«Ես սահմանադրական նախորդ փոփոխությունների հեղինակներից մեկն եմ եղել, չեմ կարող այդ զգացողությունը բացատրել, բայց մի փոքր այլ է, քան եթե կողքից նայեի: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան:
Հարցին, թե իր մեղքի բաժինն ունի նախորդ տարվա ճգնաժամի համար, երբ ԱԺ-ն երկու շաբաթ չէր կարողանում վարչապետ ընտրել, Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց: Նա նաև չհամաձայնեց դիտարկմանը, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար էր գրվել:
Գործող «ռեյտինգային» համակարգի վերաբերյալ ՍԴ նախագահը նշեց. «Երկու համակարգերն էլ ունեն թերություններ, և մեծամասնականը, և համամասնականը: Մեծամասնականի դեպքում առաջնությունը տրվում է թեկնածուին, միգուցե երկրորդ տեղ է մղվում նրա կուսակցական պատկանելիությունը, իսկ համամասնականի դեպքում առաջանում է մեծ անջրպետ ընտրվածների և ընտրողների միջև: Գործող համակարգը փորձել է այդ խնդիրը լուծել: Որ մի կողմից այդ կապը լինի, մյուս կողմից քաղաքական բաղադրիչը մեծ լինի: Սպասեք մի փոքր, մեկ ընտրությունով չի կարելի ընտրական համակարգին գնահատական տալ»:
Անդրադառանլով սահմանադրական դատարանի դատավոր առաջադրված թեկնածուներին, Թովմասյանը նշեց. «Ես որևէ կարծիք չեմ կարող ասել թեկնածուների մասին։ Բոլորը նրանք, ովքեր 40 տարեկան են, 15 տարվա մասնագիտական ստաժ ունեն, ունեն բարոյական բարձր հատկանիշներ, համապատասխանում են. սա Սահմանադրությամբ է»։
Ըստ ՍԴ նախագահի՝ Վահե Գրիգորյանի մասնագիտական որակները բավարար են Սահմանադրական դատարանի դատավոր աշխատելու համար»։
Արդյոք նա կաշխատի Վահե Գրիգորյանի հետ հարցին Հրայր Թովմասյանն արձագանքեց, որ ՍԴ անդամները կաշխատեն նրա հետ, ում կընտրի Ազգային ժողովը։
Հրայր Թովմասյանը նաև անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ ՍԴ ներկայացրած մի շարք դիմումներին: Նա ասաց, որ ամեն բան իր բնականոն ընթացքի մեջ է. «Եթե չեմ սխալվում՝ 3 դիմում էր, որից 2-ը վարույթ ընդունելը մերժվել է, իսկ 1-ն՝ ընդունվել»:
Իսկ հարցին արդյո՞ք՝ ՀՀ-ում քաղաքական բանտարկյալ կա՞, հաշվի առնելով այն, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները պնդում են, որ նա քաղբանտարկյալ է, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Ես չեմ կարող պատասխանել, իմ պաշտոնը բացառում է նման հարցերի ընդհանրապես պատասխանել»։ Թովմասյանը նաև անդրադարձավ իր և գործող իշխանությունների հետ հարաբերություններին և նշեց, որ բացարձակ դիսկոմֆորտ չի զգում ․ «Բացարձակ, բացարձակ։ Իմ պաշտոնավարման մեկ տարին էլ անցել է և այդ հարցերը, կարծում եմ, չպետք է առաջանային։ Միմյանց և՛ բարևում ենք, և՛ հումոր ենք անում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը