Քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ապաշնորհ է և ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:
«Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է:
ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ նախագահը անտեսել էին Կանոնակարգ օրենքով արտահերթ նիստ հրավիրելու բազմաթիվ կանոններ:
Մասնավորապես. իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի ներկայիս կազմին ապօրինի հեռացնելու հարցում, որ նույնիսկ պատրաստ էր արտահերթը նշանակել ավելի շուտ, քան իրավունք ուներ:
ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի:
Կանոնակարգ օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում:
Ակնհայտ է, որ ԱԺ խորհուրդը երեկ նիստ չի գումարել:
Լավ է, որ ԱԺ-ում դեռևս մնացել են այնպիսի մարդիկ (միայն աշխատակազմում` հին կադրերից), որոնք կարողացել են նկատել այս ակնհայտ անհեթեթությունը, ակնհայտ ապօրինությունը և ուշ ժամի ԱԺ կայքից պարզապես ջնջել են այդ հայտարարությունը:
Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն ի զորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետևանքով»,-գրել է Արսեն Բաբայանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը