06 05 2020

ԱԺ-ում հիվանդ մա՞րդ կա ․ Ինչի՞ համար են այս խստացումները․ Մարուքյանը՝ Միրզոյանին



Ուզում եմ հասկանալ խստացումների պատճառը որն է, որ ԱԺ մուտքի մոտ պետք է ձեռնոց ու դիմակ ստանանք: Եթե հիվանդ մարդ կա, ասենք, թող չգան, մենք էլ իմանանք՝ ինչ ենք անում. գնանք բոլորս թեստ հանձնենք, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պարոն Միրզոյան, Դուք ոչ մի միջոց չունեք, բայց մեզ պարտադրում են, որ մենք հագնենք: Անհասկանալի վիճակ է. կամ բոլորս ենք հագնում, կամ գալիս ենք, կամ չենք գալիս, կամ ով հիվանդ է, չի գալիս: Հասկանանք՝ ինչ է այս խստացումը», - ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին պարզաբանեց՝ այնպես է ստացվել, որ ասում են՝ ձեռնոցներն ու դիմակները որոշակիորեն կարող են կանխել կորոնավիրուսի վարակի տարածումը: 

«Ոչ ոքի ոչինչ չի պարտադրվում: Դահլիճի մուտքի մոտ պատգամավորներին առաջարկվում է վերցնել ձեռնոց և դիմակ, որը կարող եք կրել կամ ոչ: Այո, կա կասկած, գուցե, հիմնավոր, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է: Քանի դեռ հանգամանքները չեն պարզվել բոլորս մի քիչ ավելի խստացված կերպով ենք կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկում», - ասաց նա:

Արարատ Միրզոյնաը հիշեցրեց, որ զգուշացող և ԱԺ նիստերին չմասնակցող պատգամավորների բացակայությունները կհամարվեն հարգելի:

«Կյանքը շարունակվում է, այս իրավիճակը կարող է ամիսներ շարունակվել, և մենք չենք կարող պարալիզացնել երկրի օրենսդիր մարմնի գործունեությունը: Այնպես որ՝ թող յուրաքանչյուրն ինքը որոշի: Ես մինչև վերջին օրը գալու եմ աշխատանքի», - ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ