08 02 2019

4 որոշում՝ պարգևավճարների հարցով

4 որոշում՝ պարգևավճարների հարցով

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ են քննարկել և ինչ որոշումներ են կայացրել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի և խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում։

«Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության հրավերով ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մոտ 5 ժամ քննարկեցինք պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը:

Ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել պարգևավճարների հարցում: 

1. Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: (Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն): Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար: 

2. 2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: 

3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ: 

4. Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը:

Հ.Գ. վերջին 10 տարում պարգևավճարների տրամադրման հարցում այսքան փոփոխություն չի եղել, որքան վերջին երեք շաբաթում եղավ»,- գրել է ԱԺ փոխխոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ