Zham.am-ը գրում է․ «Երեկվա ՀՀ 2-րդ նախագահի հարցազրույցի այն մասը, որ «... պետական ապարատը ծառայում էոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որբխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից...» այսօր արդեն տեսանելի է հանրության ճնշող մասի կողմից:
Անցած տարվա Ապրիլյան հեղափոխությունը հանրության մեծ մասի մոտ մեծ հույսեր արթնացրեց, սակայն այն փաստացի «սեփականաշնորհվեց» բացառապես մեկ մարդու կողմից: Սեփականաշնորհվեց այնպես, ինչպես 5 տարեկան երեխան իր մեքենան ոչ մի այլ երեխայի թույլ չի տալիս նույնիսկ ձեռք տալ: Սովորաբար այդպիսի երեխաներին անվանում են «չտեսներ»: Սրանք այն երեխաներն են, որոնք իրենց կյանքում քիչ բան են ստացել, և հիմա իրենց ամեն մի խաղալիքի վրա դողում են: Սակայն, սովորաբար, այդ երեխաներին իրենց հասակակիցները չեն սիրում: Նրանց ընդհանուր խաղերի մեջ չեն նեռարում, իսկ երբեմն նույնիսկ ծեծում են: Մեծերի մոտ նույն երևույթը նույնպես վատ է ընկալվում, իսկ այն քաղաքական գործիչներն, ովքեր իրենց «ես»-ից բացի այլ բան չեն տեսնում, շատ տխուր ավարտ են ունենում:
Փաշինյանի ճակատագիրը հենց այդ շարքից է լինելու:
Սակայն Փաշինյանի այս գործելաոճը բնորոշ չէր միայն իրեն: Բոլոր գավառամիտ դիկտատորները հասնելով իշխանության` սկզբից վայելել են իրենց փառքը, իսկ վարկաբեկվելուց հետո հեռացվել են իշխանությունից: Սադդամ Խուսեյն, Մուամառ Քադաֆի, Էլչիբեյ, Գամսախուրդիա և այդպես շարունակ: Բոլոր այս գործիչները հեռացվել են իշխանությունից այն պատճառով, որ պետական համակարգը դարձրել էին իրենց կապրիզների սպասարկման միջոց` անկեղծ համարելով, որ այդ կապրիզները առնվազն չեն հակասում պետական շահին: Զարմանալիորեն նրանցից ոչ մեկը այդպես էլ չհասկացավ, որ անձնական կապրիզներով չի կարելի պետություն ղեկավարել: Դրան մեծապես խանգարում էր այն հանգամանքը, որ սկզբնական փուլում այդ գործիչները, հիմնականում, ունենում էին մեծ հարգանք ու աջակցություն հանրության մեծ մասի կողմից:
Բառացի այսօր նույն բանը կատարվում է Փաշինյանի հետ: Երբ մեկ տարի առաջ նա հայտարարում էր, որ հանրապետականներն ու Սերժ Սարգսյանը ադեկվատ չէին պատկերացնում իրականությունը,հարյուր տոկոսով ճիշտ էր: Սակայն ճիշտ է նաև այն, որ հանրապետականներն արագ հասկացան իրենց սխալները, իսկ ինքը՝ Փաշինյանը շատ արագ «հանրապետականացավ» և այսօր արդեն ինքն ադեկվատ չի պատկերացնում իրականությունը:
Իսկ այն թեզը, որ ըստ հարցումների նա այսօր էլ ունի 60 տոկոս վարկանիշ, պետք է նշել, որ 2017-ի ընտրություններից առաջ նույն հարցում կատարողների արդյունքներով ՀՀԿ-ն նույնպես ուներ ամենամեծ վարկանիշը: Այստեղ ոչ մի տարօրինակություն չկա, պարզապես հանրությունը հարգում ու գնահատում է ուժին, իշխանությանը, և դա եղել է բոլոր ժամանակներում: Սակայն, երբ առաջանում է ճգնաժամ, ապա նույն հանրությունը արագ կողմնորոշվում է նոր իրավիճակում և նոր ուժեղի կողմն է անցնում: Օրինակ` 1996-ի օգոստոսին ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ Տեր-Պետրոսյանի վարկանիշը 60 տոկոսից չէր իջնում: Նույնը Սերժ Սարգսյանի մոտ էր 2013 թվականին:
Իսկ այսօրվա Փաշինյանի վիճակը նույնիսկ ավելի վտանգավոր է քան Տեր-Պետրոսյանինը` 1996-ին, կամ Սեր Սարգսյանինը` 2013-ին: Եվ այն պատճառով, որ Փաշինյանի վարկանիշը կայուն իջնող բնույթ ունի, քանզի էյֆորիայով պայմանավորված վարկանիշը երբեք կայուն բնույթ չի ունեցել:
Փաշինյանը մսխեց իր վարկանիշը իր իսկ ագահության պատճառով, երբ իշխանության գալուց հետո նա նույնիսկ իր վաղեմի ընկերներին՝ Արամ Զավենիչին ու Էդմոն Մարուքյանին խաղից դուրս թողեց այն պատրվակով, թե նրանք ապրիլին չաջակցեցին իրեն: Իսկ Երևանի քաղաքային նախընտրական քարոզի ժամանակ Փաշինյանը իր երբեմնի թիմակիցներին նույնիսկ անվանեց «սևեր», այն Արամ Զավենիչին ով ուղղակի երազում էր լինել Փաշինյանի գրպանում:
Մի՞թե պարզ չէ, որ նման նեղմիտ անձնավորությունը չի կարող ունենալ ապագա:
Հենց այսպիսի գործիչների մասին է հայտնի ռուսական ասացվածքը` «Жадность фраера сгубила»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը