23 02 2018

Արմեն Սարգսյանի առաջադրման համար արդեն հավաքվել է 60 ստորագրություն

Արմեն Սարգսյանի առաջադրման համար արդեն հավաքվել է 60 ստորագրություն

Փետրվարի 22-ին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է  Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հետ:

Հանդիպման մանրամասների մասին լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա՝ Արմեն Սարգսյանը, կարճ, բայց բովանդակալից ելույթ է ունեցել.

«Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր մոտեցումները ոչ միայն նախագահի պաշտոնում իր գործունեության, այլև 21-րդ դարում Հայաստանի զարգացման ուղղությունների, երկրի առջև ծանրացած մարտահրավերների, երիտասարդության առաքելության վերաբերյալ: Պետք է ասեմ, որ մի ելույթ էր, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ցանկության ու պատկերացման հետ նույնական են: Եթե մենք այս պատկերացումների շրջանակում կարողանանք քրտնաջան աշխատել, վստահ եմ՝ այդպիսի պետություն մենք ունենալու ենք»։

Աղվան Վարդանյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետության նախագահից ոչինչ կախված չէ: Նա հորդորեց կրկին կարդալ Սահմանադրությունը: Ըստ նրա՝ նման բաներ ասելը ոչ ճիշտ պատկերացման արդյունք է, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, հանրապետության նախագահը կարող է ուղերձով դիմել ԱԺ-ին և իր գործառույթները ոչ միայն ֆորմալ կատարել. իր գործառույթները բխում են Սահմանադրության ոգուց, ինչը նշանակում է, որ շատ բան կախված է պետության գլխից:

ՀՅԴ խմբակցության քարտուղարը հավելեց, որ արդեն իսկ նախագահի ՀՀԿ թեկնածուին առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքում են, ավելին՝ 60 ստորագրություն է հավաքվել: Ինչ վերաբերում է տեսակետին, թե ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահ ընտրելը հակասահմանադրական է, Աղվան Վարդանյանն ասաց.

 «Ես նեղ մասնագիտական իրավաբան չեմ, բնականաբար, ռումբ դրված չէ տեսակետ ասելու վրա: Մի իրավաբան նման տեսակետ է հայտնել, տասնյակ ոչ պակաս հեղինակավոր իրավունքի մասնագետներ այլ տեսակետ են ասել: Նորից մտել այս ամենի մեջ՝ անիմաստ զբաղմունք է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ