20 02 2018

Ինչու՞ ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդարանի անդամների հարցը՝ Ֆեդերիկա Մոգերինիին

Ինչու՞ ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ.  Եվրախորհրդարանի անդամների հարցը՝ Ֆեդերիկա Մոգերինիին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորների նախաձեռնությունը` դանիացի պատգամավոր Անդրես Պրիմդալ Վիսթիսենի գլխավորությամբ:

Նախաձեռնության անդամները գրավոր հարցում են ուղղել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին՝ բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչները և ԵՄ այլ պաշտոնյաներ երբեք չեն այցելում Արցախ, թեև դրա համար ունեն բոլոր իրավական հիմքերը:

Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը:

Ըստ գրասենյակի տարածած հաղորդագրության՝ պատգամավորները նաև հարցնում են, թե որքանով է ԵՄ գերագույն հանձնակատարը հաշվի առնում Արցախի ժողովրդի կարծիքը, քանի որ վերջինս վճռորոշ է խաղաղության գործընթացում:

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային իրավունքում որևէ հիմք չկա, Ադրբեջանը ստեղծել է, այսպես կոչված, «սև ցուցակ», որն օգտագործվում է հատկապես արևմտյան քաղաքական և հասարակական գործիչներին շանտաժի ենթարկելու և դեպի Արցախ նրանց այցելությունները կանխարգելելու նպատակով: Արցախի ժողովրդի լիակատար մեկուսացման իր քաղաքականության մեջ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները` փորձելով խոչընդոտել Արցախում միջազգային կազմակերպությունների ներգրավվածությանը, հատկապես` ժողովրդավարության, կրթության և տնտեսական զարգացման ոլորտներում:

«Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտող երկրների կողմից ընդունված միակ պաշտոնական միջնորդն է: Այնուամենայնիվ, որպես soft power, Եվրամիությունը կարող է և պետք է անի ավելին, որպեսզի նպաստի Արցախում խաղաղության գործընթացին: Խրախուսելի է, որ Եվրամիությունը մարդասիրական և կրթական ծրագրեր է իրականացնում տարածաշրջանի այլ հակամարտող գոտիներում, ինչպիսիք են Հարավային Օսիան և Աբխազիան: Բայց մենք դեռևս որևէ բացատրություն չունենք, թե ինչու ԵՄ-ն դա չի արել Արցախում կամ ականջալուր չի եղել արցախցիների ձայնին: Կարևոր է հասկանալ, թե ինչու են Եվրամիության պաշտոնյաները խուսափում Լեռնային Ղարաբաղ այցելելուց՝ չնայած այն հանգամանքին, որ դա առաջին աղբյուրից տեղեկատվություն ստանալու լավագույն տարբերակն է», – նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գերասենյակը կհետևի Եվրամիության գերագույն հանձնակատարի արձագանքին, որն ակնկալվում է առավելագույնս վեց շաբաթից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ