25 07 2018

Ադրբեջանն իր սփյուռքն է ստեղծում՝ հայկական սփյուռքի հետ մրցելու համար. Հարութ Սասունյան

Ադրբեջանն իր սփյուռքն է ստեղծում՝ հայկական սփյուռքի հետ մրցելու համար. Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր «Ադրբեջանն իր սեփական սփյուռքն է ստեղծում՝ Հայկական սփյուռքի հետ համեմատվելու համար» հոդվածում նշում է. «Տասնամյակներ շարունակ Թուրքիայի կառավարությունը չափազանցված պատկերացում է ունեցել հայկական սփյուռքի մասին և այն ներկայացրել է որպես համաշխարհային հսկայական ուժ: Վերջին տարիներին Ադրբեջանը նույն վախով է վարակվել հայկական սփյուռքի նկատմամբ: Նախագահ Ալիևը «հայկական սփյուռքը» ներկայացրել է որպես Ադրբեջանի ամենամեծ թշնամի: Հետևաբար, Ադրբեջանի ղեկավարները սկսել են հսկայական ռեսուրսներ ծախսել տարբեր երկրներում իրենց սեփական սփյուռքը ձևավորելու համար՝ որպես «հայկական հզոր լոբբիի» հակառակորդ:

Մինչ Հայաստանի կառավարությունը ծրագրեր է մշակում արտերկրից հայերի հայրենադարձության համար, Ադրբեջանը փորձում է հակառակն անել և խրախուսել ադրբեջանցիների տեղափոխումը նախկին խորհրդային երկրներ, Եվրոպա և Միացյալ Նահանգներ:

Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտարարել է, որ «համակարգող կենտրոնների ստեղծումը աշխարհի ադրբեջանցիների համար շարունակվում է և դա Ադրբեջանի նախագահի առաջնահերթություններից է: Ադրբեջանի պետությունը հսկայական ֆինանսական պայմաններ է ստեղծել դրա համար: Նախագահի հրահանգով, մենք աջակցում ենք մեր սփյուռքի կազմակերպություններին ամբողջ աշխարհում: Այս գործունեության շնորհիվ, ադրբեջանական սփյուռքը ոչ միայն պատշաճ կերպով պատասխանում է հայկական լոբբիին, այլև երբեմն հաղթում է նրանց»:

Անցյալ տարի Բաքվի պետական համալսարանի շրջանավարտ Սերգեյ Ռումյանցևը հոդված հրապարակեց OpenDemocracy.net կայքում՝ «Կեցցե ադրբեջանական սփյուռքը» վերնագրով՝ գրելով, որ «Բաքուն ամեն ինչ կանի համաշխարհային ադրբեջանական սփյուռք ստեղծելու կամ զորաշարժի ենթարկելու համար»: Ադրբեջանական սփյուռքի հիմնական նպատակը հայերին Արցախյան հակամարտության մեջ հակազդելն է: Ադրբեջանի ղեկավարությունը հայկական սփյուռքը դիտարկում է «որպես չափազանց ազդեցիկ և խիստ համախմբված», ուստի «Ադրբեջանում Իլհամ Ալիևի իշխող վարչակարգի համար սփյուռքը հանդիսանում է քաղաքական լոբբիի հոմանիշ արտասահմանում»:

Ադրբեջանցիները հայկական սփյուռքի մասին այնպիսի չափազանցված տեսակետ ունեն, որ երբ անցյալ տարի Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշեց չեղյալ համարել համառուսաստանյան ադրբեջանական համագումարի գրանցումը, «շատ (ադրբեջանցի) մեկնաբաններ շտապեցին եզրակացություններ անել հայկական դավադրությունների և խարդավանքների մասին», գրել է Ռումյանցևը: Ճշմարտությունն այն է, որ ադրբեջանական կազմակերպությունը խախտել էր ռուսական օրենքները: Հայերը ոչ մի կապ չունեին դրա փակման հետ:

Ադրբեջանի իշխանությունները այնքան էին տպավորվել հայկական սփյուռքի քաղաքական ազդեցությամբ, որ 2000-ականների սկզբին նրանք «այս նախագծում ներդրել էին մեծ թվով ֆինանսական և խորհրդանշական կապիտալ: Նրանք փորձել էին հնարավորինս արագ հնարել իրենց երևակայած սփյուռքը», ըստ Ռումյանցևի:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հեյդար Ալիևը՝ ներկայիս նախագահի հայրը, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարն էր 1970-80-ականներին: Նա կազմակերպեց բազմաթիվ ադրբեջանցի ուսանողների կրթությունը Խորհրդային Միության զանազան համալսարաններում և խրախուսեց ադրբեջանցիների տեղափոխությունը դեպի տարբեր խորհրդային հանրապետություններ...

Մինչ 2016 թ. մարտի 16-ին Ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային կոնգրեսի անցկացումը, «արտասահմանի ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն նկարահանել էր վավերագրական ֆիլմ՝ «մենք 50 միլիոնանոց ազգ ենք» վերնագրով», գրել է Ռումյանցևը: Կոմիտեն հայտարարել է, որ 10 միլիոն ադրբեջանցիներ ապրում են աշխարհի մոտ 70 երկրներում:

Ռումյանցևը համոզված է, որ արտերկրում բնակվող ադրբեջանցիները ամրակուռ խումբ չեն. զգալի տարբերություն կա ադրբեջանցի գաղթականների շրջանում. «ադրբեջանական սփյուռքի ակտիվությունը հիմնականում սահմանափակվում է ադրբեջանցի գործարարների և նրանց ընտանիքի անդամների բավականին նեղ շրջանակով»:

Ռումյանցևը պատմել է արտերկրում ադրբեջանցիների կազմակերպչական ջանքերի սկզբնավորման մասին. «2001 թ. նոյեմբերին Բաքվում Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ անցկացվեց Ադրբեջանցիների համաշխարհային հիմնադիր համագումարը: Հաջորդ տարի ստեղծվեց արտասահմանում ադրբեջանցիների հետ աշխատանքի պետական կոմիտեն, որի մշտական ղեկավար նշանակվեց Նազիմ Իբրահիմովը: Նրա առաջին ժողովը հանգեցրեց ևս մեկ մարմնի՝ «Աշխարհի ադրբեջանցիների համակարգող խորհրդի» ստեղծմանը, իհարկե համաադրբեջանական նախագահ Հեյդար Ալիևի գլխավորությամբ: Հետագայում սփյուռքի կառուցման հաջողությունը չափվում էր նրանով, թե ինչքան կազմակերպություններ գոյություն ունեն և ինչպես միավորել դրանք մեկ կառույցում»:

Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը բաղկացած է տեղական/տարածաշրջանային մարմիններից, այնուհետև ադրբեջանական կազմակերպությունները տարբեր երկրներում և, վերջապես, Համաշխարհային կոնգրեսը, որն իր հրամաններն ստանում է անմիջապես Ադրբեջանի կառավարությունից:

Նախագահ Իլհամ Ալիևը հպարտությամբ հայտարարել է Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի վերջին համաժողովի մասնակիցներին. «Եթե հինգ տարի առաջ մենք ունեինք 336 սփյուռքյան կազմակերպություն, ապա այժմ դրանց թիվը հասնում է 416-ի»: 2015 թ. չորրորդ Համաշխարհային կոնգրեսում պատվիրակները հայտարարեցին, որ գոյություն ունի նման 462 կազմակերպություն»:

Պաշտոնական լրատվամիջոցներն ադրբեջացիների մասնակցությամբ միջոցառումները ողջ աշխարհում ներկայացնում են չափազանցված ձևով, իբրև թե բազմաթիվ ադրբեջանցիներ են ընդգրկված ադրբեջանամետ գործունեության մեջ Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում՝ ի աջակցություն Իլհամ Ալիևի վարչակարգի։ Օրինակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2006 թ. այցելեց Բեռլին, քիչ թվով ադրբեջանցիներ բողոքի ցույց անցկացրեցին և հետևյալ ուղերձը հղեցին նախագահ Ալիևին. «Պարոն Նախագահ, Դուք վայելում եք ամբողջ աշխարհի ադրբեջանցիների աջակցությունը…»։

Ռումյանցևն իր հոդվածի վերջում նշում է՝ ադրբեջանական սփյուռքը չի կարող համեմատվել հայերի, հրեաների և հույների դասական սփյուռքների հետ։ Արտերկրում ադրբեջանական կազմակերպությունների մեծ մասը «գոյություն ունի միայն թղթի վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ