23 10 2018

«Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը». Արմեն Գևորգյան

«Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը». Արմեն Գևորգյան

Լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ընտանիքի անդամներին Հայաստանից հանել է՝ իբր օֆշորային սկանդալի հետ կապված։

168.am-ին հաջողվել է կապ հաստատել Արմեն Գևորգյանի հետ, ով կտրականապես հերքել է այդ լուրերը՝ դրանք համարելով ուղղորդված ապատեղեկատվություն.

«Կոնկրետ լրատվամիջոցի կողմից իմ հասցեին որոշակի պարբերականությամբ կեղծ տեղեկատվություն է տարածվում, ընդ որում՝ իրականությունը ճշտելու առանց որևէ փորձի։

Իրականությունն այն է, որ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը, մշտական բնակության տեղափոխվել այլ երկիր։ Նույնը, բնականաբար, չեմ պատրաստվում անել ես։

Ես քիչ ծառայություններ չեմ մատուցել իմ երկրին, քիչ ավանդ չունեմ մեր երկրի հաջողություններում, որ որոշ ժամանակավոր ու արհեստական անախորժությունների դեպքում մտածեմ այն լքելու մասին։

Չգիտեմ՝ ում և ինչու է պետք ինձ թիրախավորելը (թեպետ ունեմ իմ ենթադրությունները), սակայն ամեն ինչ ունի իր սահմանները։ Արդեն խախտվում են բոլոր բարոյական նորմերը, և կեղծիք ու զրպարտություն սկսել են տարածել նաև իմ մերձավորների վերաբերյալ։ Այլ տեղեկություններին, եթե դրանք կրեն լուրջ և հիմնավորված բնույթ, անհրաժեշտության դեպքում այսուհետ կարձագանքեն իմ փաստաբանները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ