Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը լուսանկար է հրապարակել՝ «Աղդամն իմ հայրենիքն է» վերտառությամբ։
Ենթատեքստը հասկանալի է։ Կարելի է ապրել PR-ով, կարելի է աշխատանքը ստորադասել PR-ին. փուլ է, մի որոշ ժամանակ կարելի է դիմանալ։ Բայց հանուն PR-ի չի կարելի վտանգել պետության ռեալ շահերը։ Վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման տակից մինչ այսօր դեռ դուրս չենք եկել։ Ադրբեջանը ստացել է լավ նվեր և ամեն առիթով մինչև վերջին կաթիլը օգտագործում է այն։ Մենք դրան ոչինչ չունենք հակադրելու։
Համանախագահները դիվանագիտության սահմաններում համաձայնում են Ադրբեջանի տեսակետին։ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն այս ձևակերպումից հետո իր համար կրակելու լեգիտիմ հիմքեր է ձևավորում և սահմանին կրակում է։ Ադրբեջանի ղեկավարությունը բանակցությունները սառեցնելու նպատակով իր համար լեգիտիմ հիմքեր է ստեղծում և դրանում մեղադրում Հայաստանին։ Փաշինյանը տվել է այդ հնարավորությունը։ Հիմա՝ նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանապազօրյա PR-ն արեք այլ միջավայրերում։ Արեք՝ ինչ ուզում եք, բայց՝ սահմանից, Արցախից, անվտանգության թեմաներից հեռու։ Թող ոչ ոք չկասկածի, որ տարածքային կառավարման նախարարի, իշխող ուժի՝ ՔՊ-ի վարչության անդամի անմիտ քայլը ադրբեջանական կողմը դարձյալ մինչև վերջին կաթիլն օգտագործելու է դիվանագիտական իր դիրքերն ուժեղացնելու համար։ Ու, ցավոք, նաև կրակելու համար։ Անկեղծորեն հետաքրքիր է՝ Պապիկյանը հասկանո՞ւմ է ռիսկերը, դիտմա՞մբ է անում։ Աղդամը, Պապիկյան և այլք, առաջին հերթին անվտանգության գոտի է։ Այն ազատագրվել է, որպեսզի այնտեղից Արցախի խաղաղ բնակավայրերը չռմբակոծվեն։ Աղդամն ազատագրվել է, որպեսզի մարտական գործողությունները Արցախի տարածքից դուրս գան և տեղափոխվեն հակառակորդի տարածք։ Աղդամի ազատագրումը եղել է կարևորագույն ձեռքերում և հնարավոր է եղել բացառիկ ջանքերի ու, ցավոք, ծանր, ցավոտ կորուստների գնով։
Ի դեպ, Աղդամում նուռ ուտելիս հիշեք, որ այն անվտանգ է դարձել ու այն ազատագրել են նրանք, ում դուք այսօր դատում եք՝ Ռոբերտ Քոչարյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով։
Մարինե Սուքիասյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը