30 07 2019

Եթե չեք կարող օգնել, ապա հեռու մնացեք մեր բանակից. քաղաքագետ

Եթե չեք կարող օգնել, ապա հեռու մնացեք մեր բանակից. քաղաքագետ

Տպավորություն է, թե ոմանք թախտին նստած, հարյուր հիսուն տարեկան ագռավի հայացքով սպասում են, որ ռազմաճակատի գծում զինվոր վիրավորվի կամ սպանվի, որ իրենց «հզոր մտքերը» սփռեն բանակի, զինված ուժերի վերաբերյալ, ներկայացնեն իրենց պատկերացումները, քննադատեն մեր զինվորականներին եւ Բաքուն արյան ծով դարձնելու եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր անեն:

Այս ամենը ոչ միայն տխուր է, այլ նաեւ մտահոգիչ: Ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւաններ, ունենալ Արցախի դեռեւս չլուծված խնդիր եւ առիթ փնտրել բանակին եւ զինվորականներին վարկաբեկելու համար, մեղմ ասած, ճիշտ չէ:

Անթույլատրելի եւ դատապարտելի է ռազմաճակատի գծի այս կամ այն իրադարձությունն օգտագործել զինվորականներին սեւացնելու եւ սեփական քաղաքական գովազդն անելու համար: Կարճ ասած, նման գործելաոճը նաեւ անբորոյականություն է:

Ասելիք, առաջարկներ ունեք, ապա սուսուփուս, առանց թմբուկի եւ շեփորի դրանք ներկայացրեք համապատասխան մարմիններին, թե չէ ստացվում է, որ ձեզ ոչ թե զոհերն են հուզում, այլ ձեր սեփական գովազդը:

Բանակի մասին չի կարելի է հրապարակավ սիրողական մակարդակի հայտարարություններ եւ կոչեր անել: Բոլոր թերություններով հանդերձ, ունենք մոտ երեք տասնամյակում կայացած եւ զարգացած զինված ուժեր, որոնք պատրաստ են իրականացնել ամենաբարդ հանձնարարականներն ու հրամանները: Մեր տղաները մեր սահմանները բավական լավ եւ ամուր պահում են Նոյեմբերյանից մինչեւ Մռավ, Մռավից մինչեւ Արաքս, Ամասիայից մինչեւ Մեղրի:

Մեր բանակը զինված է բավական լավ զինատեսակներով ունենք հրաշալի զինվորներ եւ հրամանատարներ, եւ եթե նրանց աշխատանքի բարելավման վերաբերյալ առաջարկներ ունեք, ապա այն կարող եք շարադրել եւ ներկայացնել, եւ ոչ թե ողբերգությունը, միջադեպն առիթ դարձնեք ձեզ գովազդելու եւ միաժամանակ զինվորականներին հեղինակազրկելու համար:

Չի կարելի զինվորականներին սեւացնել, չի կարելի նրանց ներքաշել քաղաքական խաղերի մեջ, չի կարելի նրանց ներքաշել քրեական գործերի մեջ: Զինվորականներին պետք է չխանգառել, առանց աղմուկի օգնել:

Դժվար է հասկանալ բոլոր նրանց, ում համար մարդկային կյանքը արժեք չունի, ովքեր պատրաստ են վերացական կամ ոչ վերացական կասկածելի կամ ոչ կասկածելի նպատակին հասնելու համար զոհաբերել մարդկային կյանքեր: Սահմանին մեր տղաներն են կանգնած, որոնք ունեն երազանքներ, նպատակներ, որոնք ուզում են ապրել լավ երկրում, որոնք սուսուփուս իրենց պարտքն են կատարում: Չհամարձակվեք խաղալ նրանց ճակատագրերի հետ:

Չկարծեք, որ ով կոչ չի անում Բաքուն դարձնել արյան ծով նա հայրենասեր չէ կամ վախկոտ է: Պետություն, բանակ ղեկավարելը բարդ եւ ծանր գործ է: Բանակը ստեղծվել է տարիների ծանր եւ բարդ աշխատանքով:

Եւ մի շահարկեք 800 հեկտարը, մի զրոյացրեք մեր քաջ տղաների արածը, որոնք կանգնեցրին եւ դուրս շպրտեցին ադրբեջանցիներին մեր տարածքներից: Համակարգչի հետեւում կանգնած այնքան հեշտ է կոչ անել տղաների (որոնք ձեր որդիները եւ հայրերը չեն) կյանքի գնով հետ բերել այդ ութ հարյուր հեկտարը:

Փորձը ցույց է տալիս, որ նման կոչեր անողները, որպես կանոն, ոչ տեսել են, թե ինչ է պատերազմը, ոչ էլ ռազմաճակատի գծին են մոտ եղել: Չեն եղել, բայց առիթի են սպասում, որ ռազմաճակատի գծում գրանցված միջադեպն օգտագործեն քաղաքական այս կամ այն խնդիրը լուծելու համար կամ փորձեն ավելի վատթարացնել հայ-ռուսական հարաբերություններըև, կատարվածի համար մեղադրելով ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանին:

Բանակը, զինված ուժերը, այնտեղ ծառայող մեր տղաներին, մեր հրամանատարներին հանգիստ թողեք: Չեք կարող օգնել, ապա հեռու մնացեք մեր զինված ուժերից եւ մտքեր արտահայտեք իկեբանայի կամ բալետի վերաբերյալ, դա հաստատ ավելի անվնաս զբաղմունք է:

Գեղամ Նազարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ