհանման փաստ: Այս մասին բրիֆինգին հայտարարեց Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին արդյոք կա հաշվարկ, թե ադրբեջանցիները ինչ քանակի զոհ են տվել գիշերվա ընթացքում:

«Եթե հաշվենք, որ այստեղ տասն են, կան այլ տեղանքներ որտեղից հանված չեն, ինչու չէ նաև բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշտում, բնականաբար, շատ զոհեր էլ կարող էին իրենց հետ տանեին չզոհված զինծառայողները: Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից զոհվում են, լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են զոհվում: Ես չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ էդ 100-ն էլ գլխովին ջախջախվել են, բայց զգալի թվով կորուստ են կրել, մոտավորապես 100 հոգանոց խմբից կարող է 25, 30 կամ 40 տոկոսը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ այսօր Ադրբեջանական զինված ուժերը Բերդի հատվածում կիրառել են մարտական  ԱԹՍ-եր, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, որից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, ևս մեկ հարված հասցվել է  ԱԻՆ-ի մեքենային, բարեբախտաբար, աշխատակիցները չեն տուժել, այլ տուժածներ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ