21 09 2018

Կան «բզբզողներ», ուզում են պղտոր ջրի մեջ ձուկ բռնել․ Գագիկ Ծառուկյան

Կան «բզբզողներ», ուզում են պղտոր ջրի մեջ ձուկ բռնել․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հյուսիսային պողոտայում կուսակցության եզրափակիչ քարոզարշավին ելույթ ունենալով, հայտնեց՝ չի կարելի երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի:

«Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ես առաջին օրը մասնակցեցի Նուբարաշենում՝ երկու խոսք ասացի, որ քարոզարշավի ժամանակ լինեն շատ կոռեկտ և երևանցիներին ներկայացնեն իրենց ծրագրերը, խնդիրներն ու պրոբլեմները: Առանց որևէ մեկի վրա ցեխ շպրտելու, ոչ թե մեկը մյուսին վիրավորի, այլ կարողանա ներկայացնի իր անելիքները: Բայց տեսանք, որ քարոզարշավը տարան «Բարգավաճ Հայաստանի» դեմ, մեր թիմի վրա ցեխ շպրտելով։ Պարզ է, մենք ցանկացածին կարանք տանք պատասխան, մենք պատասխանը տվել ենք՝ փաստացի, դոկումենտալ: Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել, մենք ամեն ինչ տեսել ենք, պրակտիկորեն, ոչ թե թեորեապես։ Չի կարելի այսօր մեր երևանցիներին բաժանել մասերի՝ խմբերի»,– նշեց ԲՀԿ առաջնորդը՝ ընդգծելով, որ մասնատելու դեպքում կորցնում են ամբողջը:

«Էսօր ոչ մեկի հետ խոսել չի լինում, ոչ մեկի աչքերի մեջ փայլ չկա, նեղված են, հիասթափված են, կոտրված, չգիտեն՝ ինչ անեն: Հեղափոխություն եղավ, սպասում էին, որ վաղը լավը բան լինի, ես ուզում եմ՝ այդ ժպիտը վերականգնեմ: Կան խանգարողներ, «բզբզողներ», ուզում են պղտոր ջրի մեջ ձուկ բռնել: Ինձ ճիշտ հասկացեք՝ Ծառուկյանը կայուն մարդ է, Ծառուկյանը պաշտոնի համար գլուխ չի ջարդում: Ես չեմ ասում, ձեր ցավը տանեմ, պաշտոնի համար քո ձայնը տուր ինձ, ոչ, ես ասում եմ՝ մենք սա կարանք անենք,  ձեր ցավը տանեմ, հավատում եք, պահանջում եք, տվեք, չէ՝ էլի ձեր ցավը տանեմ։ Խոսում եք ժողովրդից, ժողովրդավարությունից, էդպես էլ պետք է լինի»,- նշեց ԲՀԿ առաջնորդը։

Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո ԲՀԿ հանրահավաքն ամփոփվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով: Ծառուկյանը և բոլոր թեկնածուները սպիտակ հագուստով էին՝ առաջինից վերջին համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ