12  02  2018

Համանախագահները խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ

Համանախագահները խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջանային այցի և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների հիման վրա։ Հայտարարությունում համանախագահներն ընդգծում են 2017-ի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունների բարեխղճորեն իրականացման կարևորությունը։ Համանախագահները խոր մտահոգություն են հայտնում շփման գծում վերջերս տեղի ունեցած մարդկային զոհերի առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են անում հավելյալ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարը պահպանելու համար, ինչպես որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ժնևում:

Համանախագահները կողմերին կոչ են արել նաև զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից և սադրիչ գործողություններից: Համանախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը կողմերին աջակցելու հանձնառությանը հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու հարցում՝ հիմնված Հելսինկյան ակտի հիմնական սկզբունքների վրա, որը ներառում է ուժի չկիրառումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Հիշեցնենք, որ համանախագահները փետրվարի 7-ին եղել են Բաքվում, փետրվարի 9-ին՝ Երևանում, որից հետո՝ Արցախում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ