03 04 2020

Իրականում մենք կորցրել ենք 400 հեկտարից էլ քիչ տարածք․ Սերժ Սարգսյան

Իրականում մենք կորցրել ենք 400 հեկտարից էլ քիչ տարածք․ Սերժ Սարգսյան

«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական ֆիլմում Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմին։ Երրորդ նախագահը նշել է․

«Ադրբեջանը միանգամից շատ տարածքներ գրավելու հույս ուներ, ինչից հետո, ըստ իրենց տրամաբանության, ես պետք է վերցնեի հեռախոսն ու համանախագահներին խնդրեի փրկել մեզ ադրբեջանցիներից: Եվ բնական է, որ այդ պարագայում մենք արդեն բանակցային գործընթացում ամբողջովին տանուլ տված կլինեինք, բայց, ինչպես տեսանք, մեր Զինված ուժերը կարողացան կատարել իրենց հիմնական խնդիրը»։

Սերժ Սարգսյանը հիշել է, որ այդ օրերին ինքը գտնվում էր ԱՄՆ-ում եւ մասնակցում էր  Ատոմային անվտանգության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերրիի հետ,  քննարկել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Գագաթնաժողովի ավարտից հետո զանգահարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ նրան տեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին, - պատմել է Սերժ Սարգսյանը։ Բակո Սահակյանը նշել է, որ  մշտապես իրենց տեղեկացրել են բանակցությունների ընթացքի մասին, իսկ ապրիլյան պատերազմը սկսվել է այդ խոսակցությունից ժամեր անց։

«Ցավոք սրտի, շատ լրատվամիջոցներ, անհատներ, որոնք սնվում էին տարբեր գրանտներով, սկսեցին այդ ռազմական գործողությունները ներկայացնել որպես պարտություն: Ինձ համար շատ ցավալի էր, որովհետև իրականության մեջ այդպիսի բան չկար»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Անդրադառնալով 800 հա տարածքին` Սերժ Սարգսյանը հիշել է, որ տարածքների կորստի մասին առաջինն ինքն է  խոսել Վիեննայից վերադարձի ճանապարհին:

«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ դրա համար չեմ ափսոսում: Այո, ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ես ինչո՞ւ եմ այդպես ասել: Եթե հիշում եք, մարտական գործողությունների օրերին, այսպես ասած, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում էին այն մասին, որ Թալիշը գրավել են ադրբեջանցիները: Նրանք արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Նույնիսկ ոմանք ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ էին անում, և դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել են չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականության մեջ մենք կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ