07 06 2019

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողի հարցին

Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողի հարցին

Սանկտ Պետերբուրգում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև ադրբեջանցի լրագրողի հարցերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին ուղղված հարցերից մեկում, որը վերաբերում էր ԼՂ հակամարտությանն, ադրբեջանցի լրագրողն օգտագործել է ադրբեջանական քարոզչության համար արդեն սովորական՝ «օկուպացված տարածքներ» արտահայտությունը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Ինչպե՞ս կարելի է օկուպացնել ինչ-որ տարածք այն մարդկանց կողմից, ովքեր այնտեղ ծնվել են, ում պապերն ու պապերի պապերն են այդտեղ ծնվել են ու ապրել։ Ինչպե՞ս կարելի է այդ տարածքն օկուպացնել։ Տարածք, որտեղ այս մարդիկ սերնդեսերունդ, դարերով ապրել են. ինչպե՞ս կարելի է դա ընդհանրապես պատկերացնել»։

Փաշինյանը շեշտել է, որ ԼՂ հակամարտության սկսվելուց ի վեր Հայաստանը հայտարարել է, որ երաշխավորում է Արցախի անվտանգությունը։ «Եթե այդ անվտանգության երաշխիքը չտրվեր, ապա, դժբախտաբար, որևէ այլ երաշխիք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին չէր տրվի»,- հավելել է վարչապետը։

ՀՀ վարչապետը ադրբեջանցի լրագրողին հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստ են արցախա-ադրբեջանական  շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմ։

«Որպեսզի խուսափենք վեճերից, թե ով, որտեղ և երբ է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ  ձեռք էին բերվել դեռ 2016 թ-ին Վիեննայում: Խոսքը վերաբերվում է հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը հակամարտության գոտում»,- հավելել է Փաշինյանը:

Անդրադառնալով «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ   Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու թեմային՝ Փաշինյանը հիշեցրել է, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրող երկրպագուներին։

«Պատկերացրեք՝ երկրպագուները հայտնվում են ադրբեջանական ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ ընդամենը Մխիթարյանի անունով վերնաշապիկ կրելու համար: Կարծում եմ՝ դա ամեն ինչի մասին խոսում է»-ասել է Փաշինյանը:

Նա նկատել է` եղել են դեպքեր, երբ ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացին ցանկացել է այցելել Բաքու, սակայն թույլտվություն չի ստացել իշխանությունների կողմից:

«Դա շատ վատ նշան է: Կարծում եմ՝ նմանատիպ դեպքերը պետք է բացառել, որովհետև դրանք լարում են իրավիճակը: Հայաստանում նման խնդիր չկա: Վերջերս ադրբեջանական «Թուրան» գործակալության  լրագրողներից մեկն այցելել է Հայաստան, և, գիտեմ՝ որևէ խնդիր նա չի ունեցել, անվտանգության որևէ հարց նույնիսկ չի էլ բարձրացվել»,- ընդգծել է Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ