Ադրբեջանցի գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հերթական խորհրդակցություններից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին ընդգծել է Լեռնային Ղառաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը:
«Առաջին. Հակամարտությունը, որը հասցեագրվում է միջազգային մանդատ և աջակցություն վայելող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չունի։
Երկրորդ. Արցախի ժողովորդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը։ Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: «Առանց սահմանափակման» տերմինն պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը ունենալ և որոշել իրենց կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչ արտահայտվեց նաև 2016թ-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիան. այս ամենն ընդգծում են Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը։
Ադրբեջանը պետք է ստանձնի Արցախում բնակվող ժողովրդի իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով առանց որևէ սահմանափակման իրենց ինքնորոշման իրավունքի ճանաչման անմիջական պարտավորություն:
Երրորդ․ Արցախի ժողովրդի անվտանգությունն ենթակա չէ զիջման։ Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։ Չի կարող լինել որևէ իրավիճակ, որը ձևավորի Արցախի ժողովրդի էկզիստենցիալ անվտանգության անմիջական վտանգ, ինչպես դա եղավ 1991-1994 թվականներին և 2016թ.-ին: Այս միտքն առավել ընդգծելու նպատակով՝ ցանկանում եմ վկայակոչել Արցախի՝ ներկայումս Ադրեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքներում ստեղծված իրավիճակը, որտեղ հայերը ենթարկվել են էթնիկ զտումների և որոնք այժմ լիովին վերաբնակեցված են ադրբեջանցիներով։ Այս իրականությունը վերջերս ներկայացվել է Ադրբեջանի ղեկավարության կողմից որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման լավ օրինակ։
Չորրորդ. խաղաղ կարգավորումը պետք է լինի ներառական՝ հակամարտության բոլոր կողմերի անմիջական ներգրավմամբ: Ուստի, Արցախն իր ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով պետք է բանակցային գործընթացի անմիջական կողմ լինի: Այս առնչությամբ մենք ընդգծում ենք խաղաղ գործընթացում, մասնավորապես բովանդակային հարցերում Արցախի ընտրված ներկայացուցիչների լիակատար ներգրավման անհրաժեշտությունը: Հայաստանի կառավարությունը երբեք չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք կարող են խախտել Արցախի ժողովրդի` իր սեփական քաղաքական կարգավիճակը ազատորեն վճռելու իրավունքը և զրկել նրանց այս գործընթացի նկատմամբ սեփականության զգացումից:
Հինգերորդ․ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի։ Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավորը։ Խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ լարվածության և ռիսկերի էսկալացիայի միջավայրում։ Հետևապես, Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը պետք է խստագույնս պահպանվեն և ամրապնդվեն։ Ռիսկերի նվազեցման մեխանիզմները պետք է ներդրվեն, այդ թվում հրադադարի խախտումները հետաքննող և հրադադարի ռեժիմի մոնիտորինգի ԵԱՀԿ մեխանիզմները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման միջոցով։
Վեցերորդ. պետք է անվերապահորեն հավատարիմ մնալ ուժի և ուժի սպառնաիքի չկիրառման հիմնարար սկզբունքին: Ադրբեջանի ղեկավարության կողմից հրահրվող և ուղղորդվող ատելության, անհադուրժողականության, այլատյացության, հայատյացության քաղաքականությունը պետք է դատապարտվի: Պետք է ջանքեր ներդրվեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղությանը նպաստող միջավայր ձևավորելու ուղղությամբ:
Յոթերորդ. Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումները, որոնք հաշվի չեն առնում Արցախի ժողովրդի կամքն ու մտահոգությունները, խաղաղ կարգավորման գործընթացի բովանդակային առաջընթացի հիմնարար խոչընդոտներն են։ Դրա վկայությունն է Ադրբեջանի իշխանությունների անկարողությունը փոխադարձել Հայաստանի փոխզիջման կոչը։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը ցուցաբերեց քաղաքական ուժեղ կամք՝ հայտարարելով, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, ինչը նշանակում է, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով», - հատարարել է ՀՀ ԱԳ նախարարը։
Մնացականյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է բանակցային գործընթացին և շարունակելու է հետևողականորեն աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Միևնույն ժամանակ, անընդունելի է, երբ Ադրբեջանում ներկայիս ներքաղաքական զարգացումների լույսի ներքո վերջինս խաղաղության գործընթացի համար ներկայացնում է նախապայմաններ, որոնք հրապարակվել են նախարարական խորհրդի նախօրեին շրջանառված փաստաթղթում: Հայաստանը մերժում է նման ոչ կառուցողական մոտեցումը:
Անցյալ ամիս մենք ցույց տվեցինք հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման համեստ, բայց կարևոր օրինակ։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակումը վստահության ձևավորման և կողմերի միջև հանրային մակարդակում ներառական երկխոսության խոստումնալից օրինակ է։ Մենք պատրաստ ենք հետագայում կառուցել այս փորձառության հիման վրա։ Նաև, շփման գծի երկայնքով և միջպետական սահմաններում խախտումների հարաբերականորեն ցածր մակարդակը, իչպես նաև ուղիղ կապի կիրառումը պետք է պահպանվի և ընդլայնվի։ Այնուհանդերձ, մեզ շարունակում է լրջորեն մտահոգել այն փաստը, որ չնայած այս միջոցների շարւնակվել են արձանագրվել զոհեր և վիրավորներ, որոնցից հնարավոր էր խուսափել։ Արդեն իսկ ստանձնած հանձնառությունների իրականացումը առանցքային նշանակությունի ունի հիմնախնդրի վերջնական կարգավորման հեռանկարի ուղղությամբ վստահության ձևավորման համար», - ասել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը