09 09 2018

ՀՀ-ն ունի բոլոր լծակները Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալը թույլ չտալու համար. վարչապետ



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Զինուժ» հաղորդաշարին։ Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով ՀՀ-ՀԱՊԿ փոխգործակցությանը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է իր նպաստը բերել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրների անվտանգության մակարդակը բարձրացնելու առումով: Նրա խոսքով` աշխատանքը պետք է միտված լինի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը։

«Նախկինում, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ ես ասում էի, որ ՀԱՊԿ առումով մենք պետք է շատ հստակ մեր դաշնակիցների հետ և իրար առաջ պարզաբանենք փոխադարձ պարտավորությունները, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն իմանա, թե ՀԱՊԿ շրջանակներում յուրաքանչյուրն ինչ պարտականություններ և ինչ իրավունքներ ունի։ Շատերն այդ հայտարարությունները մեկնաբանում էին որպես հակահապկական, բայց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաև նրանց մոտ»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե վարչապետն ինչպես է վերաբերվում Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամ դառնալու խոսակցություններին, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանը ունի բոլոր լծակները դա թույլ չտալու համար: «Առնվազն Ղարաբաղի հարցի համապարփակ և ամբողջական, տևական, կյանքով ապացուցված կարգավորումը քանի դեռ տեղի չի ունեցել, կարծում եմ՝ Հայաստանի որևէ քաղաքացի, որևէ կառավարություն այլ կարծիք չի էլ կարող հայտնել»,-պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ներկայումս ծանոթանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի նախորդներից իրեն ժառանգված իրավիճակին։ Վարչապետը նկատեց, որ դա ծավալուն աշխատանք է, որից հետո պետք է տեղի ունենա այդ ժառանգության գնահատում։ «Պետք է որոշում կայացվի, թե ինչ հիմքի վրա է շարունակվում բանակցային գործընթացը։ Պետք է արձանագրել՝ ինչ է տեղի ունեցել բանակցային գործընթացի վերջին կետում, գնահատել արդյոք նոր կառավարության համար այդ հիմքի վրա բանակցությունների շարունակությունն ընդունելի է, թե այնուամենայնիվ բանակցությունները պետք է վերսկսվեն նոր կետից։ Կամ սրբագրումներ ու փոփոխություններ պե՞տք է արվեն։ Ընդհանուր առմամբ՝ հենց սա է այսօրվա գործընթացը։ Միջնորդները, միջնորդ երկրները ընդունում են, որ հարցն այսպիսի փուլում է գտնվում»,-ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցի կարգավորման իր տեսլականին, ապա գործադիրի ղեկավարը նկատեց, որ բազմիցս առիթ է ունեցել մի քանի առանցքային կետերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ անելու։ Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ առաջնահերթ է արձանագրել փաստը, որ ինքը՝ որպես ՀՀ վարչապետ լիազորված է բանակցել միայն Հայաստանի Հանրապետության անունից, և լիազորված չէ բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից։ «Դա այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ձևավորմանը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում, նրանք ունեն իրենց սեփական ընտրական համակարգն ու պետական ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցեն Արցախի անունից։ Բայց ուզում եմ շեշտել, որ մենք չենք հրաժարվում Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին մասնակցելուց, մենք պատրաստ ենք հնարավորինս ամենաարդյունավետ ձևով մասնակցել այդ գորընթացին»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է՝ ՀՀ-ն որևէ մտավախություն չունի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք ցանկացած սադրանքի ջախջախիչ հակահարված տալ, բայց սա չպիտի մեկնաբանվի, որ մենք հակված ենք պատերազմի: Մենք ասում ենք, որ այո, պատրաստ ենք լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ուղիները, բայց կարգավորում կարող է տեղի ունենալ, եթե տարածաշրջանում հաստատվի կարգավորման մթնոլորտ»,-շեշտել է նա: Ինչ վերաբերում է փոխզիջումների գնալու հարցին, Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Հայկական կողմն իր խաղաղասիրական դիրքորոշումը բազմիցս հայտարարել է, իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում՝ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջման»:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն տեսակետը, որ ռազմական նոր բախումը մարտահրավորներով հղի է ոչ միայն Հարավային Կովկասի, այլև մինչև իսկ Եվրոպայի համար։ «Վերջերս  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի շրջանակներում մենք հենց դա էինք քննարկում, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ կլինի Եվրոպայի համար, եթե այստեղ կրկին ռազմական բախում տեղի ունենա։ Պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ կա ըմբռնում ամբողջ առաջադեմ աշխարհում, դա կարելի է նկատել նաև Ադրբեջանում Գերմանիայի կանցլերի կատարած հայտարարություններում»,-հավելեց նա։

Պատասխանելով հարցին, թե իրեն քննադատում էին, որ ՀՀ զինված ուժերում չծառայելով ստանձնում է գերագույն հրամանատարի պաշտոնը՝ Փաշինյանն ասել է. «Դժվար և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին համախմբելու անհրաժեշտությունն ու ունակությունն է գերագույն հրամանատարի կարևոր գործառույթը, իսկ մեր ժողովուրդը, ինչպես ցույց է տվել պատմությունը, միասնական է հենց այդ դեպքում, և երբ կա նման հրամանատար, ով ի վիճակի է համախմբելու ազգային ներուժը»:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի այն դիտարկումներին, ըստ որոնց ՀՀ-ում տեղի ունեցածը մի մեծ քաղաքականության մաս է, նշեց․ «Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, տեղի է ունեցել ուղիղ եթերում և ոչ միայն բուն հեղափոխության գործընթացը առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը, այլ, ըստ էության, իմ գործունեությունը եղել է անընդհատ հրապարակային, բոլորի աչքի առաջ։ Ես ասել եմ և չեմ դադարի կրկնել՝ բացառվում է, որ որևէ մեկը բերի որևէ հիմնավորում, որևէ ապացույց, որևէ փաստ, որ որևէ արտաքին ուժ ներգրավված է եղել ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացներում և թավշյա հեղափոխության մեջ»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ դա է պատճառը, որ ՀՀ-ում տեղի ունեցածը մենք համարում ենք բացառիկ: «Ես հասկանում եմ, որ շատ երկրներում դեռ չի ստացվել պատասխանը. ի վերջո բացառի՞կ էր տեղի ունեցածը, սա ա՞յն էր, ինչը նախկինում երբեք ոչ մի տեղ չի ունեցել, թե՞ այն է, ինչ մենք տեսել ենք բազմաթիվ տեղերում և գիտենք, թե ինչպես է տեղի ունեցել: Բայց սա այն տարբերակն է, որ երբ ցանկանում են գտնել այդ հարցի պատասխանը, կարող են դա անել, որովհետև այդ հարցի պատասխանը դրված է ամենատեսանելի տեղերում, և այդ հարցերի պատասխանն անառարկելի է»:

Համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները և պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի տնտեսական առավելությունը կարո՞ղ է խախտել ռազմական բալանսը՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Կարծում եմ, որ պետությունները, երկրները ունեն շատ ուժեղ ինքնապահպանման բնազդ: Եթե թույլ տաք, կասեմ, որ այն թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նաև այդ ինքնապահպանման բնազդի մի արտահայտություն էր: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստեղծված ներկա աշխարհաքաղաքական պայմաններում մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը նոր լիցքի կարիք և անհրաժեշտություն ուներ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի անվտանգության պահպանման երաշխիքներից տնտեսությունում բարձր տեխնոլոգիաների արտադրությունը զարգացնելն է: «Մեզ անհրաժեշտ է նոր պայմաններ ստեղծել տեխնոլոգիան զարգացում և ճեղքում ապահովելու համար»,- ասաց նա՝ նկատելով, որ այստեղ պետք է ներգրավված լինի սփյուռքը:«Մենք տեխնոլոգիական ճեղքման շատ մեծ պոտենցիալ ունենք, պարզապես մեր բոլոր որոշումները, որ պետք է կայացնենք, պետք է միտված լինեն այս խնդիրների լուծմանը,- ասաց նա՝ նկատելով, որ զինված ուժերի մարտունակության բարձրացումը չի կարող կտրված լինել հասարակությունից և տնտեսությունից։ «Բանակի մարտունակության բարձրացման կարևորագույն պայմաններից մեկը ամուր և ինքնավստահ թիկունքն է, և կարծում եմ, որ այսօր արդեն կարելի է ասել, որ մեր զինված ուժերը շատ ամուր թիկունք ունեն»:

Ինչ վերաբերում է բանակում այսօր եղած ամենակարևոր խնդիրներին, ապա նա նկատեց, որ պետք է ամենաշատը կենտրոնանալ զինվորների, սպայական անձնակազմի կարիքների վրա, ամեն ինչ անել, որ զինվորն ամեն վայրկյան զգա պետության աջակցությունն իր թիկունքում:

Պատասխանելով այն հարցին, թե շատ տեսակետներ կան, որ ՀՀ-ն հեռանում է ՀԱՊԿ-ից՝ ավելի մոտենալով ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ցանկացած իրավիճակի վերլուծության հիմքը պետք է լինի տվյալ երկրի ազգային շահը, եթե այս տեսանկյունից մոտենանք հարցին, ամեն ինչ ավելի պարզ ու հասկանալի կլինի: Մեր խնդիրը մեր երկրի անվտանգության մակարդակի էականորեն բարձրացումն է, և այդ խնդիրը պետք է լուծվի ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համատեքստում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ