15 04 2020

Առողջապահության վարչության պետը պարգևատրվել է շատ ավելի քիչ, քան մամլո խոսնակը. Դավիթ Խաժակյան

Առողջապահության վարչության պետը պարգևատրվել է շատ ավելի քիչ, քան մամլո խոսնակը. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքապետարանում մարտ ամսին բաժանված պարգևավճարներին։ Նա մասնավորապես նշել է, որ, օրինակ, առողջապահության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին դժվար է թերագնահատել, պարգևատրվել է շատ ավելի քիչ, քան մամլո խոսնակը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ պարգևատրվել են աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ՝ 29 միլիոն դրամի չափով։
Ի թիվս այլոց պարգևատրվել է նաև մամլո խոսնակը՝ 560.000 դրամի չափով։ Նույնքան պարգևատրվել է նաև սոցիալական ապահովության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին իսկապես գերհագեցած է։

Կարծում եմ խոսնակի պարգևատրման առիթներից մեկը ֆեյսբուքում քաղաքապետի (Չ)գործունեության հետևանքները ամեն գնով քողարկելն է։ Հավանաբար հենց այդ պատճառով Մարությանը համարում է, որ իր խոսնակը պետք է ստանա նույն չափ պարգևավճար, ինչ վարչության պետերը։

Այդ գումարի չափով պարգևատրվել է նաև քաղաքապետի իրավական գծով խորհրդականը, ում մասնագիտական դիլետանտության հետևանքով այսօր քաղաքապետարանը դատական անբարենպաստ վճիռների առաջ է կանգնում, որը շուտով կդրսևորվի մեծածավալ վնասի փոխհատուցումների տեսքով։

Առողջապահության վարչության պետը, ում աշխատանքը այս օրերին դժվար է թերագնահատել, պարգևատրվել է շատ ավելի քիչ, քան մամլո խոսնակը։

Առհասարակ անարդարացի բաշխումը և աշխատակիցների նկատմամբ ընտրովի մոտեցումը պարբերական է դարձել։

Եվ ինչո՞ւ է այսպես, որովհետև այս իշխանության համար առաջնայինը գործը չէ, այլ դրա վերաբերյալ մարդկանց տպավորությունները։ Եթե հանրության տպավորությունները լավ են, ուրեմն քաղաքապետը կարող է հանգիստ լինել՝ բուռն գործունեության իմիտացիան ապահովված է»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ