26  08  2019

Վարչապետի խոսնակի ահռելի կարողությունը. Politik.am

Վարչապետի խոսնակի ահռելի կարողությունը. Politik.am

Politik.am-ը  գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաճախ է խոսում նախկին իշխանությունների՝ «հանցավոր» լինելու մասին։ Կարապետյանը հաճախ է նաև այս կամ այն լրատվամիջոցին կապում նախկին իշխանությունների հետ և փորձում նսեմացնել դրա աշխատանքը։

Իսկ ո՞վ է եղել Վլադիմիր Կարապետյանը մինչև 2008 թվականը։ Կարևոր է հասկանալ նաև, թե ինչպես է Վլադիմիր Կարապետյանը կարողացել կուտակել այն կարողությունը, որն այսօր ունի։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Կարապետյանը «հանցավոր» ռեժիմի տարիներին՝ 1995 թվականից մինչև 2008 թվականը, տաբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում։

Ի՞նչ կարողություն ունի Կարապետյանը

Վլադիմիր Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր ունեցած գույքի և կարողության մասին հայտարարագիր։ Հանձնաժողովից Politik.am-ին տեղեկացրին, որ Կարապետյանը դեռևս նման օրինական պարտավորություն չունի։ Մենք փորձեցինք մեր աղբյուրների միջոցով ճշտել, թե ինչ կարողության տեր է Վլադիմիր Կարապետյանը։ 

Վլադիմիր Կարապետյանը ունի 3 բնակարան բազմաբնակարան շենքերում, որոնք գտնվում են Նոր Նորք համայնքում։ Վարչապետի խոսնակը ունի նաև մեկ շքեղ առանձնատուն, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական փողոցում։ 

Կան նաև տեղեկություններ, որ Կարապետյանը և դերասան Հովհաննես Ազոյանը միասին են հիմնել «Ոսկեվազ» ռեստորանը։ Ըստ նույն այդ աղբյուրների պնդման՝ Կարապետյանին է պատկանում Արշակունյաց  50Ա հասցեում գտնվող դեղատունը, որը գրանցված է «Հայր և որդի Թովմասյաններ» ՍՊԸ վրա (այս տեղեկությունները նախնական են)։

Հետաքրքիր է, թե ինչպես է ամբողջ կյանքը պետական պաշտոն զբաղեցրած անձը կարողացել նման կարողություն կուտակել։ Որոշները կարող են պնդել, որ Կարապետյանը իր կարողությունը կուտակել է պետական պաշտոնը թողնելուց հետո, բայց այս դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչպե՞ս է ռադիկալ ընդդիմադիրը «հանցավոր» իշխանության պայմաններում նման հաջողություններ արձանագրել։

Ի դեպ, ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ Կարապետյանը ժամանակին այդքան էլ վատ հարաբերություններ չի ունեցել «հանցավոր» ՀՀԿ-ական իշխանությունների հետ։ Քաղաքական որոշ գործիչներ  նկատում են, որ 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների Ժամանակ այն ընտրատեղամասերում, որտեղ որպես ընդդիմության ներկայացուցիչ վերահսկողություն է իրականացրել  Վլադիմիր Կարապետյանը, իշխող ՀՀԿ-ն աննախադեպ խոշոր ձայների տարբերությամբ հաղթել է։ Ասում են՝ Կարապետյանի ներկայությունը օրհնանք է եղել ՀՀԿ-ի համար։

Պատրաստ ենք հրապարակել Վլադիմիր Կարապետյանի հայտարարագիրը, որը նա կներկայացնի մեր խմբագրություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ