18 07 2019

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ապա Փաշինյանը հակապետական խառնակիչ է. zham.am

Եթե Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ապա Փաշինյանը հակապետական խառնակիչ է. zham.am

Zham.am-ը գրում է.

Երեկվա Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ամենաանհեթեթ մասերից էր Քոչարյանի մասին  իր դատողությունները: Մասնավորապես նա նշեց, որ եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա լեգիտիմացվում է  «տանկերով մարդկանց բողոքը ճնշելու»  թեզը, այդ իսկ պատճառով, ինքը ` Փաշինյանը,  կարող է նույնպես լեգիտիմ իրավունք ունենալ «տանկեր հանելու մարդկանց դեմ»:

Այս բառախաղով Փաշինյանը ցույց տվեց իր իրական վախերը ՀՀ  2-րդ նախագահից,  բայց մինչ դա փորձենք ներկայացնենք իր խոսքերի խոցելիությունը հենց իր համար:

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող ընկալվել  որպես քաղբանտարկյալ, քանզի 2008-ին «տանկեր է հանել բողոքավորների դեմ»:

Եթե այդպես է, ապա ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ էլ Փաշինյանը  չեն կարող համարվել քաղաքական խղճի համար պայքարող գործիչներ: Քանզի 1996թ.-ին առաջինը հենց Տեր-Պետրոսյանը  դուրս բերեց տանկերը  բողոք հնչեցրած ժողովրդի դեմ: Ավելին՝  նա իր այդ քայլով  հիմք դրեց այդ ավանդույթը, որ հետագայում նույնպես կարողանան  կրկնեն այդ քայլը: Սակայն արի ու տես, որ Փաշինյանը դա «չի նկատում»: Ավելին՝  2008 թ.-ին նա Տեր-Պետրոսյանի կողքին էր կանգնել, այսինքն՝  «տանկերով մարդկանց ճզմողի կողքին էր կանգնել» ու դրանով իսկ հիմք տալով,  որ իր հանդեպ վարվեն համապատասխան ձևով: Փաստացի Փաշինյանը իր երեկվա հարցազրույցում լեգիտիմացրեց իր հանդեպ բռնաճնշումներն այն ժամանակվա իշխանությունների կողմից: Այսպիսի  քաղաքականապես  ինքնասպան  միտք  դժվար էր պատկերացնել:

Փաշինյանը նույնիսկ չհասկացավ, որ իր պատասխանով, փաստացի, ինքն իրեն քաղաքական ահաբեկիչի և խառնակիչի պիտակ կպցրեց: Ուշադրություն դարձնենք, որ դա իր հակառակորդները չարեցին. ինքը արեց, ընդ որում ՝ չգիտակցելով :

Պարզ է, որ Քոչարյանի թեման իր կոկորդին է մնացել,  և դրանից նա այլևս չի կարողանա ազատվել, բայց դա իր որոշումն է: Մի կողմ թողնենք, որ ժամանակն աշխատում է Քոչարյանի օգտին, քանզի ժամանակի ընթացքում մարդիկ տեսնելու են Փաշինյանի ողջ սնանկությունը և հիշելու ԵՆ   քոչարյանական ժամանակների սրընթաց տնտեսական զարգացումը:

Մի կողմ թողնենք նաև, որ այս հարցում կան նաև արտաքին գործոն:

Սակայն գլխավորն այդ խնդրի բարոյական կողմն է: Եթե դու ուզում ես դատապարտել 2008 թ.-ը, բայց  ուզում ես շրջանցել 1996 թ.-ը, ապա վաղը հայտնվելու ես վտանգավոր ծուղակում, քանզի մարդիկ տեսնելու են, որ դու շարքային խաբեբա ես  և նույն բանի համար մեկին գործընկեր ես, իսկ մյուսին ուզում ես պատժել: Միթե պարզ չէ, որ Փաշինյանն ինքն  իր քայլերով  Քոչարյանին  տալիս է քաղբանտարկյալի կարգավիճակ: Անշուշտ, երբ հանրության մեջ սպասումներ են լինում մարդիկ այս խնդիրը չեն նկատում, իսկ, երբ այդ սպասումների էյֆորիան ավարտվում է, մարդկանց աչքերը բացվում են,  և նրանք տեսնում են, որ նրանց  դաժանորեն խաբել են: Իսկ խաբված ամբոխից վտանգավոր այլ բան չկա:

Այ հենց այդ ժամանակ էլ առաջանալու է հաշվետվություն տալու պահը, որը  Փաշինյանի համար  չափազանց  դժվար է լինելու:

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ