28 05 2020

Մի՛ շահարկեք, թե դիմակը թանկ է, դա կարող է պարտադիր դառնալ ամենուր․ Փաշինյան

Մի՛ շահարկեք, թե դիմակը թանկ է, դա կարող է պարտադիր դառնալ ամենուր․ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի, բայց մեր խնդիրն է, որ կարողանանք կարանտինի չվերադառնալով կառավարելի պահել իրավիճակը։ Այս մասին Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարանտինի վերադառնալու չափանիշը կոնկրետ վերակենդանացման բաժանմունքի տեղերի առկայությունն է, դա ամենամեծ չափանիշն է։ Այստեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է, որովհետև ընդհանուր վիճակագրության հետ ավելանում է նաև ծայրահեղ ծանր հիվանդների թվաքանակը։ Ոչ ոք չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի։ Սա կախված է այն իրավիճակից, որ մենք կունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ մինչ հնարավոր կարանտինի վերադառնալը, Կառավարությունը կարող է խստացման այլ մեթոդներ կիրառել։

«Մասնավորապես, կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելն ամենուր պարտադիր է, անկախ նրանից՝ բաց, թե փակ տարածքներում է։ Սա ավելի հեշտ է վերահսկել, որովհետև եթե քաղաքացին տնից դուրս դիմակով չէ, արդեն կարելի է արձանագրել, որ նա խախտում է թույլ տվել և դա հնարավոր է նաև վիզուալ վերահսկել։ Հիմա դիմակի առկայությունն է պարտադիր և սա նրա համար է, որպեսզի քաղաքացին փակ տարածք մտնելիս օգտագործի։ Երբ քաղաքացին առանց դիմակի քայլում է, մենք չգիտենք՝ նրա մոտ դիմակ կա՞, թե ոչ, իսկ ֆիզիկապես բոլորին ստուգել հնարավոր չէ»,- նշեց նա։

Վարչապետը նաև հայտնեց, որ որոնավիրուսի շուրջ իրավիճակը ցավոք սրտի, շարունակում է լարվել, երեկ նոր 442 դեպք ենք ունեցել, մահացել է 15 քաղաքացի: 

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երեւանն է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցիալ աղբյուրներն ամենուրեք են՝ աշխատանքի վայրում, տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, բանկերում, ամենուր: Հետեւաբար, այս իրավիճակից ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակի համատարած կրումը, ձեռքերի ախտահանումը պարբերաբար, սոցիալական հեռավորության պահպանումը:

Պետք է բացառել որեւէ առեւտրային կետում առքուվաճառքի գործարք, երբ եւ գնողը, եւ վաճառողը դիմակով չեն»,-ասաց նա:

Անդրադառնալով դիմակներին գնին՝ վարչապետը նշեց, որ անտեղի են այն շահարկումները, որ դիմակը թանկ է: Դիմակ հնարավոր է պատրաստել նաև տնային պայմաններում և այն նույնպես կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը: Ըստ նրա՝ երբեք չի քննարկվում, որ ակնոցը կամ օճառը թանկ է և այդ պատճառաբանությամբ մարդիկ չեն հրաժարվում ակնոց կամ օճառ գնելուց:

«Շատ հնարավոր է, որ բախվենք այնպիսի իրավիճակի, որ վերակենդանացման բաժանմունքում էլ տեղ չլինի: Պետք է հիշել, որ հնարավոր է՝ այդ տեղը պետք լինի ձեր հարազատներին և ձեզ: Կոչ եմ անում իրավիճակին նայել այս կերպ: Այսօր ամբողջ աշխարհը չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք և այն անընդհատ համալրվում է և փորձով ապացուցվել է դիմակների էֆեկտիվությունը, երբ կիրառվում է համատարած: Մեր հույսը և կոչը հանրային վարքագծի փոփոխությունն է»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ վերջին օրերին վարչական շրջաններում, որոշակի համայնքներում անսպասելի այցելություններ են իրականացվելու ոստիկանության և տեսչական մարմինների կողմից:

«Ոստիկանության տեսչական մարմիններ և այլ ներկայացուցիչներ մտնում են տարածք և ստուգում՝ ինչքանով են պահվում հակահամաճարակային կանոնները և խախտումների դեպքում փակվում կամ որոշակի ժամանակահատված արգելվում է նրանց գործունեությունը: Չի բացառվում, որ կրկնակի խախտումներ բացահայտելու դեպքում երկար ժամանակով դադարեցվի նրանց գործունեությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ