25 05 2020

Իշխանությունն ինքն ամեն բան անում է, որ օր առաջ հեռանա․ Արծվիկ Մինասյան

Իշխանությունն ինքն ամեն բան անում է, որ օր առաջ հեռանա․ Արծվիկ Մինասյան

Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ հենց առաջիկայում էլ լինի: Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի եթերում հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ համաձա՞յն է, որ ՀՅԴ-ն դուրս  է մնացել ներքաղաքական զարգացումներից, մինչդեռ արտախորհրդարանական որոշ ուժեր փորձում են հայտ ներկայացնել, մասնավորապես՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝  ՀՅԴ-ի՝ քաղաքական զարգացումներում չլինելու մասին հայտարարությունը գուցե օրվա քաղաքական իշխանության և որոշ մարդկանց ցանկությունն է, բայց դա այդպես չէ․

«Դաշնակցությունն իր գործունեությունը ծավալել է, ծավալում է, և ծավալելու է, որովհետև ՀՅԴ գործունեությունը պայմանավորված չէ միայն խորհրդարանում տեղ ունենալով կամ կառավարությունում լծակներ ունենալով: ՀՅԴ-ն իր անելիքն անում է. անգամ կորոնավիրուսի պայմաններում ՀՅԴ Բյուրոն հայտարարությամբ կոչ արեց համայն հայությանը՝ աջակցել ՀՀ-ում կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերին: Մեկ անգամ իշխանության  կողմից լսե՞լ եք շնորհակալություն»,- հարցրել է նա:

Դաշնակցական գործչի  խոսքով՝ հիմա, երբ քաղաքական ակտիվություն կա, բնականաբար մարդկանց իրավունքն է՝ ձևավորելու, առաջ տանելու օրակարգեր․

«Մենք ունենք մեր օրակարգը՝ Հայաստանի հզորացումը, ժողովրդավարացումը, անվտանգության բարձրացումը, համահայկական համերաշխության մթնոլորտում իսկապես վերափոխումներ իրականացնելը: Համագործակցության հնարավորություններ այլ ուժերի հետ մենք բնականաբար տեսնում ենք, և առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն կխոսենք»:

 Հարցին՝ Վանեցյանի, Մինասյանի հետ համագործակցության հեռանկար տեսնու՞մ է, Մինասյանը արձագանքել է. «Մենք բոլորի հետ, բացառությամբ այն անձանց, որոնք գաղափարական տեսակետից հակասության մեջ են, այն խմբերի կամ անձանց, որոնք կերակրվում են դրսից, բաց ենք համագործակցության համար, բայց մեր օրակարգի շուրջ»:

Դիտարկմանը, թե կարող է, ենթադրաբար, լինել օրակարգ՝ համախմբել և այս իշխանությանը հեռացնել, այդ բևեռում տեսնու՞մ է Դաշնակցությունը, Մինասյանը պատասխանել է. «Նախ՝ իշխանությունն ինքն ամեն բան անում է, որ օր առաջ հեռանա, համենայն դեպս՝ իր վարքագիծը դա է ցույց տալիս: Երկրորդ՝ այո, դա կարող է դառնալ քաղաքական օրակարգ, և արդեն որոշ շրջանակներ  ներկայացնում են, բայց թե ինչպիսի  ձևաչափով դա կլինի, և որ հարցերը օրակարգի առաջին պլան կմղվեն, դրանք արդեն քննարկման թեմաներ են: Այո, համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ հենց առաջիկայում էլ լինի»,-ասել է Արծվիկ Մինասյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ