26 03 2020

Արևիկ Անափիոսյանը՝ ԱԱԾ-ում քննվող գործի հետ իր առնչության ու հրաժարականի մասին

Արևիկ Անափիոսյանը՝ ԱԱԾ-ում քննվող գործի հետ իր առնչության ու հրաժարականի մասին

Հարցազրույց՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ։

Իրականում ի՞նչ հիմքեր կային Ձեր  հրաժարականի համար, և ինչո՞ւ հատկապես Ձեր հրաժարականն այդքան մեծ աղմուկ բարձրացրեց:

Ինձ համար էլ անսպասելի էր մարդկանց՝ չափազանց մեծ սևեռվածությունը իմ հրաժարականի վրա: Իրականում հրաժարականիս պատճառը եղել է Հարվարդի համալսարան ընդունվելս, որովհետև այն, ինչ ես արել եմ երբևէ, անում եմ և դեռ պիտի շարունակեմ անել, դրա համար կարևոր է մասնագիտական նոր պատրաստվածություն ստանալը: Բավականին ինտենսիվ էին դասերը, հետևաբար պաշտոնավարումս համատեղել հնարավոր չէր լինի: Ընտրությունս կանգ առավ մասնագիտական նոր որակավորում ստանալու վրա: Հարվարդի տված հնարավորությունը բացառիկ շանս էր ոչ միայն ինձ համար, այլև ընդհանուր առամամբ շատ այլ թեկնածուների։ Ինչո՞ւ... քանի որ էականորեն կրճատվել է իմ ուսման վարձը: Համալսարնն ինձ տվել էր «Scholarship», այսինքն մեծ զեղջ՝ հաշվի առնելով  իմ ընդունման քննություների բարձր արդյունքներն ու անցածս ճանապարհը (թիվը բացահայտելու իրավունքը չունեմ): Սա բացառիկ բան է և տրվում է մեծ պոտենցիալ ունեցող մարդկանց: Հետևաբար, կորցնել այսպիսի բացառիկ հնարավորություն, որն ամեն մեկին չի տրվում՝ չէի կարող: Ստիպված գրեցի հրաժարականիս դիմումը, որ նորից կրթվեմ: Հմտանալու եմ կառավարման ոլորտում (հանրային ֆինանսների, զարգացման ֆինանսների կառավարում, սովորում եմ առաջնորդույթյուն, ստրատեգիա, բանակցություններ, միջազգային համագործակցություն, սիստեմաների աշխատանք):

Չե՞ք ափսոսում նաև այն բացառիկ շանսը բաց թողնելու համար, որ տրվեց Ձեզ հեղափոխության պատճառով՝ պետական համակարգում կառավարելու և Ձեր առաքելությունը կատարելու, Ձեր առջև դրված խդիրը լուծելու իմաստով:

Կարծում եմ՝ հասցրեցի բավականին մեծ ներդրում ունենալ միջազգային համագործակցության ցանցի ձևավորման մակարդակում և կրթական ծրագրերի բարեփոխումների ոլորտում: Ես վստահ եմ, որ նախարարությունում ձևավորված թիմը դրանք կտանի մինչև վերջ: 

Ինքներդ էլ հասկացաք, որ պետական համակարգում շատերն էին լուրջ հիմքեր դրել՝ պետականաշինության գործում, բայց  դրանք զրոյական արժեք ունեցան ինչ որ ժամանակ հետո:

Հանրակրթության ռեֆորմներում լուրջ հիմքեր են դրվել իմ պաշտոնավարման օրոք,  որոնց արդյունքները դեռ հետո պիտի երևան, նախարարության նոր առաջնահերթություններով տարվող աշխատանքը, վստահ եմ, ինձնից հետո կշարունակի կատարել ԿԳՄՍ ներկայիս փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ իմ օրոք ձևավորված թիմի հետ միասին: Ես էլ իմ մասով, այն գիտելիքը, որոնք նոր պիտի ձեռք բերեմ, կկարողանամ ինչ-որ չափով ներդնել իմ հայրենիքում՝ կթական ոլորտի զարգացման նպատակով:

Այսինքն, Դուք այդքան վստահ եք, որ նորի՞ց կունենաք շանս՝ վերադառնալու պետական համակարգ, կամուրջները չե՞ն այրվել այս վարչակազմի հետ: 

Ես չեմ ասել՝ գնացել եմ Հարվարդ և վերադառնալու եմ, որ անպայման շարունակեմ, ես կարող եմ աշխատանքի անցնել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Եվրոպայում, ԱՄՆ-ում և այլուր: Ի դեպ, ես արդեն նշանակվել եմ Յունեսկոյի Վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, և այդ մանդատը ինձ լայն հնարավորություն է տալիս, թեև չի ենթադրում որևէ վարձատրություն: Ես  շարունակում եմ դասախոսել և կարող եմ որպես կանսուլտանտ շատ այլ երկրներում աշխատել: Բայց մի բան հստակ է՝ անկախ գտնվելուս վայրից, իմ գիտելիքները կծառայեցնեմ Հայաստանի զարգացմանը:

Ի դեպ, վարչապետը հեշտությա՞մբ ընդունեց Ձեր հրաժարականը:

Ինֆորմացիա չունեմ, չեմ հանդիպել անձամբ։ Ինձ հայտնի չէ դեպք, որ վարչապետն անպայման պիտի հանդիպի հրաժարական տված փոխնախարարի հետ:

Ի՞նչ կասեք այն մասով, որ Ձեզ հենց կառավարությունից են պարտադրել  հրաժարականի դիմում գրել:

Այդպիսի բան չի եղել։ Ես, իհարկե, կարդացել եմ բոլոր բամբասանքները, որոնք գրվել են իմ հրաժարականից հետո: Դրանք թյուր, երևակայական մտքի արդյունք են, նույնիսկ հարիր չեմ համարել դրանց պատասխանել: Ես այս հարցազրույցից հետո կուզենամ, որ մաքուր ջրի մեջ այլևս պղտոր բաներ չփնտրեն, չկա որևէ թաքնված պատճառ: Իրականում, կրկնում եմ, Հարվարդի համալսարանում կրթվելուն նախապատվություն տվեցի, ստացել էի «Scholarship», և ինձ համար մեծ պատիվ էր դա, զիջել չէի ցանկանա:

Բայց շշուկներն այսքան հանգամանալից հենց ձեր նախարարության միջանցքներից են նաև դուրս եկել:

Ես չգիտեմ… Մենք սիրում ենք թաքնված պատմություններ տարածել:

Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք նախարարի հետ:

Նորմալ:

Վերջին անգամ ե՞րբ եք շփվել նրա հետ, կա՞ կոնտակտ:

Օրերս նամակ եմ գրել իրեն: Զուտ աշխատանքային հարաբերություններ են․ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր:

Իսկ ի՞նչ կասեք այդքան խոսվող ֆինանսկական բացերի մասին, որը, ըստ շշուկների,  Ձեր գործունեության հետ է առնչվում: 

Առաջին անգամ եմ լսում։ Կարծում եմ՝ հերթական շշուկներ են տարածվել: Եվ հետո, այդ գումարներից կոպեկ անգամ ուղիղ չի մտնում նախարարություն, դրանք ներդրվում են ծրագրերում՝ ԾԻԳ-երի միջոցով: Ես, ընդհանրապես, ֆինանսների հետ որևէ առնչություն չեմ ունեցել, այդ թվում՝ բյուջետային և միջազգային ծրագրերից եկող դրամական հոսքերի։ Իմ գործառույթը ԿԳՄՍ-ում եղել է միջազգային համագործակցությունը և կրթական ծրագրերի բարեփուխումների համակարգումը։ Այսքան բան: 

Այսինքն, հերքում եք նաև ԱԱԾ-ում Ձեր գործունեությանն առնչվող նյութերի մասին տեղեկություննե՞րը: 

Նման գործի մասին առնվազն ես տեղյակ չեմ։ Եթե իսկապես կա, երևի առաջինը հենց ե՞ս պիտի տեղյակ լինեի:

Ի՞նչ կասեք «Թումո կենտրոնին» առանց մրցույթի իջեցված գումարների մասին, մինչդեռ նախկինում ՏՏ կրթական ծրագրերով ԿԳՆ-ն  համագործակցում էր «Արմաթի» հետ:

«Արմաթը» պետբյուջեից տարիներ շարունակ առանց մրցույթի ֆինանսավորվել է «Արմաթ» դպրոցական խմբակների համար։ «Թումոն» այսօր, համենայն դեպս, ՀՀ-ի  հարկատուներից հավաքաված գումարներով չի ֆինանսավորվում, այն ԵՄ ծրագրերից մեկով է կրթական ծրագիր իրականացնում, և այս գումարները մինչև հեղափոխությունն էին նաև փոխանցվում «Թումոյին»։ Սա Թումո-Եվրոպական հանձնաժողով բանակցությունների արդյունքում է որոշվել, ուրիշ մեկի վճռորոշ գործառույթը չկա այստեղ:

 Վերադառնալով Ձեր բնակարանի գողության միջադեպին՝ կասե՞ք ինչ էին տարել ձեզնից և ինչ նորություններ կան ոստիկանությունից:

Ես կարծում եմ՝ ոստիկանությունից էր մամուլի արտահոսքը եղել, քանի որ գողությունից հետո անմիջապես դիմել եմ ոստիկանություն և հայտնել եմ հետևյալը՝ տարել են իմ զարդերը, որոնք, ի դեպ, իմ ընտանեկան զարդերն են եղել՝ ամուսնուս նվիրած, ծնողներիս, հարազատներից ստացած, և շատ այլ առիթներով գնված զարդեր:  Ես, իհարկե, նախարարությունում նշանակվելուց առաջ բավականին բարձր վարձատրվող աշխատանք եմ ունեցել և զարդերի մասով զարմանալի չպիտի լիներ:

Այսինքն՝ ֆեյք էին նաև 200 հազար եվրո գողանալու մասին խոսակցություննե՞րը:

Ես ուրախ կլինեի, որ այդքան գումար ունենայի, բայց, ավաղ, ես 200 հազար եվրո երբևէ  չեմ աշխատել միանգամից, այդքան շատ գումար ունենալու դեպքում հիմա իմ կեցության պայմանները շատ ավելի լավը կլինեին, հավատացնում եմ:

Ե՞րբ եք վերադառնալու Նահանգներ:

Դա հստակ չեմ կարող ասել, չգիտեմ: Առայժմ հեռավար դասավանդում եմ Երևանի Ամերիկյան Համալսարանում:

Հայոց պատմությունը հանրակրթական առարկայացանկից հանելու ձեր իշխանության ձգտումը դեռ 1998-ին էր առաջին անգամ նույն սցենարով մտցվել այն ժամանակվա կառավարության օրակարգ: ՅՈՒՆԻՍԵՖԸ պարտադրում էր, որ փոխարենը հարավ-կովկասյան ժողովուրդների պատմության ընդհանուր դասագիրք ստեղծվի: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ, այն ժամանակ Հայոց պատմության դեմ արշավին մեծապես դիմագրավել է հենց ձեր մորեղբայրը՝ հայտնի պատմաբան Ռուբեն Գասպարյանը․ նա ԿԳ նախարարության Բարձրագույն կրթության վարչության պետն էր (նախարարը ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանն էր, ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը): 

Մինչդեռ այսօր Ձեզ են մեղադրում արևմուտքից եկող այդ ծրագերը ձեռնարկելու հակահայ գործընթացի համար: Արդյո՞ք նույն ծրագիրը շարունակելու եք և կարո՞ղ եք  Ձեր առջև դրված խնդիրը կատարված համարել:

Սխալ է մատուցվել և ընկալվել, որևէ խնդիր չի դրվել Հայոց պատմության դեմ, խնդիր չի դրվել իմ առաջ, առավել ևս՝ որևէ հակահայ ծրագիր չի ներդրվել կրթական համակարգում:

Բարձրագույն կրթության և հետազոտության մասին օրենքը ընդամենը սահմանվում է հետևյալը՝ բուհը ինքը պետք է որոշի, թե ինչ առարկայացանկով պիտի դասավանդեն իրենց ուսանողներին: Հայոց լեզուն, Հայքց պատմությունը հնարավոր է տարբեր ձևերով ուսումնասիրել խորությամբ, այստեղ բուհերի ինքնավարության հարցն է առաջ քաշվել: Եթե մենք ուզում ենք ունենալ որակյալ կրթական համակարգ, ապա չպետք է օրենքներով պարտադրել առարկայացանկը:  

Եվ ես հույս ունեմ, որ բուհերը կշարունակեն իսկապես հայապահպանման գործունեությունը, և կներառեն անպայման Հայոց լեզուն ու Հայոց պատմություն առարկաները խորապես ուսումնասիրելու մոտեցումը: Ի դեպ, այդ գործընթացը  համակարգում է այսօր նախարարի խորհրդական Սամվել Կարապետյանը, ես պարզապես ճիշտ կապերն եմ կոմունիկացրել, և համապատասխան միջազգային փորձագետներով ճիշտ կապեր ու աջակցությունն եմ տրամադրել: 

Ինչ վերաբերում է լուսահոգի մորեղբորս, այդ  մասով չեմ կարող ոչինչ մեկնաբանել, քանի որ ես շատ փոքր էի այդ ժամանակ: Բայց մորեղբայրս պատմաբան էր, վստահաբար՝ չէր կարող թույլ տալ որևէ գործընթաց Հայոց պատմության նկատմամբ: 

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Չնայած տիկին Անափիոսյանի մեկնաբանույթուններին ու հերքումներին,  Yerevan․Today-ը, այդուհանդերձ, հարցում է ուղարկել ԱԱԾ։ Ակնկալվում է, որ մինչև 30  օրվա ընթացքում հերքող կամ հաստատող տեղեկատվություն կստանանք և կհրապարակենք:

 

Հարկ ենք համարում մեր ընթերցողներին հայտնել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է քննվել թիվ  ԵԴ/12100/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արևիկ Անափիոսյանի ընդդեմ Մեդիա Պլյուս ՍՊԸ-ի՝  զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հայցվորին փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Նշյալ գործով տևած երկարատև դատական գործընթացի արդյունքում Կողմերը որոշեցին կնքել հաշտության համաձայնություն, որի հիմքով Դատարանը որոշեց գործը կարճել /տե՛ս դատական գործը՝ http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204029405 /:

Այսպիսով, ելնելով Կողմերի միջև նախապես ձեռք բերված հաշտության համաձայնությունից, ստորև ներկայացնում ենք հերքման տեքստը.

«Ընկերությունը սույնով հավաստիացնում է, որ նշյալ Նյութերը լրատվական կայքի էջում տեղադրվել էին որպես ծանոթագրություն ընթերցողին՝ իրականությանը չհամապատասխանող  տեղեկությունների հերքման տեքստի  նախաբան, որի նպատակն էր  ընթերցողին փոխանցել  հերքող նյութի բովանդակությունն ու միտվածությունը, իսկ եթե ընթերցողները Նյութերը ընթերցելիս չեն ունեցել այդ ընկալումը կամ ունեցել են հակասական ընկալում, սույնով Պատասխանողը հայտնում է, որ այլ աղբյուրներից վերցրած և Նյութերում տեղ գտած շրջանառված տեղեկությունները չեն հանդիսանում լրատվականի կամ կոնկրետ նյութի հեղինակ լրագրողի սեփական կարծիքը և վերաբերմունքը Հայցվորի անձի նկատմամբ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ