Երեկ առաջին անգամ հանդիպել եմ պարետատան պատասխանատուների հետ: Առաջին անգամ մենք հանրապետությունում ունեցանք 8 վարակակիր: Այս մասին ֆեյսբուքյան ուղերձում նշեց Արցախի նախագահը։
«Իհարկե, դա հիմնականում կապված է հսկիչ անցակետի ոստիկանության ծառայողների հետ, նույն ընտանիքի անդամներ եւ հարազատներ: Հիմնականում կարողացել ենք այս ընթացքում կանխարգելել վիրուսի տարածումը: Բայց քանի գնում, դա դժվարանում է, որովհետեւ այստեղի վիճակը պայմանավորված է Հայաստանում տիրող իրավիճակով: Եթե օրինակ մեկ ամիս առաջ ՀՀ-ում ընդամենը 1-2 վարակակիր կար, այսօր անցել է 10 հազարը: Հայաստանից Արցախ ամեն օր մտնում են 500-1000 հայրենակիցներ, հետեւաբար հավանակությունը շատ է մեծանում, որ այդ մարդկանց մեջ կլինեն մարդիկ, որոնք կրում են այդ վարակը»,- ասաց նա։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ սահմանը փակելն անհնար է, քանի որ մատակարարումներ են տեղի ունենում եւ տարբեր անհրաժեշտություններից ելնելով մարդիկ պետք է տեղաշարժ ունենան: Փոխարենը, քննարկում են ավելի խիստ մեթոդների անցնելու տարբերակը։ «Մենք կփորձենք խստացնել մուտքն ու ելքը, սահմանին դրվող պահանջները։ Երեկ քննարկում էինք, թե որքանով է հնարավոր սահմանին ունենալ արագ թեստավորման լաբորատորիա, որ ամեն մարդ Արցախ մտներիս այդ հնարավորությունից օգտվի, դրանից հետո թույլ տրվի մուտք գործել Արցախ: Մասնագետները դա քննարկում են, ես դրան կողմակից եմ»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Նա խոստովանեց, որ թույլ են տվել սխալներ, որի հետեւանքով հսկիչ անցակետում աշխատողն է վարակվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը