Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը չտվեց բավարարող պատասխան, թե ինչու է անհրաժեշտ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը։ Սեփական համակիրներին մատուցվեց «շուտ լուծենք էս հարցը, որ երկիրը սկսենք կառուցել» մոտիվացիան», ինչը միգուցե բավարարեց բորբոքված հանրահավաքին, իսկ շուտափույթ արտահերթ ընտրություններին հասնելու համար Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հաղթահարել բավականին լուրջ ռիսկային գոտի, եւ ԱԺ-ի հետ հակամարտությունում հաղթելու նրա շանսերը 100% չէին։ Մի կողմ թողնենք բավականին լուրջ հիմնավորումները, թե կար ռեյտինգի անկման սպառնալիք, թե ցուրտ ու սոված ձմեռվանից հետո դժվար կլիներ հաղթել ընտրություններում, եւ ուշադրություն դարձնենք կոնկրետ ժամկետին՝ դեկտեմբերի սկիզբ։ Այսինքն, անգամ հնարավորություն չի թողնվում մեկ-երկու լրացուցիչ շաբաթվա, որ գոնե մի նորմալ ընտրական օրենք ընդունվի, այն դեպքում երբ նախկին ընտրությունների ողջ մեղքը բարդվում էր օրենսգրքի վրա։ Այս մասին գրում է Աղասի Ենոքյանը Aravot.am-ում։
Տպավորությունն այնպիսին է, որ կան ե’ւ ժամկետային, ե’ւ բովանդակային տեսանկյունից խրթին ու համալիր փոխհամաձայնություններ, որոնք փոխելը կամ հետաձգելը Նիկոլ Փաշինյանի ուժերի վեր է, քանի որ դրանք կայացել են Հայաստանից դուրս։ Չխորանալով աշխարհաքաղաքական բարդ համատեքստում, որոնք ստիպել են կայացնել այդ փոխհամաձայնությունները, իհարկե, պետք է հասկանալ, որ արագացված օրակարգը վերաբերում է ղարաբաղյան խնդրի վերբերյալ նոր որոշման կայացմանը։
Իր իշխանության շուրջ վեց ամիսների ընթացքում առերես կարծես թե Հայաստանի նոր կառավարությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններով չի զբաղվել։ Նիկոլ Փաշինյանը հռչակել է լուծման իր տեսլականը, Նյու Յորքում հպանցիկ հանդիպել են համանախագահները, իսկ Դուշանբեում Փաշինյանն ու Ալիեւը հայտնվել են նույն վերելակում։ Թերեւս երկու երկրների շփումների մասին կարելի է նշել միայն այսքանը։ Մինչդեռ այս ընթացքում աննախադեպ արագությամբ զարգանում են շփումները միջնորդ երկրների հետ։ Ռուսաստանն առաջ քաշեց այսպես կոչված Շոյգուի պլանը, որը նախորդից՝ Լավրովի պլանից, ունի չնչին տարբերություն, եւ այն հիմնականում անվան փոփոխության մեջ է։ Պլանը Ռուսաստանի պաշտպանության նախարարի անվամբ կոչելը նախ նշանակում է ռազմական շեշտադրության ուժեղացումը, բայց ամենակարեւորը՝ այն այլեւս Լավրովի պլան չէ, որը մերժվեց Հայաստանի քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ռուսաստանի հետ Հայաստանի ղեկավարության շփումները աննախընթաց թափ են հավաքել։
Նիկոլ Փաշինյանը շփվում է Պուտինի հետ համարյա ամսեկան ռիթմով, Ռուսաստանը այնպիսի ճնշումներ է գործադրում, որին նախկինում երբեք չէր դիմի՝ Սիրիա զորք ուղարկելը, Լավրովի հայհոյանքը ԱԳՆ ոչ պրոֆեսիոնալներին, ՀԱՊԿ ղեկավարությունը Հայաստանի ձեռքից խլելը, եւ այլն։ Ֆրանսիայի ղեկավար Մակրոնի հետ այս կարճ ընթացքում Նիկոլ Փաշինյանը նույնպես ունեցել է ե’ւ նախապես պլանավորված, ե’ւ չպլանավորված բազմաթիվ հանդիպումներ։ Ճիշտ է, ԱՄՆ նախագահը դեռեւս չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, սակայն ամերիկյան բարձրաստիճան դիվանագետները աննախընթաց ինտենսիվությամբ այցելում են Երեւան, իսկ հրաժեշտի խոսքում ԱՄՆ դեսպանը նշեց խնդրի լուծման իրենց մոտեցումը, նշելով, որ դրան խանգարում է հանրային կարծիքը։
Համանախագահ երկրները այնքան են ցանկանում շուտափույթ լուծում, որ Ալիեւ-Փաշինյան վերելակային խոսակցությանը փորձում են տալ լուրջ բանակցային նշանակություն։ Աշխարհի հզորները այս բուռն աշխատանքը Հայաստանի հետ հուշում է, որ արդեն կա կոնկրետ պլանավորում եւ կոնկրետ ժամկետ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Aravot.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը