Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Արդյո՞ք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է առաջնային։ Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը, և, բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խիստ կարող է դառնալ՝ մեր դեպքում․ ո՞ւմ շահն է առաջնային՝ Նիկոլի՞նը, թե՞ պետությանը։
Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։
Օրինակ, ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը՝ հաստատ պետության շահերից չի բխում, կամ ո՞ւմ շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը՝ հաստատ պետության շահերից չի բխում, կամ, ո՞ւմ շահերից է բխում խորհրդարանը լցնելը ապաքաղաքական զանգվածով՝ հաստատ դա պետության շահերից չի բխում։
Այդ դեպքում ում շահերից է դա բխում, ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումները ընդունողի շահերից և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող, կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով ներարկել։ Փոորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակով դա հնարավոր է։
Մյուս կողմից Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չի և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ինչ վեաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում, դեռևս պարզ չի։ Այս առումով Նիկոլը մեղավոր չի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը