08 05 2019

Վարչապետը սպառնաց գործադիրում առաջացող թևերը կտրել



Արդյո՞ք կան ուժեր, որոնք թույլ չեն տալիս, որ ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված են) Դավիթ Սանասարյանի գործը նորմալ ընթանա, և որքանո՞վ են ճիշտ այն տեղեկությունները, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, որոնք փորձում են խոչընդոտ ստեղծել գործին։ Մամուլի ասուլիսին այս հարցին վարչապետը հարցով պատասխանեց․ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է լինել ՀՀ վարչապետ, և այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր։ ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, կառավարությունը միասնական մարմին է, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է պետական կառավարման օրենքն ու տրամաբանությունը։ Բացառվում է, որ ես թույլ տամ երկրում անկառավարելիություններ, քաոսներ, վակխանալիաներ, պալատական ինտրիգներ, և կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի, սաղմնային մակարդակում կչորանան, ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»։

Վարչապետը բացատրեց նաև՝ ինչ է սուպերվարչապետական համակարգը, և ով է սուպերվարչապետը։

«Սուպերվարչապետական համակարգը միայն օրենքը և օրինական լծակները չեն, սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինի գործը՝ քեզ, ես էստեղ 50 տոկոս եմ փայ, էստեղ մյուսն ա փայ, էստեղ պետք է գյուղապետ ընտրվի էսինչը, էս մեկի նկատմամբ գործ հարուցեք, էս մեկի նկատմամբ՝ կարճեք, դատավորները թող ինձ հետ դատավճիռները համաձայնեցնեն, նոր կայացնեն։

Բաղրամյան 26-ին ինչո՞ւ ենք վերադարձրել նախագահին, ինչո՞ւ են Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դռները բաց, ինչի՞ ենք քվոտաներ առաջարկում ՀԾԿՀ-ում և ՏՄՊՊՀ-ում։ Սուպերվարչապետական համակարգը, որ ես քննադատել եմ, առաջին հերթին դա եմ նկատի ունեցել։ Դուք տեսնո՞ւմ եք սուպերվարչապետ, որը գնում է դատարանում հանդես գալիս վկայի կարգավիճակով։ Կարող էի՞ չգնալ, իհարկե, կարող էի, ոմանք ասում էին՝ դա շոու է, դա շոու չէ, դա քաղաքական կամքի ցուցադրում է։ Կարող եմ չանել ասուլիս, չէ՞, սա էլ կարող են ասել՝ շոու է, ձևի համար է, դա բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ ՀՀ-ում սուպերվարչապետական համակարգն այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ սուպերվարչապետական է այն համակարգը, երբ խումբը կամ մարդը իշխանությունը պահում է, և չի ցանկանում այն ոչ մեկին տալ, իսկ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և մեկ տարվա գործունեության ամենակարևոր արդյունքը հենց դա է, որ «ՀՀ-ում չկա սուպերվարչապետ»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ