01 02 2020

Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է Ներսես Նազարյանի ցուցմունքի հիման վրա

Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է Ներսես Նազարյանի ցուցմունքի հիման վրա

Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայության ապացույցների մեջ մեծ հաշվով, որևէ նոր բան ավելացնելու շանսերը գնալով դառնում են զրոյական, ինչի վկայությունը արդեն իսկ հարցաքննված նախկին պաշտոնյաների կրկնակի կամ այլ խոսքով լրացուցիչ հարցաքննություններն են՝ նոր ցուցմունքներ ստանալու համատեքստում՝ գրում է Փաստինֆոն: 

Մեր ձեռքի տակ է Մարտի 1-ի գործով որպես վկա վաղօրոք հարցաքննված ԵՔՎ նախկին պետ Ներսես Նազարյանի լրացուցիչ ցուցմունքը. ըստ այդմ նրան 2019 թվականի փետրվարի 13-ին որպես վկա հարցաքննվել է ՀՔԾ -ում: Իր իսկ խոսքով՝ նա սեփական նախաձեռնությամբ է ցուցմունք տալիս ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից մարտի 1-ի կիրադարձությունների ժամանակ իրենց ծառայողական ատրճանակներից կրակելու հետ կապված՝ ծառայողական քննության մանրամասների շուրջ: Նրա ներկայացմամբ՝ նախկինում ծանր վիրահատություն տարած լինելու պատճառով հիշողությոն հետ կապված խնդիրներ է ունեցել և այդ իսկ պատճառով սկզբնական ցուցմունքը տալուց հետո, երբ վերհիշել է որոշ մանրամասներ, որոնք իր կարծիքով գործի համար կարող էին նշանակություն ունենալ, որոշել է քննությանը հայտնել դրանք:

Ներսես Նազարյանը հղում է անում Արմեն Երիցյանին, որն այսօր ողջ չէ։

Վիրահատությունից հետո հիշողության կորուստը հաղթահարելուց հետո Ներսես Նազարյանի մտաբերումները վերաբերվում են մարտիմեկյան իրադարձություններին, սակայն ուշագրավն այն է, որ դրանց մասին խոսելիս, նա միշտ ինչ-որ մեկին վկայակոչում է: Օրինակ, նա մտաբերել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո իրեն զանգել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ավետիք Մկրտչյանը և ասել, որ իր բաժնի ծառայողներից մի քանիսը, իր օպերատիվ գծով տեղակալ Սուրիկ Մելքոնյանի ղեկավարությամբ գտնվել են Մաշտոցի պողոտայի այն հատվածում, որտեղ տեղի են ունեցել խանութների թալան և անկարգություններ:Ըստ նրա այդ ժամանակ տղաները լարված վիճակում գտնվելով, իրենց ծառայողական ատրճանակներից կրչակոցներ են արձակե, բայց թե՝ ով քանի անգամ է կրակել, տղաներն իրենք էլ չեն կողմնորոշվել: Նազարյանը Ա. Մկրտչյանի թվարկած անուններից ճանաչել և մտաբերել է միայն երկուսին՝ Սուրիկ Մելքոնյանին և Միհրան Քեշիշյանին: Նրա ներկայացմամբ՝ քանի որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված օպերատիվ աշխատանքների համակարգումը դրված էր ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանի վրա, ինքը նրա հետ է կապ պահել անհրաժեշտության դեպքում նրան է զանգահարել: Ներսես Նազարյանի ցուցմունքի համաձայն, այդ անգամ էլ ինքը Մկրտչյանի ասածների մասին զեկուցել է Երիցյանին, վերջինս էլ ասել է, թե մանրամասներ կճշտի և կասի, թե ինչ պետք է անել: «Կակռազ ինձ զանգահարել էր ՀՔԾ-ի պետ Վահագն Հարությունյանը և ասում էր…»

Այս խոսքերը Ներսես Նազարյանը վերագրել է վաղաժամ հեռացած Արմեն Երիցյանն է՝ասելով, թե վերջինս հեռախոսով հայտնել էր Վահագն Հարությունյանի ասածը, թե՝ «Պրոսպեկտի խժդժոցի հետ կապված 32 հատ պարկուճ է պետք, Սուրիկին ճանաչում եմ՝ վստահելի տղա է, կանչի, հետը խոսա, թող իր հետ ևս 3 օխպերատիվ աշխատակիցներով, կապ չունի, թե իրականում քանի հատ են կրակել, ամեն մեկը թող իրեն ամրակցված ատրճանակից 8 հատ կրակի ու 32 հատ կրակված պարկուճներ անձամբ Սուրիկը տանի հասցնի Վահագին»:

Իրականում շատ տգեղ և անպատշաճ է մահացած մարդուն հղումներ անելով ինչ-որ բաներ ասել՝ մեկ տասնյակից ավելի տարիներ առաջ կատարված իրադարձություններից՝ ըստ էության նրան մեղադրելով ծանր հանցագործության՝ ապացույցներ կեղծելու մեջ: Այսօր նույն Արմեն Երիցյանը չկա, որ այդ ամենը հաստատի, քանի որ Ներսես Նազարյանը պատմում և ներկայացնում է իր ղեկավարի հետ հեռախոսազրույցների, նրա տված ենթադրյալ հանձնարարությունների, նրա տիրապետած ինֆորմացիաների մասին:

Հաջորդիվ՝ ըստ նրա ցուցմունքի՝ իրադարձությունները Երիցյանի հրահանգի համաձայն են ընթանում և ինքը՝ Ն. Նազարյանը, իր ցուցմունքի մեջ կրկին հիշատակում է Էրեբունու բաժնի պետի անունը, որին ինքը զանգահարում է և հայտնում, թե՝ «Սուրիկին Երիցյանի կողմից հանձնարարություն է տրվել, զեկուցագիր գրեք, ուղարկեք, ես կհնանձնարարեմ, որ ծառայողական քննություն անցկացվի»:

Նազարյանի մտաբերումներով՝ հետո՝ Սուրիկ Մելքոնյանը գալիս է իրեն տեղեկացնում, որ Քեշիշյան Միհրանի հետ կրակված 32 պարկուճները տարել են ՀՔԾ՝ Քեշիշյանը ներքևում է սպասել, իսկ ինքը դրանք տարել-տվել է Վահագին, որին նախկինում ճանաչել է և քանի որ Երիցյանն էլ տեղեկացված է եղել նրանց հարաբերություններից:

Միաժամանակ, այս ամենը պատմելուց հետո Նազարյանը հայտնում է, թե ինքը գործի մանրամասներին տեղյակ չի եղել, չի իմացել, թե պարկուճներն ինչի համար են անհրաժեշտ եղել քննչական խմբի ղեկավարին, մտածել է՝ թե օրենքի շրջանակում դրանք պիտի, ասենք, որպես նմուշ օգտագործվեին:

Ներսես Նազարյանի ցուցմունքի մեջ ուշագրավ է նաև, որ երբ քննիչը նրան հարցնում է, թե տեղյա՞կ է նա արդյոք, որ մարտի մեկի զոհերից Զաքար Հովհաննիսյանը մահացել է 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող գնդակից, քանի որ , փամփուշտները փոխելու հանձնարարականը կատարելիս, նա, ենթադրելի էր, որ այդ մասին պիտի իմանար, նա պատասխանում է, որ մարտի 1-ին ինքնաձիգից և նռնակից պայթյունից զոհեր լինելու մասին ինքն իմացել է ԶԼՄ-ներից, իսկ Մակարով ատրճանակից կրակված դեպքերի մասին առաջին անգամ քննիչից է լսում: Արձանագրենք, որ Ներսիկ Նազարյանը մեղմ ասած ճիշտ չի ասում, եթե չասենք, որ ստում է, քանի որ ՀՔԾ-ն նախկինում երբևէ չի թաքցրել, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 9 մմ տրամաչափի գնդակից։ Ավելին՝ մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ դեռևս 2011 թվականին հրապարակել էր զեկույց, որն առ այսօր հասանելի է համացանցում։ Ի վերջո, Նազարյանն իր ցուցմունքում «պնդել չեմ կարող, բայց եթե հիշողությունս չի դավաճանում» տարբերակով դեռևս չբացահայտված հանգամանքներում վերջերս կյանքից հեռացած բարձրաստիճան պաշտոնյայի՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունն է տալիս, երբ քննիչը նրան հարցնում է՝ ,,կարող ե՞ք վերհիշել, թե ծառայողական քննություն անցկացնելիս ոստիկանության պետը Հ. Հարությունյանն էր, թե՞ արդեն Ա. Սարգսյանը: ,,Հստակ չեմ պնդում, բայց եթե հիշողությունը չի դավաճանում, դա եղել է Հ. Հարությունյանի ժամանակ,,: Իսկ եթե դավաճանու՞մ է:

Հայկ Հարությունյանն այսօր ո՞ղջ է, որ վիճարկի: Բնականաբար՝ ոչ:

Հ.Գ.Սեփական նախաձեռնությամբ լրացուցիչ ցուցմունք է տվել ՀՔԾ-ում նաև Էրեբունու ոստիկանական բաժնի ծառայողներից Միհրան Քեշիշյանը, պատմելով ԵՔՎ պետ Ն. Նազարյանի՝ հանձնարարությամբ /որն, ըստ նրա, կատարել է Երիցյանի կարգադրությունը/ Մելքոնյան Սուրիկի հետ կրակված 32 փամփուշտները ՀՔԾ տանելու մասին, որոնք, ըստ նրա Վ, Հարությունյանին է տվել Սուրիկը:

Մեկ այլ հարց, որի մասին քննիչը ցանկացել է տեղեկություն ստանալ Քեշիշյանից, վերաբերվել է ՀՔԾ-ում 2008-ին տված ցուցմունքները հետին թվով թվագրված լինելուն, որի վերաբերյալ նա տեղեկություն չի ունեցել՝ ասելով՝ չեմ մտաբերում նման բան, հետևաբար ոչինչ ասել չի կարող:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ