06 03 2019

ԼՂ բանակցությունների արդյունավետ ձևաչափ է անհրաժեշտ․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ բանակցությունների արդյունավետ ձևաչափ է անհրաժեշտ․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության ժամի ընթացքում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին։ 

Նա նշեց․ «Կան գնահատականներ, որ ՀՀ-ն խստացնում է բանակցային գործընթացի հանդեպ իր դիրքորոշումը, սակայն կառավարության դիրքորոշումը չի փոխվել, քանի որ մենք ի սկզբանե ասում էինք, որ առկա իրավիճակին համարժեք կլինենք»։

Վարչապետը հիշեցրեց՝ նախկինում հայտարարել է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ «Այդ հայտարարությունը հեշտ չէր, եւ արվել էր նորմալ բանակցային մթնոլորտ ստեղծելու համար։ Հայաստանն արել է առաջին քայլը՝ ակնկալելով նման հայտարարություն Ադրբեջանի կողմից։ Ցավոք, նման հայտարարություն չեղավ։ Հակառակը, Ադրբեջանում հայտարարում են հակամարտությունը ուժի գործադրմամբ լուծելու հնարավորության եւ պատրաստակամության մասին։ Այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները չեն մտածում լուծման հնարավորության եւ այն տարբերակի մասին, որը կարող է ընդունելի լինել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների կողմից։ Մենք գոյություն ունեցող իրավիճակին համարժեք ենք։ Դա մեր դիրքորոշումն է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բանակցությունների արդյունավետության համար անհրաժեշտ է բանակցային արդյունավետ ձևաչափ, որը ընդունվել է միջազգային հանրության կողմից դեռեւս 1994 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր բանակցային գործընթացի կողմ։

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ ձեւաչափը լիարժեք աշխատի, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծեց Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ