13 02 2020

ԼՂ կոնֆլիկտը չի կարող միակողմանի լուծվել. վարչապետը՝ ադրբեջանցուն

ԼՂ կոնֆլիկտը չի կարող միակողմանի լուծվել. վարչապետը՝ ադրբեջանցուն

Միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բոռլինից, այս մասին Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բեռլինում ադրբեջանցիների համայնքի ներկայացուցիչների հարցերին։

«Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ սպանել է հայի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից՝ քնած հայ սպային կացնահարելու գործը և թե ինչպես ադրբեջանցին հերոսացվել է իշխանությունների կողմից։

ՀՀ վարչապետը նկատեց նաև այն, որ ժամանակին Ադրբեջանի կողմից ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը։ Այդ պատճառով մարդիկ տարիներով չէին կարողանում դուրս գալ նկուղներից։

«Արցախի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել։ Ո՞ր երկիրն է պատրաստ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն՝ իրավիճակի լուծումը կարող է կապված լինել անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան և չեն եղել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ։ «Այն ունի շատ պարզ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի վրա։ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից որևէ կառուցողական քայլ բանակցային պրոցեսում Հայաստանը չի տեսել, թեպետ, նա նկատեց, որ հաջողվել է Իլհամ Ալիևի հետ հասնել շփման գծում լարվածության թուլացմանը։

Փաշինյանը հույս հայտնեց, որ կառուցողական քննարկումների արդյունքում ոչ միայն կհաջողվի պահպանել համեմատաբար կայուն իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրական կարգավորում։ ՀՀ վարչապետն անդրադարձավ Հայաստանից, Ադրբեջանից, Ղարաբաղից լրագրողների փոխանակման ծրագրին՝ ընդգծելով, որ այն շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն կշարունակվի:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո. Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով քննարկմանը, անդրադառնալով Արցախյան հիմնահարցին, աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժողովրդավարությունը Արցախի խնդրի լուծման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։

«Ժողովրդավարությունն է, որ տարածաշրջանում բերելու է կոնֆլիկտների հաղթահարման, ինչպես Եվրոպայում է տեղի ունեցել։ Ժողովրդավարության արգասիքն է, երբ Հայաստանի ղեկավարը կարողանում է ասել, որ այո, հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Իսկ ինչո՞ւ Ադրբեջանից նման հայտարարություն չի հնչում»։

Քննարկմանը ներկա գտնվողներից մեկը հարց բարձրացրեց՝ ասելով, որ Ջաբրաիլից է, սակայն ինչո՞ւ իր տուն գնալ չի կարող, որին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ մի տրամաբանական պատասխան կա․

«Կա Շահումյանի շրջան, որտեղ մինչև 1990 թվականը հայեր են ապրել, այսօր հազարավոր շահումյանցիներ չեն կարողանում իրենց տուն գնալ, որովհետև Շահումյանը ենթարկվել է էթնիկ զտումների և այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք, այն ստատուս քվոն, որ կա, ընդամենը մի բանի արդյունք է․ Ղարաբաղի հայությունը ցանկացել է և ցանկանում է  պաշտպանել  ապրելու իր իրավունքը, ոչ թե ինչ-որ մեկին վատություն անել է ուզում, այլ ցանկացել է պաշտպանել ապրելու իր իրավունքը․ ոչ մի միլիմետր ոչ ավել, ոչ պակաս։ Այստեղ հարցադրում հնչեց, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա․ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, Հայաստանն այնտեղ է, որտեղ եղել է, մենք շարունակում ենք մեր տեղում մնալ»,- իր խոսքում նշեց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ