25 05 2020

ՀՅԴ-ն Արցախի ձևավորվող կառավարությանը մաս չի կազմի

ՀՅԴ-ն Արցախի ձևավորվող կառավարությանը մաս չի կազմի

Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձեւավորվող կառավարությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԱրցախիԿենտրոնական կոմիտեն:

Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի  հայրենակիցներ,

Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակյա  խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների արդյունքներով այժմ կազմավորվում են երկրի գործադիր եւ օրենսդիր նոր իշխանությունները:

2020թ. ապրիլի 9-ի հայտարարությամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային Ժողովի ընտրությունների կապակցությամբ մեր գնահատականների եւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:

Նկատի ունենալով համապետական ընտրությունների եւ ընտրված նախագահի հետ բանակցությունների արդյունքները՝  նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձեւավորվող  կառավարությանը:

2019թ. հուլիսի 7-ին եւ օգոստոսի 30-ին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթությունների եւ նախընտրական ծրագրի հիման վրա հարաբերություններ ենք կառուցելու ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ:

Հուսով ենք, որ նոր իշխանությունները ջանք չեն խնայի հաջողություններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցությունների ընթացքում առավել կարեւորված՝ պետականության ամրապնդման, անվտանգության ապահովման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի իրավապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարության հաստատման, վերաբնակեցման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղություններով:

ՀՅ Դաշնակցությունն իր համահայկական կառույցով հաստատակամորեն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի  բարգավաճման գործում: ՀՅ Դաշնակցության ելակետային ուղենիշը եղել եւ մնում է ազատության, արդարության, ազգային ու համամարդկային արժեքների ամրակայումը եւ ներազգային համերաշխության  ապահովումը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ