Ապրիլի 22-ին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը եւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Վահրամ Բալայանը, Արթուր Մոսիյանն ու ՀՅԴ Արցախի ԿԿ պաշտոնաթերթ «Ապառաժ»-ի խմբագիր Արա Պուլուզյանը:
Դավիթ Իշխանյանը նախ իր եւ ՀՅԴ Արցախի կառույցի անունից շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր նախաձեռնությամբ կայացած այս հանդիպումը քաղաքական բոլոր ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու շրջանակում է տեղի ունենում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել այս ծանր ժամանակաշրջանում Արցախի դեմ-հանդիման ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիների շուրջ:
Ընտրված նախագահը կարեւորել է Դաշնակցության առանձնահատուկ դերը Արցախի պետական համակարգի կայացման եւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում:
Կողմերը հավաստիացրել են, որ մտքերի փոխանակման եւ միմյանց տեսակետներին ծանոթանալու համար հանդիպումների առիթներ առաջիկայում եւս կլինեն:
Ֆեյսբուքյան էջում ԱՀ նախագահը նշել է․
« Կարծում եմ՝ օգտակար երկխոսություն ենք ունեցել երկրի ներքին և արտաքին մարտահրավերների, Արցախի կայուն և անվտանգ զարգացման հարցերի շուրջ:
Բարձր գնահատելով Դաշնակցության դերակատարությունը Արցախի քաղաքական կյանքում և Սփյուռքի հետ համագործակցության տիրույթում՝ հույս եմ հայտնել, որ, անկախ ունեցած դիրքավորումից, պետականաշինության հետագա աշխատանքներում կշարունակենք համատեղ ջանքերի գործադրումը: Ուրախ եմ, որ մեր երկրի առաջ ծառացած հինական հարցերի լուծման վերաբերյալ ունենք ընդհանուր փոխըմբռնում:
Պայմանավորվել ենք շարունակել քաղաքական խորհրդատվությունները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը