17 06 2019

ՏՄՊՊՀ նորընտիր նախագահը կադրային ջարդ է սկսել․ «168 Ժամ»

ՏՄՊՊՀ նորընտիր նախագահը կադրային ջարդ է սկսել․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում «հնի» ու «նորի» կռիվ է: Ըստ որոշ լուրերի՝ գրեթե 1 ամիս առաջ հանձնաժողովի նախագահ ընտրված Գեղամ Գևորգյանը կադրային ջարդ է սկսել և բացահայտ հայտարարում է, թե բազմաթիվ մարդկանց խոսք է տվել աշխատանքի տեղավորել իրեն վստահված կառույցում: Եվ քանի որ ՏՄՊՊՀ-ի աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, երկարատև աշխատանքային փորձ ունեն, առավել ևս՝ վարչությունների ղեկավարների շարքում անգամ դոկտորներ կան, այսինքն՝ չի կարող կամայականորեն հեռացնել պաշտոններից, խորամանկ քայլ է մտածել՝ իրականացնել կառուցվածքային փոփոխություններ:

168.am-ը Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ է նախատեսել ՏՄՊՊՀ-ում: Նա նշեց, որ դեռևս նման փոփոխություններ չեն կատարվել, սակայն, ըստ էության, հաստատեց, որ դրանք լինելու են:

«Կառուցվածքային փոփոխությունները, երբ արդեն վերջնական որոշած կլինենք, կանենք: Այս պահին վերջնական որոշում չունենք»,- ասաց Գ.Գևորգյանը:

Նա հերքեց, թե կադրային ջարդ է սպասվում.

«Աշխատակազմից մեկ-երկու հոգի կարող է դուրս եկած լինեն, բայց 90-95% մարդիկ աշխատում են: Ես բոլոր աշխատակիցներին գնահատում եմ իրենց կատարած աշխատանքով: Եթե նախկին կազմից էլ, նոր կազմից էլ կարողացավ պրոֆեսիոնալ աշխատել, կմնա, որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե մարդը չի կարողանում աշխատել, կամ, օրինակ, չի բավարարում չափանիշերին, չի մնա՝ անկախ նրանից, թե ինքը որ կազմից է»:

Թե ինչպե՞ս է աշխատել ՏՄՊՊՀ-ի նախկին կազմը, Գ.Գևորգյանն ասաց. «Իրենց առաջադրանքներ եմ տվել, կկատարեն, կտեսնենք՝ լա՞վ են աշխատում, թե՞ վատ: Նախկին աշխատանքով չեմ կարող գնահատել, որտե՞ղ տեսնեմ նախկին աշխատանքը, որ գնահատեմ»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ