ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած այն տեսակետներին, որոնք վերաբերել են առավելապես արտաքին հարաբերություններին:
«Հայաստանի արտաքին քաղաքականության և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործող իշխանությունների հետ իմ հեռակա բանավեճերը ավանդույթ են դառնում; Իհարկե, աշնանային նստաշրջանում ասելիքի մեծ մասը կտեղափոխվի ԱԺ նիստերի դահլիճ: Իսկ այսօր անդրադառնամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում հնչեցրած որոշ տեսակետներին:
1. Արցախ
Ակնհայտ է դառնում, որ վարչապետը հետևողականորեն մեղմում է Ստեփանակերտում մայիսի 9-ին հնչեցրած կոշտ ձևակերպումները բանակցային ձևաչափի փոփոխության հետ կապված և գործընթացը վերադարձնում նախկինում եղած հունին՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն, կարգավորման սցենարի քննարկումից առաջ վստահության մթնոլորտի վերակագնման և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ և լիարժեք կատարման (Վիենա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) անհրաժեշտություն, Ղարաբաղի ժողովրդի որոշիչ ձայնի իրավունք կարգավորման համապատասխան փուլում:
2.Ռուսաստան
Խոցելի եմ համարում հնչած ձևակերպումը, որով հնարավոր պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա: Իհարկե, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է: Սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Իլհամ Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում:
3. ԵՄ
Բրյուսելյան այցից հնչած հիասթափությունից հետո ճիշտ հետևություններ չեն արվել: Փաստացի մեղադրելով ԵՄ-ին սեփական սկզբունքները անտեսելու մեջ և շեշտադրելով ավելին ավելիի դիմաց դրույթը՝ վարչապետը կրկին մոռացավ, որ այդ դրույթը գործում է ոչ թե ավելի հնչեղ լոզունգների, կամ ավելի էմոցիոնալ հայտարարությունների, այլ ավելի արագ բարեփոխումների, ավելի ինստիտուցիոնալ լուծումների, ավելի շոշափելի արդյունքների դեպքում: Այնինչ ներկա պահին Հայաստանը չի կատարել Համապարփակ համաձայնագրով նախատեսված գեթ մեկ գործողություն կամ բարեփոխում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը