17 04 2020

Իշխանությունն արդեն անցնում է մարդկային ու բարոյական արժանիքների բոլոր սահմանները. Կանադահայ թեմի հոգևորականներ

Իշխանությունն արդեն անցնում է մարդկային ու բարոյական արժանիքների բոլոր սահմանները. Կանադահայ թեմի հոգևորականներ

Կանադահայ թեմի հոգևորականները հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ուղղված հայտարարություններին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Խոր հուսախաբությամբ տեղեկացանք Հայաստանի Հանրապետության պետական համակարգի, առավելապես որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ առկա հոգևոր սովի և կուտակված թույնի մասին, որը, ցավոք, համավարակին զուգահեռ այժմ բացահայտորեն տարածվում է իշխող վերնախավի շրջանում:

Մի կողմ դնելով խնդրո առարկան, որի մասին իր խոսքում նշել է Հայոց Հայրապետը, հարկ ենք համարում ՀՀ իշխանությանը հիշեցնել Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը հաճախ ընտրողաբար և մեծ փութկոտությամբ օգտագործվում է հատկապես այլասեռություն քարոզող, բարոյազուրկ անձանց պաշտպանելու համար:

Յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելված է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն:

Մանավանդ այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել, որ կարծիք հայտնողը ոչ թե շարքային քաղաքացի է, այլ ողջ հայ ազգի համար սրբազնագույն հոգևոր հաստատության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գահալակ և Ամենայն Հայոց կաթողիկոս, որի արևշատության համար համայն աշխարհի առաքելական եկեղեցիներում ամեն կիրակի աղոթում ենք առ Աստված:

Ամենայն Հայոց Վեհափառի դեմ ցանկացած նախատինք մեր ժողովուրդն ընկալու է որպես նախատինք՝ ուղղված իր իսկ դեմ: Որևէ մեկի համար նորություն չպետք է լինի, որ մարդասիրական մղումներով հորդորները բոլոր կրոններին և բոլոր հովվապետերին են բնորոշ:

Իրավական դաշտում պաշտոնական պատասխանի փոխարեն լուրջ հուսախաբություն ապրեցինք՝ ականատես դառնալով սանձարձակ ու անբարո մի քարոզարշավի:

Միևնույն ժամանակ խոր ցավով տեսնում ենք, որ քաղաքական շահից ելնելով՝ իշխանությունն արդեն անցնում է մարդկային ու բարոյական արժանիքների բոլոր սահմանները:

Դեռ չենք մոռացել իշխանափոխության օրերի բարձրագոչ հայտարարությունները, թե «Նոր Հայաստանում» ամեն ինչ իրավական պիտի լինի:

Ցավոք քչերը կարողացան ըմբռնել, որ ձեր պատկերացրած «Նոր Հայաստանը» որևէ աղերս չունի քրիստոնյա Հայաստանի հետ, և նոր Հայաստանում մարդու իրավունքն ու քաղաքականություն նույնացվում են և քաղաքականությունը գերակայում է մարդու իրավունքների նկատմամբ:

Պետք է լավ իմանանք, որ եկեղեցին միայն մայր հայրենիքում ներկայացված չէ և գործում է նաև Սփյուռքում:

Պտար ափերում ապրող հայ ժողովրդի մեծամասնության նման, հայրենիքից հեռու ապրելով մեր հոգևոր ծառայությունն ենք իրականացնում՝ առաջնորդվելով ազգային բարձր գիտակցությամբ, ու փորձում այն փոխանցել ապագահ սերունդներին, նրանց մեջ սերմանելով Հայրենիքի հանդեպ սերը, աստվածավախ, եղբայրասեր ու ազգանվեր լինելու գաղափարը:

Կանադահայոց թեմի հոգևորական մարմինը զորավիգ է Վեհափառին և միանում է նրա մարդասիրական և ազգօտուտ բոլոր կոչերին, և անթույլատրելի, դատապարտելու ու վտանգավոր է համարում պետական որոշ գործիչների թշնամական վերաբերմունք ու հայացքները նրա նկատմամբ:

Իշխանություններից ակնկալում ենք պետականամետ, զգուշավոր և ազգային արժեքների նկատմամբ հարգալից ու պատշաճ կեցվածք:

Աղոթում ենք և Վեհափառին մաղթում արևշատ գահակալություն և հաջողություններ՝ եկեղեցաշեն ու պետականամետ բոլոր քայլերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ