«Այսօր մենք գտնվում ենք խորը սահմանադրականության ճգնաժամի մեջ: Նշանակում է, որ մեր գործող սահմանադրությունը չի համապատասխանում իրական սահմանադրության չափանիշներին, որն էլ բխեցնում է մնացած՝ ավելի ցածր մակարդակի հակամարտությունները»,- մամուլի ասուլիսում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը։
Մենք, ըստ սահմանադրագետի, ունենք քաղցկեղածին ուռուցք՝ ի դեմս դատական համակարգի և պետք է որոշենք՝ ինչպե՞ս բուժել՝ դիմել բժիշկների՞ն, թե՞ հեքիմական կիսագրագետ բուժման: Քաղաքացիներն առաջնահերթություն են համարում հեքիմներին դիմելը, որոնք էլ կեղծ բուժում են անում։
Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանն ու վեթինգին, սահմանադրագետն ասաց․ «Եթե մենք ստեղծեցինք պետական մարմին, որն էլ իրականացնելու է վեթինգ, ապա ո՞վ պետք է այդ վեթինգ իրականացնողների օրինականությունն ու իրավական լինելը ստուգի: Այսինքն, մենք նոր խնդիր ենք ստեղծելու, որը լինելու է հավի ու ձվի պատմությունը:
Արդարադատությունը չի կարող գործել սանհմանադրաիրավական կարգավորումից և տրամաբանությունից դուրս: Արդարության չափանիշները չեն կարող լինել անորոշ, հետևապես, արդարադատությունը չի կարող լինել անորոշ: Արդարադատությունը չի կարող լինել անցումային, որովհետև արդարադատությունը պետք է իրականացվի բացառապես արդարության չափանիշի հիման վրա։ Իսկ այդ չափանիշները պետք է լինեն որոշակի, ոչ թե անորոշ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը