ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այս տարի լրանում է Արևելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Իմ ունեցած հավաստի տեղեկություններով, այդ միջոցառման շրջանակներում Ադրբեջանը ջանքեր է գործադրում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը (չշփոթել ստորագրման հետ) իրականացնելու համար:Անցյալ շաբաթ այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները մտնում են եզրափակիչ փուլ, հայտարարել էին ԵՄ Արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Մոգերինին և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Հաննը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տվյալ համաձայնագրում ԵՄ-ից կորզել մաքսիմալ բարենպաստ ձևակերպումներ, առաջարկում եմ ՀՀ ԱԳՆ-ից ստանալ հետևյալ հարցերի պարզաբանումները:
1. Արդյո՞ք Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին:
2. Արդյո՞ք այդ համաձայնագրում Արցախին վերաբերող ձևակերպումները բավարարում են Հայաստանին և համադրելի են ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրված դրույթների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը