08 05 2019

Նիկոլ Փաշինյանը մնացել է Game of Thrones-ի 1-ին սեզոնի տակ․ Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը մնացել է Game of Thrones-ի 1-ին սեզոնի տակ․ Աշոտյան

Մայիսի 8-ին ՀՀԿ գրասենյակում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում արած հայտարարություններին։

Աշոտյանը նշեց, որ վարչապետը երկու վտանգավոր հայտարարություն է արել։

«Խոսելով Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին, նա բառացի ասաց, որ Հայաստանի դրական իմիջն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքը։ Ուրեմն՝ բանակը, զինվորը, ռազմադաշտում կոփված կադրերը, կրթությունը, մշակույթը, ինքնությունը հե՞չ։ Եթե Նիկոլ Փաշինյանն այս ասուլիսը տար ապրիլի 1-ին, այս ձևակերպումը կորակեի՝ որպես անհաջող կատակ։ Բայց նա այսպիսի հայտարարություն է անում՝ լինելով պոտենցիալ գերագույն հրամանատար, իմիջային զորքերի հրամանա՞ր է լինելու պատերազմի դեպքում, թե՞ ֆեյսբուքյան ակտիվիստների։ Իսկ երկրորդ վտանգավոր հայտարարության մեջ վարչապետն ասաց՝ եթե Հրապարակում լիներ, ապա ավելի հեշտ հարցեր կլուծեր, քան վարչապետի կաբինետից։ Այդ ի՞նչ հարցեր է ուզում լուծել, որ վարչապետի կարգավիճակը նրան չի բավարարում, նորից փողոցո՞վ է ուզում հարցերը լուծել»,- ասաց Աշոտյանը։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ պետական պաշտոնյային չսազական էր մայիսի 8-ին մեկնարկող եռատոնին խոսել այդ բառապաշարով. «Դեմքի այդ ծամածռություններով, այդ հեգնանքով և անարգանքով խոսել այն մարդկանց մասին, որոնք մասնակցել են մայիսյան հաղթանակներին, որոնց շնորհիվ Արցախի Հանրապետությունը կայացավ, և Հայաստանը վերահաստատեց պետականությունը, և վերջապես, որոնց շնորհիվ Նիկոլ Փաշինյանը այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ ուղղակի չսազական է»,- ասաց Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանը մնացել է հայկական Game of Thrones-ի առաջին սեզոնի տակ, չի հասկանում, որ նա պետք է հիմա նկարահանվի երկրորդ, երրորդ, չորրորդ սեզոնում: Ես ականատես եղա քաղաքական մի մարաթոնի, որի ընթացքում մանիպուլյացիան, կեղծիքը, կիսատ-պռատ տեղեկությունը, հրամցնելու վարպետությունը շաղախված էր անթաքույց մաղձով հանրապետականների հանդեպ»,- նշեց Աշոտյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ