26 08 2019

Պայքարողների մեծ մասը «Իմ քայլին» ձայն չի տվել. ԱԺ նախագահը՝ Ամուլսարի մասին

Պայքարողների մեծ մասը «Իմ քայլին» ձայն չի տվել. ԱԺ նախագահը՝ Ամուլսարի մասին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ ինքը ևս մտահոգություններ ունի։

«Ո՞նց կարող է ողջախոհ մարդը չունենա մտահոգություն։ Ուրիշ բան, որ այդ մտահոգությունները կարող են փարատվել, չփարատվել և բազմաթիվ այլ տարբերակներով։ Ո՞նց կարող է ՀՀ որեւէ քաղաքացի անտարբեր լինի, որեւէ հանքի գործունեությամբ պայմանավորված՝ թափոններով եւ այլն։ Որեւէ մեկն այս երկրի թշնամին չէ կամ այս երկրին կողքից չի դիտում, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը եւ մտահոգություններ որեւէ հանքի հետ կապված կառաջանար։ Պետք է նայենք, տեսնենք՝ ինչպես պնդվում է՝ ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, նոր ՇՄԱԳ–ի անհրաժեշտության կարիք կա՞, թե՞ ոչ։ Սպասենք՝ մասնագիտացված կառույցն իր խոսքն ասի, հետո մնացածը սառը գլխով կարող ենք քննարկել։

Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ դրանից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, թեեւ, իհարկե, այն խմբերը, որոնք ակտիվորեն պայքարում են, այսպես ասած, «Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու» սկզբունքից ելնելով, չեմ կարծում, որ այդ ակտիվ մարդկանց մեծ մասը, այնուամենայնիվ, «Իմ քայլին» են ձայն տվել։ Եթե ՇՄԱԳ–ի կարիք չլինի եւ գնանք հանքի շահագործման, եւ որեւէ այլ հարցում, իհարկե, կարծում եմ, որ կարող են լինել որոշումներ, որից մեր իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել։ Որեւէ իշխանություն արդյոք պե՞տք է մտածի եւ որոշի մի միայն վարկանիշից ելնելով, թե՞, այնուամենայնիվ, կարող են լինել իրավիճակներ, երբ որեւէ որոշում պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն այդպիսի որոշման կայացումը։ Այստեղ պետք է պատասխանատվությունից խոսենք։ Հավատի հարց չէ, ես կարող էի հավատալ, չհավատալ, բայց պետք է ունենանք մասնագիտացված եւ դրա համար լիազորված մարմնի պրոֆեսիոնալ կարծիքը»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ եզրակացության փաստաթուղթը չի կարդացել, բայց վստահում է Քննչական կոմիտեին։

Տարաձայնությունների հարցին անդրադառնալով՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ դրանք տարաձայնություններ, կամ պառակտում չեն, այլ բազմակարծություն։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ