Բոլոր նրանք, ովքեր երկուշաբթի կեսօրին ինչ-որ չափով դեռ վստահում էին վարչապետին ու որոշակի հույսեր կապում նրա հետ, պառկեցին քնելու վճռական ու համոզված հակաթավշական դարձած: Փաշինյանի վարկանիշն այլևս անհույս է։ Ժողովրդի ընկալումներում նա անուղղելի ստախոս ու իշխանապաշտ հարմարվողական է: Նա հանուն սնափառության` անվարան կարող է հերքել իր ողջ անցյալն ու ինքն իրեն և պոպուլիզմի գործիք դարձնել մերձավորներին ու մտերիմներին։ Թերևս, նա դեռ 4 տարի առաջ` առաջին իսկ պատեհության դեպքում էր ապացուցել, որ իշխանության հասնելու համար և՛ կզոհաբերի «մեծ խառնակիչ» հոգեհորը, և՛ կդավաճանի դեռ երեկ դավանած ամեն ինչ։
Ամուլսարի հիմանխնդրային ու «փորձաքարային» պրոբլեմի թեմայով նրա լայվը հետաքրքրել էր աննախադեպ սակավ լսարանի։ Դատելով հնթացս պասիվ արձագանքներից` լսարանի հիմնական մասը հենց այդ ֆունկցիայի համար բյուջեից վարձատրվող ու բյուջետային հաստիք ստացած ֆեյքերն էին։ Ավելի ուշադիր լինելու դեպքում կարելի էր նկատել, որ շատերը հռետորի խոսքին ականջ չէին էլ դնում ու անկապ հիացմունք էին հորդում։ Սակավները` ովքեր լսում էին ինքն իրեն մերժող վարչապետի խոսքը` լայվի կեսից վարձովի հիացմունքի փոխարեն անկեղծ վրդովմունք էին արտահայտում։
Ժողովրդին վհատեցնում ու հուսահատեցնում է հենց այն, որ երկրի ղեկը վերցրածը անորոշություն, քաոս, շանտաժ, մատնություն ու սուտ է սերմանում: Մինչդեռ ժողովուրդը նախ և առաջ վաղվա օրվա նկատմամբ հաստատունություն, վստահություն, արդարություն ու ազնվություն է ուզում: Պատասխանատվության զգացողությունից զուրկ վարչապետն, ցավոք, այլևս անկարող է ժողովրդի սպասումներն իրագործել. և այս իրողությունը գիտակցում են․․․ բոլորը։
Դեռ քննարկման փուլն է, բայց արդեն բացահայտ է, որ Ամուլսարի թնջուկն առնվազն երեք թևի է բաժանել իշխանությունը։ Մինչդեռ առջևում անհամեմատ ավելի «պառակտիչ» Ստամբուլի կոնվեցիայի մարտահրավերն է, որի դեպքում կռվան են դառնալու անխտիր բոլոր կետերը և ինքնաբերաբար բխող աշխարհաքաղաքական ու արժեհամակարգային, բարոյական ու էթիկական, ազգային ու ապազգային կողմնորոշումների, պետականակերտ ու պետականակործան մտածողությունների բախումները։
Իշխանական «ընտրախավից» հստակ ազդակներ են գալիս, որ եթե ապրիլին Փաշինյանի իշխանակալական մինիմում պլանը` դեկտեմբերից հետո իմփիչմենթի բոլոր հնարավոր օջախները լռեցնելն ու սեփական Սահմանադրական դատարան ունենալն էր, ապա այժմ նրա մաքսիմում պլանն է` մինչև հոկտեմբեր իշխանությունը պահելու միջոցով նահանջի երաշխիքներ ապահովելը։ Ներիշխանական սրընթաց պառակտումը, սրան զուգահեռ «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևով քաղաքական համախմբման անշեղ զարգացումը, սեպտեմբերից դեկտեմբեր ճակատագրական իրադարձությունների շարքը, Փաշինյանի օրեցօր խորացող արկածախնդրությունը միարժեք հուշում են, որ անելանելի վիճակում է։
Նա նույնիսկ Սցիլայի ու Խարիբդայի արանքում չէ` չունի որևէ ընտրության հնարավորություն, քանի որ հիմնավորապես հաստատվել է Սոդոմի խորքերում։ Միակ փրկօղակաը կարող է լինել ինքնակամ և խոհամիտ հրաժարականը։ Այլապես շատ շատով կլինի ժողովրդի միանշանակ ու անզիջում պարտադրանքը։
Արթուր Մխիթարյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը