17 02 2020

Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում. Էլինար Վարդանյան

Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում. Էլինար Վարդանյան

Բանակում կորուստների խնդիրը խիստ զգայուն, պատասխանատվություն և զսպվածություն պահանջող թեմա է։ Վերջին օրերի մտահոգիչ կորուստների վերաբերյալ էմոցիոնալ արձագանքները, որքան էլ հասկանակի լինեն, միայն խորացնում են լարվածությունը։ Կենցաղային մակարդակի քննարկումների փոխարեն անհրաժեշտ է մասնագիտական, խորքային վերլուծություն, ինչը հնարավորություն կտա վերհանել խնդիրները, գտնել կարգավորման ուղիները, հանգստացնել հասարակությանը։ Օրեր շարունակ չկար նման խոսք և գերիշխում էր կամ զգացմունքայնությունը, կամ կենցաղային, խոհանոցային մակարդակը, կամ 5-րդ շարասյան քարոզը։

Պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը առաջինը հրապարակային հանդես եկավ հավասարակշիռ մասնագիտական խոսքով։ Սեյրան Օհանյանը հայկական բանակում ամենամեծ ծավալի ռեֆորմներ արած և որակական փոփոխությունների հասած նախարարն է։ Նրա օրոք է քաղաքացիական վերահսկողության ամենամեծ առաջընթացը ապահովել։ Հիմա նա, սակայն, պարտադրված է արդարանալ և դատարանում ժամանակ սպանել։

Իսկ այսօր հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրեն, մեր պետության արդեն երիտասարդ սերնդի գեներալ Արթուր Վանեցյանի գնահատականները, իրավիճակի պատճառների և լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ մեկնաբանությունները։

Ենթագիտակցորեն շատերն են հասկանում Վանեցյանի այն մտահոգությունը, որ ներբանակային զարգացումները պայմանավորող գլխավոր հանգամանքը երկրում ստեղծված մթնոլորտն է, սակայն շատ կարևոր է, որ դա արձանագրի երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկը, գեներալը։ Ու շատ լավ է, որ Վանեցյանը քաղաքական, հանրային դաշտ իր մուտքը սկսում է նման խորքային խնդրի կարևորմամբ։

«Բանակում չի կարող լինել «հնի և նորի» բաժանում։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը և մոդեռնիզացիան միասնական և փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա»։

Վանեցյանի կողմից առանձնացվող խնդիրներից՝ պաշտոնական դասալիքների մուտքը զորամասեր, Արցախի գեներալների դեմ ուղղորդված արշավը, Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու փորձերը իսկապես պետության բոլոր սթափ ու առողջ շրջանակներին միավորող խնդիր է։

Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում։ Ճիշտ է, որ բոլորիս խնդիրն է օգնել, որպեսզի հնարավոր լինի նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնել, և որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի. սա արդեն անվտանգության խնդիր է։ Իսկ այն ընդգծված աջակցությունը, որով Վանեցյանը հայտնում է այսօրվա բանակի ղեկավարությանը ուղղակի մարդկային և մասնագիտական մաստեր-կլասս է. «Այսօր Պաշտպանության նախարարության և Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչև հանրության հետ աշխատող օղակներ, համալրված են պրոֆեսիոնալ և պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամեն նման պատահար նրանց համար անձնական ողբերգություն է, ինչպես և բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպեսզի կարողանան նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնեն։ Բայց, որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Սա արդեն անվտանգության խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ»- եզրափակում է Վանեցյանը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

ԱԺ Մարդու իրավունքների պացտպանության հանձնաժողովի նախկին նախագահ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ